Ցորենով Ալիևը մասնավոր խնդիր է լուծում ընտրություններից առաջ․ Պապյան

  • 14:16 23.10.2025

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է ներկրվելու Հայաստան։

«Դա պարզապես Ալիեւի կողմից ընտրությունների հարցում աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։ Ես վստահ եմ, որ նման քայլեր դեռ արվելու են մինչեւ 2026 թվականի ընտրությունները, որպեսզի ժողովրդի վրա տարբեր գաղափարներ վաճառեն»,- ասաց Պապյանը։

Նա նշեց, որ Ալիեւին շատ ձեռնտու է ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ «Խնդիրն այն է, թե ընտրություններից հետո Ալիեւն ինչպես է շարունակելու, որովհետեւ սա որեւէ իրավական հիմք չունի։ Սա Ալիեւի կողմից բարի կամքի դրսեւորում է։ Ես այսօր իմ արտերկրի ընկերներից մեկի հետ էի խոսում, ինքն ասում էր, որ որեւէ ձեւով չի կարելի Ադրբեջանի տարածքով ցորեն բերել Հայաստան, որովհետեւ այդ ցորենը կարող է վարակված լինել Ադրբեջանի տարծքում, ինչը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի ժողովրդի համար։ Բայց եթե դա էլ դնենք մի կողմ, ինչը չի բացառվում, հարցն այն է, որ սրանով ընդամենը մասնավոր խնդիր է լուծվում ընտրություններից առաջ, ոչ ավելի»,- ասաց Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ սա Հայաստանի ապաշրջափակում չէ, սա Ադրբեջանի պահանջի կատարում է՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու համար։ «Սա չի բերելու մյուս ճանապարհների բացմանը։ Այսինքն՝ ինչ ուզում են, թող ասեն, դա միջանցք է, այդ միջանցքի բացումը Հայաստանին ոչինչ չի տալու։ Հայաստանի համար համարժեք կլիներ, եթե գոնե Երասխ-իրանական Ջուլֆա երկաթուղին բացվեր։ Բայց դա էլ չկա եւ չի նախատեսվում։ Այդ դեպքում սա պարզապես կարելի է համարել Ադրբեջանի ցանկության, պարտադրանքի կատարում եւ իրենց հերթական հաղթանակ որակել»,- նշեց Պապյանը։

Ռոզա Հովհաննիսյան