ԵՄ-ն նոր ձևաչա՞փ է ստեղծում

  • 23:44 20.10.2025

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

“Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո:

Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն», ասել է Միրզոյանը:

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Արևելյան գործընկերության փոխարեն ԵՄ-ն շուտափույթ ստեղծում է նոր ձևաչափ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրները, Ուկրաինան և Թուրքիան։ Նշվում է, որ ԵՄ-ն փորձում է մեծացնել իր դերը նոր տրանսպորտային նախագծերում։