Հարսանիք էինք քննարկում, իսկ առավոտյան պատերազմ էր

  • 19:58 27.09.2025

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտը ապրում էր սովորական շաբաթօրյա եռուզեռով։ Քննարկում էինք առաջիկա հարսանիքը. կանայք խոսում էին իրենց զգեստներիի մասին, երեխաները կատակում էին պարերի և հարսնացուի ծաղկեփնջի մասին։ Բայց հաջորդ առավոտյան՝ սեպտեմբերի 27-ին, պատերազմ էր։

Այսպես է հիշում Ստեփանակերտի բնակիչ և երկու երեխաների մայր Ալենա Աբրահամյանը 44-օրյա պատերազմի առաջին ժամերը։

«Վաղ առավոտյան լսեցի դղրդյուն։ Սկզբում կարծեցի, թե ինչ-որ մեկը քարե բլոկներ է բեռնաթափում շինարարության համար։ Բայց ձայները շարունակվում էին՝ ավելի ու ավելի ուժեղանալով։ Երբ դուրս եկա բակ, տեսա սև ծուխ քաղաքի տարբեր հատվածների վրա։ Հաջորդ պայթյունը կասկած չթողեց. Ստեփանակերտը ռմբակոծվում է», – պատմում է նա։

Ըստ նրա՝ ոչ ոք չէր կարող հավատալ, որ հրթիռները դիտավորյալ կուղղեն խաղաղ բնակիչների վրա։ Մարդիկ թաքնվում էին ապաստարաններում և սպասում, որ շուտով ամեն ինչ կավարտվի։ Բայց օրերն անցնում էին, և ռմբակոծությունները շարունակվում էին։ Տղամարդիկ առաջնագծում էին։ Միայն երբեմն էին նրանք կարողանում տուն զանգահարել։

Ալենայի ամուսինը նույնպես զանգահարեց Մարտակերտից։ Նա պնդեց, որ կինն ու երեխաները, ինչպես նաև այլ կանայք, որոնք ունեն փոքր երեխաներ, տարհանվեն Հայաստան։

Հայաստանում Ալենան ապրում էր ամուսնուց և եղբորից լուրերի անընդհատ սպասելով։ Մի քանի անգամ նա ուժեղ նյարդային լարվածություն ունեցավ, բայց փորձեց պահել իրեն՝ հանուն երեխաների։ Երբ պատերազմն ավարտվեց 44 օր անց, նա և այլ ընտանիքներ վերադարձան Ստեփանակերտ։

«Մենք հավատում էինք, որ ռուս խաղաղապահները կապահովեն անվտանգությունը առնվազն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Բայց ադրբեջանցիները շարունակեցին առաջխաղացումը, սպանությունները, գյուղեր գրավեցին, և նրանց դրոշները հայտնվում էին նոր բարձունքների վրա։ Խաղաղապահները չէին միջամտում», – հիշում է Ալենան։

Նա խոստովանում է, որ շրջափակման և 2023 թվականի պատերազմի ժամանակ չէր կարող պատկերացնել, որ ամբողջ Արցախի ժողովուրդը բռնի կտեղահանվի։ Աբրահամյանների ընտանիքը լքեց Ստեփանակերտը սեպտեմբերի վերջին՝ թողնելով ամբողջ ունեցվածքը։ Այժմ նրանք ապրում են Գորիսում, վարձակալած բնակարանում։

«Մենք փորձեցինք հաստատվել Հայաստանի տարբեր քաղաքներում, բայց Գորիսում, չնայած սոցիալական դժվարություններին, ավելի հարմարավետ իրավիճակ էր։ Այստեղի մարդիկ բարի են, իսկ բարբառը գրեթե նույնն է, ինչ մերը», – նշում է կինը։

Ընտանիքը չի պլանավորում ընդմիշտ մնալ Գորիսում։ Նրանք չեն շտապում քաղաքացիություն ստանալ՝ բնակարանային վկայականներից օգտվելու համար։

«Երբեմն տան համար ինչ-որ գեղեցիկ բան եմ տեսնում և հազիվ եմ ինձ զսպում, որ չ​​գնեմ։ Միշտ մտածում եմ. երբ վերադառնամ Ստեփանակերտ, սա ինձ հետ կտանեմ։ Մեր տունը, ամենայն հավանականությամբ, թալանվել է։ Մենք բոլորս էլ ուզում ենք վերադառնալ և փորձում չկորցնել արդարության նկատմամբ հավատի վերջին փշրանքները», – ասում է Ալենա Աբրահամյանը։

Ալվարդ Գրիգորյան