
Ուկրաինան երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, հարձակվել է Ռուսաստանի մի քանի շրջանների տարբեր թիրախների վրա։
Հոկտեմբերի 5-ի երեկոյան սկսվելուց ի վեր հաղորդվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման կամ Ռուսաստանի տարբեր քաղաքներում օդային տարածքի փակման մասին։ Անօդաչուներ են խփվել Բելգորոդի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ղրիմի երկնքում։ Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի, Կրասնոդարի, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում։ Ստավրոպոլի երկրամասում հայտարարվել է անօդաչուների սպառնալիք, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող անօդաչուի խոցման մասին։
Հոկտեմբերի 6-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ միջոցները գիշերը ոչնչացրել են 251 թռչող սարք Ռուսաստանի Դաշնության 15 շրջաններում, Ղրիմում և Ազովի ու Սև ծովերի ջրերում։
Ռուսական Shot Telegram ալիքի տվյալներով՝ Դերժինսկում, որտեղ գտնվում է պայթուցիկ նյութերի գործարան, և Նիժնի Նովգորոդում լսվել է ավելի քան 10 պայթյուն։
Telegram-ի ալիքները, այդ թվում՝ ռուսականները, հաղորդում են Ղրիմի հարավ-արևելքում գտնվող Թեոդոսիայի վրա հարձակումների մասին: Ասում են, որ հրդեհ է բռնկվել քաղաքում գտնվող նավթամբարում: Ուկրաինական Telegram-ի «Կրիմսկիյ վետեր» («Ղրիմյան քամի») ալիքը հաղորդում է, որ Եվպատորիայի և Ույուտնոյե գյուղի միջև գտնվող ռազմական բազայում տեղակայված ռադարներից մեկը վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։
Telegram-ի ալիքները հաղորդում են, որ Կլինցի քաղաքում գտնվող ջերմաէլեկտրակայանը հրդեհվել է Կլինցի շրջանի համար հրթիռային նախազգուշացում տալուց հետո: Նրանք նաև հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ենթադրաբար նկարահանվել են տեղի բնակիչների կողմից հրդեհի պահին։
Սոցիալական ցանցերի օգտատերերը նաև հաղորդում են, որ Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքում ջեռուցումն անջատվել է, իսկ մոտակա Ստարոդուբ քաղաքում էլեկտրաէներգիան անջատվել է։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում հայտնել է, որ «էլեկտրամատակարարման զգալի վնասի» պատճառով գրեթե 40,000 տեղացի բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հաղորդվել է նաև հինգ վիրավորի մասին, այդ թվում՝ 10-ամյա երեխայի և 15-ամյա դեռահասի։
Նա նշել է, որ վերականգնողական աշխատանքները կարող են ավարտվել արդեն հոկտեմբերի 6-ին։ Սակայն, երկուշաբթի օրվա հարձակումներից հետո, դպրոցների և մանկապարտեզների աշխատանքային ժամերը կարող են փոխվել։
Հոկտեմբերի 6-ի գիշերը նահանգապետը հայտնել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են»։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքեր և տրանսպորտային միջոցներ։ Առավոտյան նահանգապետը հավելել է, որ 5,400 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։