Դա մեր խնդիրն է՝ դիմադրել ու գոյատևել կամ էլ վերանալ․ այսքան տականք որտեղի՞ց

  • 15:38 04.10.2025

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկին Ավագյան, Ալիեւը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրեց ագրեսիայի եւ օկուպացիայի մեջ։ Սա այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է ագրեսոր ու օկուպանտ։ Նիկոլ Փաշինյանը համարժեք պատասխան չտվեց Ալիեւի այս թեզերին, ինչպե՞ս կարձագանքենք։

-Անկարան և դրա ժառանգ Բաքուն պետական մակարդակով մշակված կեղծիքը համառորեն, երկարաժամկետ ընթացքով ու խորքային կիրառում են՝ որպես ցեղասպանության փափուկ գործիք ու հասնում են հաջողության։ Կեղծիքի տարածման համար շատ հարմար օգտագործում են հայերին, երբ, ասենք, Գերմանիայի թուրքական համայնքի անդամ են դարձնում լիբանանահային ու համշենահային, ներգրավում դրանց ֆինանսական ծրագրերի մեջ, ապա դրանց մխրճում են հայկական երիտասարդական միջավայրեր ու այնտեղ դրանց միջոցով տանում են ամենաանտանելի քարոզը Հայոց մեծ եղեռնի, Արցախյան ազատամարտի դեմ, ցեղասպանության մեջ մեղադրելով հայերին, ընդհուպ՝ խոսելով հայության կողմից թուրքերի հանդեպ տարված ինչ-որ զտումների ու հալածանքների մասին, Արցախի ազատամարտիկին համարելով մարդասպան։

Ինչ հնարք է. ցեղասպանված հայերի ժառանգներ լիբանանահայն ու համշենահայն ընդդեմ ցեղասպանված հայության, ընդդեմ ցեղասպանությունը զսպած ազատամարտիկների։ Այդ թրքական հնարքը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է ընկալվում միջազգային հանրության մոտ։ Նման քարոզը հիպնոսացնող է ազդում ոչ միայն իր հողից պոկված ու օտարության մեջ ապրող, անտեղյակ ու ճշմարտություն չփնտրող հայ երիտասարդի վրա, այլև Հայաստանից ներս։ Այստեղ Անկարան ու Բաքուն վաղուց են գործում, միգուցե 1992-ից կամ 1999-ից, թե 2004-ից, երբ տարատեսակ ծրագրերի շրջանակում մշակում ու հղկում էին «հայ» մասնագետներին՝ հնագետներին, ազգագրագետներին, պատմաբաններին, որոնք անկասկած, գիտակցաբար տանում էին թրքական կեղծիքի արմատացում կամ առնվազն կասկածի ցեցն էին տարածում հայ երիտասարդության մոտ։

Անկարան և Բաքուն, արժևորելով իրենց մշակված կեղծիքն ու դրա նպատակն ու թիրախը, դա հնչեցնում են ամեն օր, ամեն առիթով կամ էլ շինծու առիթով, բարձր ամբիոնններից ու միջազգային հանրությանը հրամցնում են իրենց հարմար ճշմարտությունն այնքան ժամանակ, մինչև որ կգա այդ կեղծիքը հողի վրա նյութականացնելու պահը։ ՄԱԿ-ում Բաքվի առաջնորդի ելույթն այդ պահի սպառնալիքն է։ Անկարայի ու Բաքվի թուրքերը համառ ու թիրախային աշխատանքով ստեղծել են փաստացի իրավիճակ, որ ցանկացած իրենց հարմար պահի կարող են իրողություն դարձնել հայոց պետականության ավերման ու վերացման ծրագիրը։

Միջազգային հանրությունը այստեղ մեղք չունի, որ չի տարբերում կեղծիքը իրողությունից։ Այդ կեղծիքի թիրախը մենք ենք՝ մեր ֆիզիկական գոյությունը, մեր կենսատարածքը, մեր հազարամյակների ժառանգությունը, մեր ապագան։ Դա մեր խնդիրն է՝ դիմադրել ու գոյատևել կամ էլ վերանալ։ Հայությունը առնվազն հարյուր հիսուն տարի մորթվում է, խեղվում է, զրկվում է կենսատարածքից, հողից, բոլոր հնարավոր ունեցվածքներից, սակայն այսօր չի էլ դիմադրում Անկարայի և Բաքվի կողմից մշակվող ու շրջանառվող, ցեղասպանության հերթական փուլ նախապատրաստող կեղծիքին։

ՄԱԿ-ի ամբիոնից հայության և Հայաստանի հանդեպ մեղադրանքների շարան հնչեցրին, Հայաստանին մեղադրելով «ագրեսիայի ու օկուպացիայի» մեջ, հայությանը՝ իբրև բարբարոսի, որոնք իբրև ավերել են բնակավայրեր, կրոնական մշակութային հուշարձաններ, քշել են թուրքին։ Կեղծիքի այս շարանը նախ և առաջ միտված է 2020 թվականի պարտվողական պատերազմից հետո հայությանը տանելու բարոյական հյուծման, բարոյական ընկճման, կոտրելու նրա մեջ դիմադրելու կամքն ու ձգտումը։ Ու արդեն ակնհայտ է, որ այդ հարցում էլ դրանք հաջողում են, երբ ՀՀ վարչապետի ելույթն, ասես, միտում ուներ փրկելու Բաքվի առաջնորդի հնչեցրած կեղծիքը, լռությամբ դրա հետ համաձայնվելով և ընդունելով, երկիրը, հայոց պետականությանն ու հայությանը մտցնելով անարդար ու ստոր մեղադրանքների դաշտ։ Այդպես վարվում է զոհը։ Այս ընթացքը նոր չի սկիզբ առել, ու սա հայկական քաղաքական վերնախավի սխալ գործունեության հետևանքը չէ, պարզապես, սա բացարձակ արտաքին կառավարման հանգամանքներում գիտակցորեն տարված դիվանագիտական ու քաղաքական ռազմավարություն է։ 1991-1994 թվականներին ցեղասպանությունը ԼՂԻՄ-ի դեմ կասեցրած ու զսպած, թուրքի հայաջինջ պլաններին հաղթանակած հայությանը մտցրին հյուծման գործընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում։ Դրա արդյունքը նյութականացավ 2020 թվականին, ինչպես Բաքվի առաջնորդը որակեց՝ կապիտուլյացիոն պատերազմի ժամանակ, որին հետևեց Արցախի ցեղասպանությունը։

Չկար ու չկա որևէ պետական ու ազգային արժեհամակարգ կրող առաջնորդ, որը վերջին երեսուն տարիների ընթացքում փորձեր կասեցնել հայության դեմ հյուսվող ու թափ առնող կեղծիքի փաթեթների շրջանառումը, իսկ Բաքուն այդ երեք փաթեթները պատվիրեց ու ձեռք բերեց, ապա և դիվանագիտական ամենահնարավոր ուղիներով այդ փաթեթները քարոզեց։

Հակահայ քարոզն այնքան արդյունավետ էր, որ երբ անգամ Բաքվի առաջին նախագահ Այազ Մութալիբովը իր անկեղծ հարցազրույցի ժամանակ պնդում էր, թե իրենք չէին կարող ԼՂԻՄ-ի հողերը թողնել հայերին, ստիպված էին 1991 թվականին դիմել պատերազմի, դրան զուգահեռ Երևանում հայ պատմաբանը ինձ կհակադարձի, պատերազմի մեջ մեղադրելով հայերին, այն հայերին, որոնք Սումգայիթից դեպի ԼՂԻՄ մխրճվող ցեղասպանությունն էին զսպում, այն հայերին, որոնք Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադ-Գանձակից, Շահումյանից մազապուրծ փախել էին, միաբանվել ու ցեղասպան թուրքին էին զսպում Ստեփանակերտի մատույցներում, Քարին տակում, Հադրութում, Ասկերանում։ Արդյո՞ք հայ երիտասարդը տեղյակ է, որ հենց Բաքուն է 1988-1994 թվականների ագրեսորը և օկուպանտը, թե՞ թրքական ծրագրերի մեջ բարեկեցիկ կյանք իր համար ապահոված պատմաբանը կարողացել է երկմտանք մտցնել հայ երիտասարդների մոտ։

Այո,  «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի», տեսնո՞ւմ եք, Նժդեհի ժամանակներից մինչ մեր օրեր էլ թուրքը կարողանում է փնտրել ու հայթայթել հայի տականքին ու ընդդեմ հայի գործադրել այդ տականքին, ահա մեր պարտության արմատը, ահա թե ինչու արդեն դար ու կես է, թուրքին հաջողվում է մեզ մորթել, բնաջնջել ու տիրանալ մեր կենսատարածքին։

-Ալիեւը հայերին մեղադրեց նաեւ «էթնիկ զտման ու ռազմական հանցագործությունների» մեջ՝ ստելով, թե իբր 1 մլն ադրբեջանցի է էթնիկ զտման ենթարկվել։ Իրո՞ք, այդքան փախստական ունի՞ Ադրբեջանը։

-Բաքուն եւ ոչ մի փախստական չունի ոչ Հայկական ԽՍՀ-ից, ոչ ԼՂԻՄ-ից, ոչ էլ երբեմնի ազատագրված յոթ տարածքներից, ու դա հիմնավորվում է ՄԱԿ-ի փախստականի բնորոշմամբ։ ՄԱԿ-ի այդ բնորոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերը փախստականներ են։

Հայաստանից հեռացել են 160 հազար ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը խորհրդային Մոսկվայի վերահսկողությամբ ու Հայաստանի իշխանությունների աջակցությամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցվածքը և շահավետ ձևով փոխանակել են իրենց բնակարանները և տները կամ վաճառել: Սպիտակի երկրաշարժի գոտում ապրողները ստացան լրացուցիչ նյութական և ֆինանսական օգնություն՝ անգամ մեկնելուց հետո: Հայաստանից հեռացած ադրբեջանցիները հետ եկան իրենց ունեցվածքը վաճառելու և գործնականում չունեցան նյութական կորուստներ, կան բազում վկայություններ, ինչպես հարցազրույցներում, գյուղխորհուրդների արխիվներում։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Հաջորդը, որ 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ յոթ շրջաններում շուրջ 350 հազար ադրբեջանցի թուրքեր անամպ ապրում էին իրենց տներում և անգամ ակնարկ չկար տեղափոխության: Նրանց դժվար է բնորոշել փախստական, քանի որ հեռացել են այդ տարածքներից Բաքվի կողմից հայության դեմ հետևողական վարած ցեղասպանական պատերազմի հետևանքով։ Ավելին, այդ տարածքների ադրբեջանցիները հիմնականում ներգրավված են եղել հայության դեմ տարվող ագրեսիաներում: Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ի 40 հազար թուրքերին, ապա դժվար թե նրանք կարողանային վտանգել իրենց կյանքը ու մնալ շրջափակված ԼՂԻՄ-ում, երբ ողջ ԼՂԻՄ-ը, Ստեփանակերտը ռմբակոծվում էին Շուշիից, Աղդամից, Խոջալուից։ Այսպիսով, շուրջ 550 հազար ազերի-թուրքեր իրենց իսկ կազմակերպած ցեղասպանական գործողությունների արդյունքում, խթանելով հայության ազատագրական պայքարը, ստիպված էին հեռանալ Հայկական ԽՍՀ-ից, ԼՂԻՄ-ից ու յոթ շրջաններից, դրանք տեղափոխված անձիք են կամ էլ կոմբատանտներ։

Այստեղ թռուցիկ հիշեցնեմ, որ Բաքվի և Սումգայիթի ջարդերից, Գարդմանից, Գանձակից, Նախիջևանից  փախած ավելի քան 820 հազար հայ փախստականները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը և որևէ փոխհատուցում մինչ օրս չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար։

Բաքվի ցինիկ հայտարարությունները՝ իբրև 1 մլն փախստականների մասին, նույն այն երեք պատվիրած կեղծիքի փաթեթներից են։ Իսկ էթնիկ զտման ու ռազմական հանցագործությունների մեղադրանքները հայության դեմ  տեղակայում են Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Գետաշենի, Շահումյանի, Մարաղայի, Արցախի հայության ցեղասպանության փաստերին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ո՞վ է այն հայ իշխանավորը, հայ քաղաքագետը կամ պատմաբանը, հնագետն ու ազգագրագետը, որը իր հետազոտման թեմա է դարձրել նույն այդ Սումգայիթը, Բաքուն, Գանձակ-Կիրովաբադը, Գետաշենն ու Շահումյանը, խոսքը վերջերս հայտնված մեկ-երկու կիսագրագետ «ցեղասպանագիտական» հոդվածների մասին չէ։ Չկան նման իշխանավորներ, քաղաքագետներ, հնագետներ ու ազգագրագետներ, դրանք բոլորն էլ դաշտը ազատ են թողել, որ Բաքուն իր ուզած ձևով ու բովանդակությամբ «վար ու ցանք» անի։

Նժդեհի ատելությունը ազգի տականքի հանդեպ վաղուց է ինձ վարակել…

Իր ելույթում Ալիեւը նաեւ անդրադարձավ ՄԱԿ-ի բանաձեւերին՝ խեղաթյուրելով դրանց բովանդակությունը։ Ի՞նչ կասեք այս մասին։

ՄԱԿ-ի բանաձևերի խեղաթյուրված մեկնաբանումը Բաքուն կրկին հաջողել է ու մեր վայ քաղաքական գործիչներին է անգամ համոզել, թե այդ բանաձևերը Հայաստանի դեմ էին։ Ես մի անգամ չէ, որ բախվել եմ իրավիճակի, երբ ասենք ՀՀ նախագահի խորհրդականը, կամ հանրաճանաչ լրագրողը, կամ քաղաքական գործիչը ուղղակիորեն պնդում էին այն, ինչ որ պնդում էր Բաքվի առաջնորդը, թե այդ բանաձևերը անգամ Հայաստանի դեմ են։ Երբեմն հաջողել եմ այն առումով, որ համոզել եմ անգամ չծանոթանալ այդ բանաձևերի հետ ու կարծիք հայտնել։ Դուք քանի՞ թուրք կգտնեք, որ ապրիորի կփնովի թուրքին։ Ոչ մեկ։ Դուք չեք գտնի մեկ թուրքի, որ կմեղադրի մյուսին ասենք հայ մորթելու համար, եթե գտնեք, արագ կպարզեք, որ կամ թալիշ է, կամ լեզգի։ Իսկ ո՞նց է լինում, որ նույնիսկ այսքան թշնամական շրջապատում հայն էլ է դառնում թշնամի հային, այսքան տականք որտեղի՞ց։

Անկասկած է, որ Բաքուն ամեն մի փաստ, փաստաթուղթ, իրողություն գլխի վրա շրջած, զոհին ու դահիճին տեղերով փոխած ներկայացնում է միջազգային հանրությանը՝ շրջանցելու համար Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում, Մարաղայում, Նախիջևանում, ապա և ողջ Արցախում հայության ցեղասպանության փաստը։ Իր ցեղասպանական պլանների իրականացման համար Բաքուն Ստամբուլից ժառանգել է իրողությունները գլխիվայր շրջելու ու ցեղասպանվող հայությանը մեղադրանքներ դեմ տալու կարողություն, ռազմավարություն։ Ու դա էլ անում է 1988-1994 թվականների իրողությունների դեմ, դա էլ անում է Արցախի ցեղասպանությունը և ավերումը հիմնավորելու համար։ Դա է նրանց կենսունակության արմատն ու հիմքը, դա է նրանց ինքնահաստատման ու տարածաշրջանում գերակայություն ունենալու ներուժը։

Խնդրի լուծումը կրկին մեր տանն է, մեր ներսում, թե հակահայ, մեզ հյուծող ու բնաջնջող, մեր կենսատարածքը իրեն հարմարեցնող թուրքին ուզո՞ւմ ենք դիմադրել, դրա ռազմավարությունը ունե՞նք, իսկ ի՞նչ ենք անում ներքին տականքի հետ։ Ահա հարցեր, որոնց պատասխանը չունենք, ես չեմ գտնում։

-Նիկոլ Փաշինյանը, փաստերով հակադարձելով Ալիեւին, խոսեց խաղաղության մասին։ Ալիեւի ելույթն ի՞նչ փաստեց՝ Ադրբեջանը գնո՞ւմ է խաղաղության։

-Բաքվի առաջնորդի ելույթում հայատյաց, կեղծիքով ներծծված, մեղադրանքների այդ շարանը պարզապես ուղղված էր միջազգային հանրությանը՝ Հայաստանի պետականության գոյությունը կասկածի տակ դնելու նպատակով։ Դա փաթեթավորած կազուս բելլի է՝ հարմար պահին գործարկելու համար։ Իսկ ՀՀ վարչապետի ելույթը, գարդմանցին կասեր «սրտհովության համար էր», ինքն իրեն մխիթարելու ու համոզելու համար, թե խաղաղություն է։ Այսօր Անկարայի ու Բաքվի թուրքը, ներսից էլ հայի տականքը հայությանը, Հայաստանի հայությանը մղում են հյուծման մի նոր օղակի մեջ, մղում են բարոյական հյուծման դաշտ, ու նպատակը մեկն է՝ Հայաստանի ու հայության ոչնչացում, Հայոց հարցի փակում։

Ռոզա Հովհաննիսյան