Ակցիա Հանրապետության հրապարակում՝ ընդդեմ Կարսի անօրինական պայմանագրի

  • 13:45 13.10.2025

Նկարիչ Կարեն Քյուփելյանը ակցիա է սկսել Հանրապետության հրապարակում՝ ընդդեմ Կարսի անօրինական պայմանագրի։ Նա իր ակցիան որակեց մշակութային պերֆորմանս՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները ռուս-թուրքական պայմանագրի շրջանակներում են գործում։ Իրական Հայաստանը, նկարչի խոսքով, այն չէ, ինչ ներկայացնում են մեզ։

Նա հիշեցրեց, որ Կարսի ու Մոսկվայի անօրինական պայմանագրերով՝ ռուս-թուրքական գործարքի հետեւանքով Հայաստանը բաժանվել է մասերի՝ ՀՀ տարածքներն օկուպացվել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից։  «Նոյեմբերի 9-ը դրա շարունակությունն է, Կարս-2 է իրենից ներկայացնում»,- ասաց նա։

Կարեն Քյուփելյանը հավելեց, որ օրը պատահական չի ընտրել՝ Կարսի պայմանագիրը ստորագրվել է հենց այս օրը՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ասաց, որ իր ակցիայի պաստառները թողնելու է Հանրապետության հրապարակում։

Կարեն Քյուփելյանը հետեւյալ գրությամբ պաստախռով է իրականացնում իր ակցիան․ «1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը՝ իրական Հայաստանի կադաստրի վկայական»։ Տեղեկատվություն է ներկայացրել նաեւ այն մասին, թե ՀՀ տարածքներից որքան է օկուպացվել Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից։