«Մեր ձևով» շարժմանը միացել է Տարօն Աճեմօղլուն։ Թուրքիայում ծնված հայ տնտեսագետը համարվում է աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը, նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր է։
Վերջին մեկ տարում Հայաստանում փակվել է 2000–ից ավելի փոքր եւ միջին ընկերություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամներից Հայկ Ֆարմանյանը։
«Հայաստանի տնտեսությունը կարելի է որակել որպես գաղութային։ Մենք առաջարկում ենք գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերական տնտեսության, որը հիմնված կլինի նորագույն տեխնոլոգիաների վրա»,– ասել է Ֆարմանյանը։
Նա խիստ քննադատել է իշխող ուժի տնտեսական քաղաքականության մասին՝ հիշեցնելով, որ միայն շրջանառության հարկը վերջին տարիներին կրկնապատկվել է։
Մեզ շատ են հարցնում, թե որն է խաղաղության ձեր այլընտրանքը, խաղաղությունն այլընտրանք չունի, այլընտրանքը երաշխիքներով ապահոված խաղաղությունն է։ Այս մասին ասել է շարժման անդամներից Արեգա Հովսեփյանը։
«Մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն՝ արժանապատիվ դիրքավորումներ համաշխարհային քաղաքական, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում։ Մենք համոզված ենք՝ Հայաստանը կարող է դառնալ տնտեսական միջազգային նախագծերի հանգույց եւ բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց սակարկելու ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Զսպումների եւ հավասարակշռության ռազմավարության մշակումն ու ներդրումը եւ մեր համազգային համախմբումն են բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքը»,– ասել է նա։
Արեգա Հովսեփյանի խոսքով, բանակցողի փոփոխությունն այլընտրանք չունի. «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»։
Իշխող ուժն այսօր քաղաքացու քվեն է փորձում կորզել, ասում են՝ բերում ենք խաղաղություն, մինչդեռ Բաքվում են մեր գերիները, իսկ խաղաղասեր հարեւանն էլ հայերին տնային առաջադրանքներ է տալիս կատարելու։ Այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որը նույնպես միացել է շարժմանը։
«Իշխող ուժը խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը։ Մեզ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք ու ամեն ինչ կանխորոշված է, ես հաշտ չեմ հուսալքման հետ, վերականգնելու ենք իրավունքի գերակայությունը, որ ամեն մարդ զգա իրեն ազատ եւ պաշտպանված։ Վերականգնելու ենք այն սահմանադրական ճշմարտությունը, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ քաղաքական ուժերը ժամանակավոր են ընտրվում՝ ծառայելու ժողովրդին»,– ասաց նա։
Նշենք, որ ըստ շարժման՝ վերջին 1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր։