–Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չեն բոլոր արցախցիներն աջակցություն ստանում։ Ինչո՞ւմն է նույն ճակատագրի արժանացած արցախցիների միջև տարբերությունը։ Մենք բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել, բռնի տեղահանվել, ամեն ինչ կորցրել ու հայտնվել դրսում,- ասում է Արցախից տեղահանված Սիրանուշը:
Նա չի կարողանում զսպել վրդովմունքն ու համակերպվել ՀՀ կառավարության կողմից տարվող խտրական վերաբերմունքի հետ։
-Մեր ընտանիքը երկու հոգուց է բաղկացած։ Ես եմ ու ամուսինս։ Երկուսս էլ 60-ին մոտ ենք։ Արցախում ես գրադարանավարուհի էի աշխատում, իսկ ամուսինս՝ զինծառայող էր։ Մենք ոչ մի աջակցությունից չենք օգտվում, որովհետև չենք ընդգրկվում խոցելի խմբերի մեջ։ Իսկ ի՞նչ է փոխվել արցախահայության կյանքում։ Ո՞վ է որոշել, որ մենք կարիքավոր չենք․ հենց այդպես են պատասխանում մեր դիմումին, որ լրացրել ենք հրատապ աջակցությունից օգտվելու համար։ Երկուսով աշխատում ենք․ ես մաքրուհի եմ վարսավիրանոցում, իսկ ամուսինս՝ պահակություն է անում։ Մեր ստացած գումարը հերիքում է միայն տան վարձին ու կոմունալ ծախսերին, այն էլ՝ ոչ միշտ։ Իսկ ինչպե՞ս պետք է գոյատևենք, դռնեդո՞ւռ ընկնենք, դրսում գումար մուրա՞նք։ Ոչ, արցախցին չի գնա այդ քայլին, թեև, ցավոք, բոլորի փոխարեն արդեն դժվարանում եմ խոսել։ Մարդիկ շատ անելանելի դրության մեջ են հայտնվել։ Ի՞նչ մեղք է գործել արցախցին, որ հայտնվելով փախստականի կարգավիճակում, չի օգտվում աջակցությունից և չի կարողանում անգամ գոյատևել։ Անընդհատ լսում ենք, որ տարբեր երկրներից գումարներ են ուղարկում արցախցիների վիճակը բարելավելու համար, ու չենք հասկանում, թե ում են ուղղվում դրանք։
Սոցիալական հարթակներից տեղեկացել ենք, որ ՀՀ կառավարությունն օրերս հաստատել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է, որ արցախցիների աջակցության ծրագրերը շարունակվելու են։ Մի՞թե չի կարելի այնպիսի որոշում ընդունել, որ այդ ծրագրերում ընդգրկվեն անխտիր բոլորը։ Ստացվում է այնպես, որ ում տանը երեխա, թոշակառու, կամ հաշմանդամ չկա, այդ ընտանիքները զրկված են աջակցությունից։ Նման ընտանիքները դադարո՞ւմ են տեղահանված լինել, կամ ապահովվա՞ծ են արդյոք բնակարաններով․․․․ Ինչ մնում է բնակապահովման ծրագրին, ապա այն փոքր ընտանիքների համար բացարձակ անիրատեսական ծրագիր է։
Ես ցանկանում եմ, որ վերջապես պատկան մարմինները հասկանան, որ արցախցին իր ցանկությամբ չի թողել Արցախը։ Նա փրկվել է ցեղասպանվելուց ու իր փրկությունը տեսել Մայր Հայաստանում։ Իհարկե, մենք գնահատում ենք այն վերաբերմունքը, որ զգացել ենք ի սկզբանե, սակայն արդար չեմ համարում, որ հիմա մնացել ենք անտեսված։ Այսօր, երբ դեռևս անտուն ենք, այդ աջակցությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։
Սիրանուշի կարգավիճակում հայտնվել են հազարավոր հուսահատված արցախցիներ։ Մարդիկ հույս չունեն, որ կկարողանան այստեղ երբևէ տուն ունենալ, իսկ վարձավճարով ապրել արդեն ի վիճակի չեն։ Նրանք օրեր են հաշվում տուն վերադառնալու և իրենց հողում ապրելու համար, որտեղ երբեք չեն զգա որևէ մեկի աջակցության կարիքը․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ