Անդրանիկ Քոչարյան․ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն

  • 13:46 20.10.2025

«Զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է անձամբ ԱԺ նախագահը՝ հենվելով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եզրակացության վրա»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրա պատերազմի հանգամանքներն ուղումնասիրող քննիչ հանձնաժղովի զեկույցը չհրապարակելուն։

Քոչարյանն ասաց, որ պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվութուն, կարող են ծանոթանալ այդ զեկույցին։ «Եթե գոյություն ունի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվել է ԱԺ նախագահին, ԱԺ Կանոնակարգ օրենքն ասում է, որ ԱԺ նախագահին ուղարկելուց հետո ԱԺ նախագահը մեկամսյա ժամկետում պետք է որոշում կայացնի՝ հաջորդ կանգառը որտե՞ղ կլինի։ Լիագումար նիստ՝ գրված է Կանոնակարգ օրենքում, 25 եւ 26-րդ հոդվածը կարգավորում է այդ հարցը, բայց այնտեղ կա մի կետ, որն ասում է, եւ այդպես են գուցե որոշ իրավաբաններ մեկնաբանում, որ ժամկետները խախտված են։ Բայց ժեմկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Հիմա զեկույցը գոյություն ունի, եւ այդ զեկույցը կամ պետք է գնար լիագումար նիստ, կամ եթե խախտված է, պետք է ասվեր՝ զեկույցը չկա։ Բայց քանի որ զեկույցը կա, նրա հաջորդ կանգառը պետք է լինի լիագումար նիստերի օրակարգում հայտնվելը։ Այդ խնդիրն է, որն այս պահին առկախված է, եւ զեկույցը դրված է ԱԺ գաղտնի բաժնում։ Իմ տեսանկյունից կարող եմ ասել՝ սա միջանկյալ լուծում է, բայց զեկույցը գոյություն ունի»,- հավելեց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ժամկետը խախտված է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, էդ զեկույցը մեռա՞վ»։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ իշխանությանը նախընտրական շրջանում ձեռնտու չէ զեկույցը հրապարակելը, Քոչարյանն ասաց․  «Չեղավ, քննիչ հանձնաժողովը ոնց որ թե իշխանությունն է ստեղծել, չէ՞։ իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայանցելուն, ոչ։ Հարցի հետ կապված կա իրավական վեճ, ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից որեւէ խնդիր չկա, այ թե ինչո՞ւ է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդանյանը, այդտեղ խնդիր է։ Զեկույցում ներառվել են վարչապետի 10 ժամանոց եւ բաց, եւ գաղտնի մասերը»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ զեկույցի հրապարակմանը քրեական գործեր կհաջորդեն․ «Բայց այդ զեկույցը դեռ գտնվում է առաջին բաժնում, դա էլ է խնդիր՝ զեկույցը պետք է հնարավորություն ունենա, առաջին բաժնից հետո ինքը ո՞նց է գնալու մյուս պետական կառույցներ՝ ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, արտաքին հետախուզություն։ Բոլորին առնչվող փաստեր կան այնտեղ հավաքագրված, որը շատ անհրաժեշտ է մեր երկրի համար»։

Ըստ նրա՝ զեկույցի մեջ կան կտորներ, որոնք հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը։