Առաջին կինը՝ 63-ամյա Սառա Մալլալին, ընտրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս՝ Անգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ։
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության նախկին գլխավոր բուժքույր Մալլալին քահանա է դարձել 2006 թվականին, իսկ 2018 թվականին նշանակվել է Լոնդոնի առաջին կին եպիսկոպոս՝ զբաղեցնելով Անգլիայի եկեղեցու երրորդ ամենաբարձր պաշտոնը։
Անգլիայի եկեղեցին գրեթե մեկ տարի մնաց առանց ավագ հոգևորականի, այն բանից հետո, երբ Ջասթին Ուելբին հրաժարական տվեց բռնության դեպքերի հետ կապված սկանդալի պատճառով։
Նա հրաժարական տվեց փաստաբան Ջոն Սմիթի մասին դատապարտող զեկույցից հետո, որը սերտորեն կապված էր Iwerne Trust քրիստոնեական կազմակերպության հետ։ Զեկույցում նշվում էր, որ Ուելբին «կարող էր և պետք է» ոստիկանությանը հաղորդեր Սմիթի կողմից տղաների և երիտասարդ տղամարդկանց նկատմամբ բռնության մասին դեռևս 2013 թվականին։
Անգլիական եկեղեցում կանայք առաջին անգամ քահանայության են ձեռնադրվել 1994 թվականին, իսկ առաջին կին եպիսկոպոսները նշանակվել են 20 տարի անց՝ 2014 թվականին։
Նոր արքեպիսկոպոսի անունը ընդունված է փոխանցել վարչապետին, որն այժմ Քեյր Սթարմերն է, ապա՝ միապետին։
Սթարմերը ողջունել է Մալլալիի նշանակումը՝ նշելով. «Քենթերբերիի արքեպիսկոպոսը կարևոր դեր կխաղա ազգի կյանքում։ Ես նրան մաղթում եմ հաջողություններ և անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն»։
Թեկուզ թագավորն է պաշտոնապես Անգլիական եկեղեցու գլուխը, Քենթերբերիի արքեպիսկոպոսը զբաղեցնում է ամենաբարձր եպիսկոպոսական պաշտոնը և Անգլիական եկեղեցու և համաշխարհային անգլիկան համայնքի գերագույն հոգևորականն է։
Խոսելով նախորդ օրը Մանչեսթերի սինագոգում տեղի ունեցած հարձակման «սարսափելի բռնության» մասին՝ Մալլալին նշել է. «Մենք ականատես ենք լինում մեր համայնքների ճեղքերից դուրս եկող ատելության»։
Նա ավելացրեց. «Մենք՝ որպես եկեղեցի, պատասխանատվություն ունենք հրեական համայնքի կողքին կանգնելու հակասեմիտիզմի բոլոր դրսևորումների դեմ։ Ատելությունն ու ցանկացած տեսակի ռասիզմը չպետք է մեզ բաժանեն»։
Մալլալին ամուսնացած է, ունի երկու երեխա և ավելի քան 35 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում՝ 1999 թվականին դառնալով Անգլիայի ամենաերիտասարդ գլխավոր բուժքույրը։