Վեց երեխաների ընտանիքի առօրյան՝ կորցրած տան կարոտի և անորոշ վաղվա օրվա միջև

Նոր ուսումնական տարվա նախաշեմին շատ ընտանիքներ զբաղված են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ ու նոր հագուստ պատրաստելով։ Վեց երեխաների մայր Գոհարի ընտանիքում այդ հոգսերին միանում է մեկ ուրիշ, ավելի ծանր հարց՝ ինչպե՞ս են դիմավորելու գալիք ուսումնական տարին և ինչպե՞ս են շարունակելու ապրել վաղը։

Գոհարի ընտանիքը կրկնակի տեղահանված է։ Նրանք նախ ստիպված են եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հեռանալ Հադրութի շրջանից, ապա՝ Ստեփանակերտից։ Երկու անգամ կորցրել են իրենց տունը, իրենց կենցաղը, իրենց ստեղծած կյանքի բնական ընթացքը։

Այսօր ընտանիքը դեռևս ապրում է վարձով։ Նոր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումները և սպասում են գործընթացի ավարտին։ Իսկ մինչ այդ առօրյան շարունակվում է՝ վեց երեխաների հոգսերով, վարձի, սննդի, կրթության և ամենօրյա անհրաժեշտությունների մշտական հաշվարկով։

Ամուսինը շինարարությունում օրավարձով աշխատանք է գտնում։ Աշխատանք լինի՝ ընտանիքի օրվա հոգսերը մի փոքր թեթևանում են, աշխատանք չլինի՝ վաղվա ծախսերը դառնում են նոր անհանգստության պատճառ։

Գոհարը խոսում է Հադրութի մասին, և նրա ձայնի մեջ կարոտ անթաքույց է։ Կարոտ՝ ոչ միայն տան, այլև այն կյանքի, որն այսօր թվում է հեռավոր ու երբեմն՝ անհավանական։ Այն ժամանակ կյանքն ավելի պարզ էր։ Երբ իրենց հողն ու անտառներն էին ընտանիքին կերակրում։ Երբ իրենց ունեցածը քիչ կամ շատ, բայց իրենցն էր։ Երբ երեխաների վաղվա օրը կապված էր ոչ թե վարձի, աշխատանքի ու անորոշության, այլ իրենց տան, իրենց հողի և իրենց համայնքի հետ։

Գոհարի կրտսեր երեխան ընդամենը 5 տարեկան է, ավագը՝ 16։

Նոր ուսումնական տարվա շեմին անհանգստությունն ավելի է զգացվում։ Վեց երեխաների կարիքները քիչ չեն։ Իսկ ընտանիքի եկամուտը կայուն չէ։

Երբեմն տեղահանությունը միայն տուն կորցնելը չէ։ Այն տարիներով ձգվող անորոշություն է, ամենօրյա պայքար է, երեխաների աչքերի մեջ նայելու և նրանց «ամեն ինչ լավ կլինի» ասելու դժվարությունն է, երբ ինքդ էլ չգիտես՝ վաղն ինչ է բերելու։

Բայց իրականության մեջ կան վեց երեխաներ, որոնք շարունակում են դպրոց գնալ, մեծանալ, երազել։ Ծնողներ, որոնք փորձում են աշխատանք գտնել ու պահել ընտանիքը։

Իսկ Գոհարի համար, գուցե, ամենամեծ ցանկությունը մեկն է՝ մի օր իր երեխաներին ասել՝ «սա մեր տունն է»։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ