Հավատում էի, որ մենք մեր հայրենիքում ապրելու գերաշնորհն ունենք․ Մարիետտա Շահնազարյան

Մեր զրուցակիցը վաստակաշատ մանկավարժ, Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թոշակառու ուսուցչուհի Մարիետտա Շահնազարյանն է։ Արցախից տեղահանվելուց հետո նա բնակություն է հաստատել ՌԴում։

Տիկին Մարիետտան վերհիշում է  

-Հետ նայելով անցյալին՝ գտնում եմ, որ ես երջանիկ մարդ եմ: Ներողություն եմ խնդրում իմ տառապած ազգից, բայց և այնպես շնորհակալ եմ այս արհավիրքներից անկորուստ դուրս գալու և ուժ գտնելու զրոյից ամեն ինչ նորից սկսելու հավատս վերականգնելու համար:

Ծնվել և մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Կյանքը ինձ պարգևել է հոյակապ ծնողներ, քույրեր, դստրեր, թոռներ և ընկերներ: Արցախյան վաստակաշատ ուսուցիչներ Մառլեն Շահնազարյանն ու Թամարա Սարգսյանն ընտանիք են կազմել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, ուր գործուղվել էին աշխատելու տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետ տեղափոխվել են նույն շրջանի Քարագլուխ գյուղը: Հայրս որպես ութամյա դպրոցի տնօրեն, մայրս՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի:

Մանկությունս քույրերիս հետ անցել է այդ գեղատեսիլ գյուղում, որի հիասքանչ բնությունը, գյուղամիջյան փողոցները, դպրոցը դաջվել են հիշողությանս մեջ:

Սոցիալական պայմաններից ելնելով, երբ դեռ կառուցվում էր Նորագյուղը և ընդլայնվում Խրամորթը, տեղացիները սկսեցին տեղափոխվել այդ գյուղերը, և դպրոցը կանգնեց փակման խնդրի առաջ: Հայրս որոշեց մնալ գյուղում, իսկ մեզ տեղափոխեց քաղաք Ստեփանակերտ: Գյուղը փոքր քայլերով դատարկվեց: Հետագայում բազմաթիվ գյուղեր արժանացան նույն ճակատագրին:

Մայրս Արցախյան առաջին պատերազմի տարիներին անընդհատ կրկնում էր, որ հաղթանակի կհասնի այն ուժը, որին կհաջողվի պահել Քարագլխի բարձունքը: Եվ դա իրականություն էր, որն ապացուցվեց հետագայում:

Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեղի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ու կենսաբանության բաժինը: Աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցում: Այն հետագայում կրում էր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս, մեր դպրոցի սան, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի անունը:

Հպարտ եմ, որ 27 տարի աշխատել եմ այդ դպրոցում՝ իմ հարազատ մանկավարժական ընտանիքում և ունեմ բազմաթիվ աշակերտներ, որոնց մեծամասնության հետ ցայսօր կապ ունեմ: Հպարտ եմ, որ Արցախում կրթել ու դաստիարակել ենք հայրենասեր և նվիրյալ սերունդ: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ կապը միշտ պետք է ուղղված լինի մի նպատակի՝ պահպանել ազգայինը, հարստացնել այն, գնահատել անցյալը և կառուցել ապագան:

2020 թվականի 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան ծանր շրջանի մասին 

-Չարաբաստիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել։ Ամեն ինչ դեռ շատ թարմ է իմ հիշողության մեջ։ Պատերազմի ժամանակ ես ու 91-ամյա հայրս մի օր անգամ չենք բացակայել Արցախից: Կիսադատարկ էր Իվանյանը, հայրս էլ՝ ծանր հիվանդ: Մեզ բազմիցս առաջարկել էին հեռանալ Արցախից, սակայն մենք չէինք համաձայնվում: Հավատում էինք մեր հաղթանակին:

Իրարամերժ լուրեր էին պտտվում: Հայրիկիս հիվանդության պատճառով հաճախ գնում էի Իվանյանի հոսպիտալ՝ դեղորայքի և սննդի: Այդ օրերին բժիշկների և բուժքույրերի, հատկապես գյուղի բուժքույր Գալյա Ներսիսյանի օգնությունը անգնահատելի են: Եվ նորից օգտվում եմ առիթից՝ կրկին իմ խորին երախտագիտությունը հայտնելու նրանց:

2020 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարեցին ամբողջական տարհանման մասին, քանի որ թշնամին արդեն մայրաքաղաքի մատույցներում էր: Երկար էինք համոզում հայրիկիս լքել տունն ու Արցախը: Նա ամեն կերպ համառում էր և դժգոհություն հայտնում՝ ասելով որ իր տեղը կնոջ գերեզմանի մոտ է: Ես և քույրս՝ Մարգարիտան, խոստացանք, որ Երևան հասնելուն պես, կսկսենք նրա երկար տարիներ սպասված գրքի տպագրությունը: Ոգևորված այդ մտքից՝ համաձայնեց:

Իվանյանում մենք զբաղվում էինք մենատնտեսությամբ։ Այդ ժամանակ տնտեսությունից մնացել էր 9 ոչխար, քանի որ մի մասը Սարգիս Գալստյանի խնդրանքով ուղարկել էինք Շուշի՝ զինծառայողների սնունդը ապահովելու համար: Չգիտեինք նրանց հետ ինչպես վարվել: Որոշեցինք թողնել գոմի մերձակա տարածքում և խոտ ու կեր լցնելով նրանց առաջ, հեռացանք։ Հայրս լացելով հրաժեշտ տվեց կենդանիներին՝ իր սովորության համաձայն բարձրաձայն խոսելով ամեն մեկի հետ:

Ճանապարհին շատ սրտնեղած էինք։ Մեքենաների շարասյունը գաղթ էր հիշեցնում: Ամեն վայրկյան հնարավոր էր ընկնել թշնամու թիրախի տակ: Անփորձանք անցանք ծանրաբեռնված ճանապարհի հատվածները, սակայն լարվածությունից Սևանա լճի մերձակայքում վթարի ենթարկվեցինք: Մեզ փրկեց մեր հետևից ընթացող մի արցախցի տղամարդ։

Երևան հասնելու հենց առաջին գիշերն արթնացանք ավտոմեքենաների ազդանշանների շարունակական ձայներից: Մի պահ թվաց, թե հաղթել ենք: Բայց ավա՜ղ: Դա միայն թվացել էր:

44-օր շարունակ հնչող <<Հաղթելու ենք>> կարգախոսը դարձավ ամոթալի պարտություն: Մի ստորագրությամբ հանձնվել էր հայրենիքիս 75 տոկոսը:

Չնայած այդ ամենին, կասկած չունեինք, որ պետք է վերադառնանք: Շուտով սկսեցինք պատրաստվել տունդարձին: Նոյեմբերի 22-ին Քարվաճառի ճանապարհով ճանապարհվեցինք, քանի որ նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան օրը, Քարվաճառը պիտի հանձնվեր: Հմայված հեքիաթային բնությամբ և ափսոսալով վառվող տները, քանդված զորանոցներն ու դպրոցները, չէինք կարող զսպել մեր արցունքները: Փորձում էինք մտապահել բոլոր տեսարանները, Թարթառն ու Դադիվանքը: Գիտեինք՝ վերջին անգամ ենք տեսնում:

Ինչպիսի ուրախությամբ մտանք մեր տուն ու նստեցինք սառած վառարանի մոտ: Թոռնիկս՝ Օլեսյան, որ Երևան էր տարհանվել Շուշիից, մեր տանն էր: Քիչ հետո նա ասաց՝ մամ, բոլորն իրենց տուն վերադարձան, բացի մեզանից:

Հայրիկիս Իվանյանում պահելն արդեն անհնար էր: Եվ մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտի մեր բնակարանը: Մեր շենքի դիմաց Ազատամարտիկների պուրակն էր, որտեղ ամեն օր ավելանում էին 44-օրյայի հերոսների նկարներով պաստառները: Ամեն օր պատշգամբից հայրիկս նայում էր նրանց և ափսոսանքով ասում, որ ինքն այդ տարիքում վայելում էր կյանքը, իսկ այս տղաներն իրենց կյանքը զոհաբերեցին: Գոնե վերջինը լինեն…

Ես աշխատանքս շարունակում էի գյուղում․ ունեի ավարտական դասարան, պիտի կազմակերպեի <<Վերջին զանգի>> արարողությունը: Դժվար էր համակերպվելը վշտին, մանավանդ որ համայնքից զոհեր ունեինք: Այդ ժամանակ հասկացա, թե ինչու էր հայրս այդքան ծանր տանում իր սաների զոհվելու լուրերը կամ նրանց հրաժեշտ տալու արարողությունները:

Մտնում ես դասարան ու այնտեղ զոհված Արմեն Աղաջանյանի որդի Արենն է նստած։ Հեշտ չէ նայել անհայր մնացած երեխայի աչքերի մեջ։ Մյուս անկյունից թվում է՝ քեզ է նայում ժպտերես Արսենը։ Նա մեր ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոֆա Ռոբերտովնայի որդին էր: Մյուս դասարաններում Արտակը, Արմեն և Արտակ եղբայրները, Գուրգենը՝ մեր դասվար Արինա Մնացականյանի որդին, Արկադյան, ով զոհվեց իր ծննդյան օրը՝  նոյեմբերի 7-ին, Գարիկը, Կարենը։

Իմ պատկերացրած վերջին զանգն այլ երանգ ուներ՝ բոլորովին ուրիշ սցենարով: Ցանկանում էի Իվանյանի դպրոցում ունեցած դասղեկությանս երեք դասարանները հավաքել ու մեծ տոնական միջոցառում կազմակերպել: Սակայն մտահղացումս անկատար մնաց: Միջոցառումը կազմակերպեցինք համեստ, առանց ավանդական երգ ու պարի: 2021-ը աշխատանքային կենսագրությանս վերջին տարին էր: Ստեփանակերտում խնամում էի հայրիկիս և համատեղում աշխատանքս Իվանյանում:

44-օրյա պատերազմից հետո ևս երկու տարի դասավանդեցի հարազատ դարձած կրթօջախում: Դրան զուգահեռ ակտիվ մասնակցում էի ընդդիմադիրների կազմակերպած բոլոր միջոցառումներին, կիսվում էի իմ մտքերով թերթերում և սոցհարթակներում: Հավատում էի, որ մենք մեր հայրենիքում ապրելու գերաշնորհն ունենք: Չնայած թշնամու ափի մեջ էինք, բայց շարունակում էինք ապրել: Փորձում էի պահպանել լավատեսությունս և ամենուր շեշտում էի՝ դիմացեք, լօխ լյավա իննան․․․ Հետագայում ինչքա՜ն ատեցի այդ արտահայտությունը․ գաղթի ճանապարհին ծանոթներս կշտամբանքով հիշեցնում էին իմ խոսքերը։

Շրջափակում, պատերազմ, տեղահանություն

-2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը․ մեկ օր առաջ էի վերադարձել Երևանից և ամեն անգամ փառք էի տալիս Աստծուն, որ մեկ օր ավել չմնացի իմ սիրելի քաղաքում:

Օրեցօր դժվարանում էր մեր կացությունը: Բայց անկախ բոլոր դժվարություններից, մենք վայելում էինք մեր հողն ու ջուրը, երեկոյան զբոսանքները, երկար զրույցները հարևանների հետ: Եվ ավելի շատ ժամանակ էինք տրամադրում կենդանի շփմանն ու մշակութային կյանքին:

Առօրյայի անբաժան մաս էին դարձել խանութների հերթերը, որտեղ լարվածությունը հաղթահարում էինք սրամտությամբ ու կատակներով: Շրջափակման վերջին ամիսները վերածվել էին գոյության պայքարի: Հացը երազանք էր դարձել: Երեխաները կարոտով էին հիշում իրենց սիրելի քաղցրավենիքները: Մրգերից միայն խաղողն էր ու ձմերուկը: Նռան հյութը դարձել էր մեր ամենասիրելի ըմպելիքը:

Չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը իմ խնամու՝ մայոր Սամվել Սարուխանյանի մահվան տարելիցն էր: Վաղ առավոտյան Իվանյանի հոսպիտալի ավտոբուսով մեկնեցի Ստեփանակերտից․ այլ տրանսպորտի միջոց վաղուց չէր գործում: Ժամը մեկին գերեզմանոցից նկատեցինք, որ գյուղի կենտրոնական ճանապարհով ռազմական տեխնիկա է բարձրանում դեպի Նորագյուղ: Շտապեցինք տուն։ Տուն հասնելուն պես որոտացին առաջին պայթյունները, որոնք մեկ վայրկյան չդադարեցին մի ամբողջ օր: Էլի պատերազմ սկսվեց՝ հանկարծակի, անողոք:

Աշակերտները դպրոցներում էին, մարդիկ՝ աշխատանքի վայրերում։ Կապ չկարողացանք հաստատել իրար հետ, մնում էր մտնել ապաստարաններ ու սպասել: Նորակառույց դպրոցը ապաստարան չուներ, ուսուցիչները աշակերտներին տարհանեցին պահածոների գործարանի նկուղը: Ցուրտ ու անվերջանալի գիշեր, պայթյուններ և անորոշություն։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին արդեն զինադադար էր, տարահունչ լուրեր և ասեկոսեներ էին պտտվում: Ասացին, որ թշնամին Ասկերանի <<Տանկ>> հուշահամալիրի մոտակայքում է,  Ստեփանակերտի մատույցներում: Մի բան պարզ էր՝ պարտություն: Տարակուսած վերադառնում էին մեր զինվորները, կազմալուծվում էր բանակը: Ամեն ինչ խժռում էր կրակը․ այրեցինք ամեն ինչ՝ համազգեստ, շքանշաններ, գերդաստանի նկարներ, տարիների վաստակ, մի կյանք ու պատմություն:

Այդ օրերի ապրումներն աննկարագրելի են: Առաջին անգամ հայտնվեցինք անելանելի վիճակում, հուսահատված ու հիասթափված: Լուր տարածեցին, որ Հակարիի կամուրջը բաց է և պետք է հեռանալ: Պաշտոնական հայտարարություն չկար և սկսվեց համատարած խուճապը: Բոլորը շտապում էին փրկվել: Օդում լուրեր էին պտտվում, որ անցակետը բաց կմնա ընդամենը 4-5 օր: Այդ օրերին դեռ չէի հասցրել գիտակցել, թե ինչ է կատարվում: Իրականության դառնությունը զգացի, երբ հայտնվեցի օդանավակայանում, որտեղ մարդիկ փորձում էին պաշտոնական մի խոսք լսել ու պաշտպանվել: Համոզվեցի, որ սա վերջն է, և մեզ ոչ ոք չի օգնի։ Մեզ թողել են ճակատագրի քմահաճույքին՝ անզեն, անպաշտպան, մինչև ատամները զինված թշնամու ճանկերում: Կասկած չկար՝ պետք է հեռանալ, քանի դեռ կա այդ հնարավորությունը: Մենք էլ բռնեցինք գաղթի ճանապարհը:

Սեպտեմբերի 25-ին, որպես նշխար, վերցրեցի հայրիկիս ձեռագիր օրագիրը Արցախյան շարժման մասին և Արցախ-Ղարաբաղ հանրագիտարանը, որի հեղինակը քեռիս՝ Սերգեյ Թեմուրի Սարգսյանն է: Ընդամենը մի ճամպրուկով կրտսեր աղջկաս ընտանիքի հետ ճանապարհ ընկանք Իվանյանից: Երանի տվեցի ծնողներիս, որ չեն տեսնում այդ ամենը: Անտեղյակ էի, թե մյուս երկու աղջիկներս ու քույրերս ինչ վիճակում են: Փեսաս, ով զինվորական սպա էր, լուռ վարում էր մեքենան: Երկու փեսաներս սպաներ էին՝ իրենց հայրերի ու եղբայրների հետ միասին Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ: Հիմա պետք է անցնեին թշնամու սրի տակով:

21-րդ դարի գաղթ․ կրիայի արագությամբ անցնում էր  ժավտոմեքենաների, գյուղտեխնիկայի շարասյունը: Ուզում էի հավատալ, որ ժամանակավոր ենք հեռանում և պինդ պահում էի թե՛ Ստեփանակերտի բնակարանի, և թե՛ Իվանյանի տան բանալիները: Նոր Շենի մատույցներում էինք, երբ հասավ պայթյունի մասին բոթը: Ոչ մեկից լուր չունեի․ հարազատներս դեռ Ստեփանակերտում էին:

Հակարին անփորձանք անցանք: Թշնամին այնքան ոգևորված էր պայթյունի լուրից, որ ստուգումները հպանցիկ անցան: Սեպտեմբերի 26-ի առավոտյան հասանք Հայաստան: Շրջափակումից դուրս եկած փոքրիկ թոռներս քարացել էին խանութների առատությունից: Կամավորները հյուրասիրեցին քաղցրավենիքներով և յոգուրտով: Գորիսում մեզ դիմավորեց փեսայիս ընկերը և հյուրընկալեց իր տանը: Աստծո կամոք մենք բարի ու գթասիրտ մարդկանց ենք միշտ հանդիպել: Սկզբում բարեկամներիս մոտ էի բնակվում: Դուստրերս ընտանիքներով Հայաստանի տարբեր քաղաքներ էին հասել և տուն վարձակալել: Երախտագիտությամբ եմ հիշում տիկին Մարգարիտային և նրա ամուսնուն, ովքեր Վայքի հյուրանոցում երեք ամիս ապաստանել են ավագ դստերս ընտանիքին և շուրջ 40 արցախցու:

Արցախի տեղահանությունից երկու տարի է անցել։ Մարիետտա Շահնազարյանը մտաբերում է յուրաքանչյուր պահը, ուրախ և տխուր օրերը: Ամեն մի բառից ճմլվում է սիրտը։

 

-Արցախից հեռանալուց հետո իմացա, որ քույրս ամուսնու՝ Սարգիս Գալստյանի հետ կամավոր մնացել են Ստեփանակերտում: Ծանր ապրումներ ունեցա, վախենում էի նրանց համար: Գրեթե 40 տարի ճանաչելով Սարգիսին՝ ես երբեք չեմ կասկածել նրա հայրենասիրության և անբասիր լինելու մեջ: Համոզված էի, որ այդ քայլին դիմել է գիտակցաբար՝ հաստատ հիմնավորված դրդապատճառ ունենալով: Բայց դա մեկ առ մեկ բացատրել մարդկանց՝ կնշանակեր արդարանալ: Որոշեցի լռել և սպասել նրանց: Իրենց սև գործն արեցին լրագրողները, հանձինս Թաթուլ Հակոբյանի և ֆեյսբուքյան ամենաթողությանը: Ավելի հեշտ է սևացնել մարդու համբավը, քան նրան պաշտպան կանգնել: Ահաբեկված էին նրա մտերիմ ընկերները, հարազատներն ու բարեկամները:

Հայաստանում ես անհանգիստ ու անորոշ վիճակում էի: Արցախում՝ նույնիսկ ամենադժվար պահերին, զգոն և ամուր էի: Այնտեղ ես կայացած անձնավորություն էի, հանգիստ՝ իմ զավակների բարեկեցիկ կյանքի նկատմամբ: Վեց թոռներիս ապագան լրիվ տեսանելի էր ինձ համար, բայց մի քանի օրում այդ ամենը հօդս ցնդեց: Ես սովոր եմ դժվարությունները հաղթահարել: Միայնակ մեծացրել եմ երեք աղջիկներիս՝ տալով նրանց պատշաճ դաստիարակություն ու բարձրագույն կրթություն:

Ավագ դուստրս՝ Օլգան, անգլերենի մասնագետ է և աշխատում էր Իվանյանի դպրոցում։ Կրտսեր աղջկիս՝ Տաթևը, հոգեբան էր նույն դպրոցում։ Միջնեկ դուստրս՝ Թամարը, աշխատում էր ԱՀ ԿԳՄՍՆ ՆԶՊ բաժնում և Շիրակացու Ճեմարանում: Նրա ամուսինը երկար տարիներ դասախոսում էր ԱրՊՀ-ում:

Բարձրագույն կրթությամբ մասնագետները, սակայն, տեղ չգտան Մայր Հայաստանում: Մյուս կողմից էլ երկրում տիրող քաոսային վիճակն ու մասերի բաժանված հասարակությունը ստիպեցին հեռանալ Հայաստանից և հաստատվել Ռուսաստանում, որտեղ իմ եղբայրը օգնության ձեռք մեկնեց մեզ:

Փառք Աստծո, կարճ ժամանակում բոլորը սկսեցին աշխատել իրենց մասնագիտությամբ, իսկ թոռներս էլ՝ բարձր պահելով արցախցու պատիվը, ռուսական դպրոցներում լավ են սովորում՝ աչքի ընկնելով իրենց առաջադիմությամբ ու կարգապահությամբ:

Իհարկե, շատ դժվար է հայրենիքից դուրս ապրելը: Օտար միջավայրը երբեք չի կարող փոխարինել ընկերների ու բարեկամների ջերմ մթնոլորտին, հարազատ հող ու ջրին:

Հեռվից հետևում եմ Հայաստանի քաղաքական կյանքին: Նույն ըմբոստն եմ մնացել, նույն ընդդիմադիրը։ Իմ մտքերով հաճախակի եմ կիսվում սոցցանցերում, քանի որ դա իմ պայքարի միակ ձևն է: Եթե ինչ-որ կերպ կարողանում եմ վերափոխել մարդկանց մտածելակերպն արցախցու հանդեպ, թրքամետ խավի զանգվածից գոնե մեկին հասկացնել, թե ով է արցախցին ու ինչերի միջով է անցել, ապա դա հաղթանակ է ինձ համար։ Անարդար վերաբերմունքն ընդդիմադիրների նկատմամբ, հատկապես, Սարգիսի նկատմամբ, նրա ընկերների վերաբերմունքը տեսնելով, ավելի եմ հիասթափվում, քանզի արցախցիներիս լռությունը, պասսիվությունը և անտարբերությունը սեփական ճակատագրի նկատմամբ, հարիր չէ մեզ: Մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ոչ մի արցախցի չի ինտեգրվելու ադրբեջանցու հետ, Ալիևի իշխանության տակ չի ապրելու։ Պետք է հասկանալ, որ խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են արժանապատվորեն՝ թշնամուն ծնկի բերելով: Սա ժամանակավոր զինադադար է: Ինչպես հայրիկս կասեր՝ Արցախյան առաջին, երկրորդ և երրորդ պատերազմներ չկան, սա մի մեծ արցախյան պատերազմ է՝ կարճ զինադադարներով:

․․․Իսկ վերադարձ լինելու է․ ուղղակի միայն այն դեպքում, երբ թուրք չլինի իմ հայրենի Արցախում, երբ այնտեղ անվտանգության երաշխիք լինի: Իսկ դարավոր պատմությունը ցույց է տվել, որ թուրքին չպիտի հավատաս: Ատելությունը հայի հանդեպ նրա գենի մեջ է, այնինչ հայի գոյատևման գրավականը ինքնապահպանման հատկությունն է, հայրենասիրությամբ մինչև ողն ու ծուծը տոգորված գենով:

Վերադարձ լինելու է: Երանի նրանց, ովքեր կտեսնեն այդ վերադարձը: Երիցս երանի, ովքեր կմասնակցեն այդ վերադարձի իրականացմանն ու կարարեն հայկական Արցախում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ