Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են (լրացված է)

  • 12:39 20.10.2025

Գյումրիի քաղաքապետը և ևս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն:

Հակակոռուպցիոնը մասնավորապես նշում է, որ մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Այս մասին կոչով է հանդես եկել Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Եկել են ոստիկանության 6–րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, կաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։

Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»։

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պետությունըչպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա: