Ազատություն
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Նյու Ջերսիից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին լսումներ անցկացվեցին Ղարաբաղի հարցով, ինչպես բացման խոսքում նշեց Սմիթը՝ հասկանալու, թե ինչպես կարող են պաշտպանել Ղարաբաղի բնակիչներին, ինչ կարող է անել ԱՄՆ-ի կառավարությունը:
Լսումներին հրավիրվել էին ու ելույթ ունեցան, հարցերի պատասխանեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2000 թվականի սկզբներին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգողն էր։ Լսումներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։
Լուիս Օկամպոն իր խոսքում նշեց, որ հիմա հրատապը Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելն է։ Չպետք է սպասել ցեղասպանության լիակատար իրականացմանը, պետք է անհապաղ գործել այն կանխելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն, որ ցեղասպանությունն այլևս երբեք իրականություն չդառնա, իսկապես՝ երբեք նորից, որովհետև այն նախկինում տեղի է ունեցել 1915 թվականին», – Մարդու իրավունքների հանձնաժողովում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։
«Մենք արդեն ուշացել ենք, հունվարին արդեն զգացվում էին ցեղասպանության վտանգները», – ասաց Օկամպոն՝ նշելով Լաչինի ճանապարհի փակումը էկոակտիվիստների կողմից, որոնք հեռացան միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն անցակետ տեղադրեց։
Օկամպոն առաջարկեց, որ հանձնաժողովը տեղեկատվություն ուղարկի գործադիր մարմնին, տեղեկացնի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է բանակցություններում, բայց Ալիևը ցեղասպանությունը որպես գործիք է օգտագործում բանակցությունների համար։ Պետք է դադարեցնի ցեղասպանությունը, հետո նոր բանակցություններ ընթանան, ընդգծեց նա:
Դեյվիդ Ֆիլիպսն ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան մտադրություններ ունի, գործողությունների նպատակն է ֆիզիկապես բնաջնջել մարդկանց, վերացնել հայերի մշակութային և կրոնական ներկայությունը Ղարաբաղում ու վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ կասկած չկա նրանց ցեղասպան մտադրությունների մասին, ասաց Ֆիլիպսը՝ նշելով, որ Ադրբեջանում Ալիևի ստեղծած մթնոլորտում ադրբեջանցիները կարծում են, որ հայերը կա՛մ պետք է մահանան, կա՛մ տեղահանվեն։
Ջոն Էվանսն ասաց, որ Արցախից ստացվող մեսիջները տագնապալից են, ինչպես նաև այդ խեղճ մարդկանց իրավիճակը: Ներկա պահին իրավիճակը շատ լուրջ է։
Ելույթների ընդհանուր եզրահանգումն այն էր, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է շտապ կանխվի։ Հանձնաժողովը նամակ կուղարկի գործադիր մարմնին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: