Արցախցի կնոջը դեպորտ են արել Ֆրանսիայից, այնտեղ թողնելով նրա անչափահաս աղջիկներին

  • 17:31 04.10.2025

“Ահավոր վիճակում եմ, շատ ահավոր: Ես հաբեր եմ խմել, որպեսզի ի վիճակի լինեմ խոսել: Գիշերը ոստիկանները ներխուժել են իմ սենյակ եւ ձեռնաշղթաներ հագցրել: Դեպորտ, ի՞նչ սարսափելի բառ է դա: Պատկերացնո՞ւմ եք, երեխաների աչքի առաջ, գիշերը: Ոտքերս էլ են կապել եւ բերել Զվարթոց քցել ինձ ու գնացել իրենց գործերով: Ընտանիքի մայր, երկու երեխաների մայր, ով թողել է երեխաների արտասուքներն աչքերին… եկել եւ ոստիկանությունով հանել են:

Նախապատմություն

Նունեն առաջին տեղահանվածներից է: Շահումյանից: Շուշիում է ապրել, ապա, ինչպես ինքն է ասում, եղան 2020-ի պատերազմը, հետո 2023-ը: Արտագաղթել է Ֆրանսիա, Մարսել, ապա “հանձնվել” և ապաստան խնդրել հարավարևելյան Գապ համայնքում: Դեռ այն ժամանակ, երբ ինձ Մարսել ուղեկցող ոստիկանը խլել էր հեռախոսս, ես կանխազգում էի, որ ավարտն այսպիսին է լինելու,- լացակումած ձայնային մեսիջներ է ուղարկում Նունեն WhatsApp-ով եւ պատմում, թե ինչպես է Զվարթնոց հասել:

Գետնին ցելոֆան եմ մեկնել, պիջակս գցել ուսերիս եւ այդպես լուսացրել գիշերը: Ֆրանսիական SIM էր մոտս, բացի այդ ոչ մեկ չունեի, որ զանգեմ: Մի ընկերուհի է խղճացել, տարել իր տուն, լվացվել եմ եւ այլն, բայց այստեղ էլ երկար մնալ չեմ կարող, նա էլ երեխաներ ունի: Ես բաղնիքից եմ խոսում, որպեսզի չարթնացնեմ նրա երեխաներին: Ասացի, որ ոչ հյուրանոցի, ոչ էլ որեւէ կացարանի փող չունեմ: Օդանավակայանում հեռախոս էի խնդրում` բոլորը մերժում էին. “չենք կարող, անծանոթ եք”: Ֆրանսիայում ապրած 2,5 տարիներն էին մի ակնթարթում մտքովս անցնում: Շատ ծանր էր: 92 թվականի Շահումյանի գաղթին փառք էի տալիս, չգիտեմ: Ֆրանսիայի հյուրանոցային համարից մեկ ձեռք շորով հայտնվել եմ ընկերուհուս տանը եւ չգիտեմ, այստեղից ուր գնալ: Ես մեր ղարաբաղցիներից ոչ մեկին իմ խնդիրներով ծանրաբեռնել չեմ ցանկանում, որովհետեւ գիտեմ, որ դրանց համար էլ է ահավոր:

 Սա երեւի իմ անձնական ցավն է, որ պետք է լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնեմ: Մեր հայերն էլ են անտարբեր դարձել: Զվարթնոցում բոլորն անտարբեր անցնում էին, ոչ մի արձագանք, այս անտարբերությունը մեզ կործանելու է: Ֆրանսիացին էլի հասկանալի է, օտար է, մեր ցավը չի զգում, բայց մի՞թե մեր հայերն էլ են այսպես: Չգիտեմ, գուցե իմ ղարաբաղյան ակցենտի համար, կամ գուցե տեսել են, որ անօգնական եմ` խուսափել են: Ասում էին՝ հյուրանոց գնացեք, բայց ասում եմ, ես դրամ չունեմ…

 Ֆրանսիա

Ֆրանսիայում ապրելն էլ մի այլ պատմություն է: Սկզբում դրսում էինք մնացել, հենց այդպես փողոցում նստել էինք, մինչեւ մի կացարան են տարել: Շատ դժվար էր, ինչպես մեր բարբառով ենք ասում` բեղա վեր ինգյած պրինձ:

Ես պարզապես ուզում եմ իմ ձայնը լսվի: Այս պահին իմ հոգեբանական վիճակն ահավոր է: Պարզապես ահավոր: Ես կարոտ եմ մի քաղցր խոսքի, մի կազդուրող բառի, չգիտեմ: Ինքս էլ բանաստեղծություններ, արձակներ էի գրում, մանկավարժ եմ, ես հավատում եմ խոսքի զորությանը:

Կորցրել եմ հավատս առ ամեն ինչ: Երեկ ամբողջ օրն աղաչում էի Աստծուն. “Տեր, Աստուծ, մենակ խոխոցաս ինձ քցին վուչ”:

Երկու տարի, հինգ ամիս, ճիշտ այդքան եմ այնտեղ ապրել: Մի քանի օր էլ ավել: 2023թ. ապրիլի 24-ին ենք գնացել: Գետաշենը, Էրքեջ, Մանաշիդ… Չնաշխարհիկ, իմ աննման երկիրը: Ամբողջը տեսնում եմ, երբ փակում եմ աչքերս: Ես միշտ այս անունները հպարտությամբ եմ հնչեցրել: Անգամ Ղարաբաղ, ես ասում էի Շուշիում ապրում եմ, բայց ես շահումյանցի եմ: Ստիպված: Հայի կյանքն այդպես է, չէ, շուրջ բոլորն անավարտ պատմություններ:

Սկսում էինք ինտեգրվել, երեխաները սկսեցին դպրոց հաճախել, բոլորը գովում էին իմ երեխաներին, անընդհատ գովասանք, անընդհատ բարի խոսքեր: Մարսելում հանձնվել էինք, որտեղից էլ ուղղորդել էին Գապ: Սիրուն քաղաք էր, փորձում էի Շուշիին, Շահումյանին նմանեցնել, ապրել իմ հիշողություններով: Բայց ես անգամ մեկ լուսանկար չեմ տեղադրել ինտերնետում Ֆրանսիայից, ասել եմ՝ իմ ազգը սուգի մեջ է, ես գնացել եմ, հետո Արցախը հայաթափվել է:

Ու, այդպես, երեկ եկել եւ տեղաշորից ինձ հանել են, բռնի ուժով, ահավոր էր, ձեռնաշղթաներ են հագցրել, ոտքերս կապել, ատրճանակներ ունեին, զրահաբաճկոններով, սպառնացին, որ սաղավարտ կհագցնեն, բերել ցույց են տվել. մոտոցիկլետի սաղավարտի էր նման, բայց հաստ, ասացին՝ այս անցքերը աչքերի, իսկ այս մեկը շնչելու համար է, ասացին, որ ինչ-որ ճառագայթներ է արձակում, որը գլխացավ է առաջացնում, որպեսզի չկարողանաս խոսել, իսկ հարցեր ձեր Հայաստանում կտաս, Ֆրանսիայի տարածքում ոչ մի բառ: Մեկ բառ եւս, եւ այս սաղավարտը կհագնես, ասում էին նրանք:

Պարզապես մենք ունեցել ենք երկիրը լքելու թուղթ, մենք բողոքարկել ենք, ի՞նչ էր դրա անունը, մոռացել եմ, հա, փաստաբան, իբր աշխատում էր, պարզվեց, որ ոչ: Ինչեւէ, բողոքարկումն ուժի մեջ էր իբր, առանց մեր ներկայության որոշում է կայացվել, դատ արվել, մերժման թուղթ ուղարկվել: Այդպես, մեր ապաստան խնդրելու հայցը մերժվել է: Ասացին, որ երկիրը պետք է լքեք, այստեղ մնալու իրավունք դուք չունեք: Ես ինձ մայրական իրավունքից չեմ զրկել, ես նման որեւէ արաք ինձ թույլ չեմ տվել: Ամուսինս էլ ոչ խմող է, ոչ ծխող, միայն պատերազմների ժամանակ է ծխել, մեկ էլ երեկ, երբ ինձ հետ խոսում էր: Բայց դեպորտ անելն էլ պետք է մարդավարի լինի, չէ՞: Կնոջ… ես ոչ ահաբեկիչ եմ, ներողություն, ոչ մարմնավաճառ, ոչ էլ թմրավաճառ, որի պակասը Ֆրանսիան չունի:

 Զվարթնոցում

Կապանքներից ոտքիս կոշտուկ էր առաջացել: Ոստիկաններից մի բաժակ ջուր ու սառույց խնդրեցի: Ասացի, որ գնալու տեղ չունեմ: Նրանք չհարցրեցին, իսկ ի՞նչ եմ մտադիր անել, սա էլ մեր հայերը: Պարզապես ասել են “բարի գալուստ մայր հայրենիք”: Սա՞ է մեր հայրենիքը, երբ դրսում եմ անցկացնում գիշերը: Ներսը մարդաշատ էր, ես անհարմար էի զգում այնտեղ մնալ:

Նունեյի ամուսինը երեխաների հետ Ֆրանսիայում է մնացել, բայց նրան տեղեկացրել են Մարսելում, որ նրանց էլ են արտաքսելու երեքից հինգ օրերի ընթացքում:

Ասել եմ՝ ես երեխաներ ունեմ, ասել են՝ դա ձեր գործը չէ: Ինձ պատմել են, որ հայ ընտանիքի երեխաների վերցրել, իսկ ծնողներին ուրիշ բնակավայրեր են տեղափոխել Ֆրանսիայում: Իրավունքների ոտնահարում, մարդկանց հոգեբանորեն ճնշել, մի խոսքով:

Անկեծ ասած, երբ իջեցրել են ինքնաթիռից, ավելի շուտ՝ բերել գցել այստեղ բառիս բուն իմաստով, մի պահ ինձ լավ էի զգում, սփոփանքի մի զգացում կար, իմ երկրում եմ՝ մտածեցի, բայց դա խաբուսիկ զգացողություն էր, նորից ես հայտվեցի դրսում, լացելով պատմում է Նունեն:

Գիշերը լուսացրել է Զվարթնոցի ասֆալտին…. Տաքսիստներ են գնում-գալիս, մեկը կանգնել ասում է “քուր ջան, կգա՞ս մի հատ ֆռռանք”, հասկանալով նրա ակնարկը, ես սպառնացի, որ ոստիկանություն կկանչեմ:

“Ինչպես Ֆրանսիայում էի գետնին նստել, այնպես էլ Հայաստանում, ոչ մի տարբերություն, միայն պետություններն էին տարբեր: Հիմա ես ընկերուհուս տանն եմ, բայց այստեղ երկար մնալ չեմ կարող: Ոչ ընկերն է ասելու՝ արի քեզ պահեմ, ոչ էլ մեկ ուրիշը: Հիմա ամեն մեկն իր մի կտոր հացի, մի բաժակ ջրի հոգս է քաշում: Գոնե Ֆրանսիայում իմացել ենք, որ մի կտոր հաց են տալու, մենք էլ քաղաքավարի, օրենքի սահմաններում ապրում էինք: Հայաստանում դա էլ չկա:

Ես պարզապես ցանկանում եմ, որ իմ ձայնը լսելի լինի, արդարությունը վերականգնվի, իմ ամուսինն ու երեխաներն այնտեղ են: Ոչ այստեղ կա մարդկություն, ոչ այնտեղ, բայց ես ուզում եմ պարզապես իմ բալիկների մոտ լինել: Երեկ ես ինձ Զվարթնոցում օտար մարդ եմ զգացել, ամեն ինչ ավելի վատ էր թվում, քան երկու տարի առաջ: Ես այստեղ ինձ ոչ ոք էի զգում:

Մարութ Վանյան