Լուսանկարում՝ Բաքվի ակտիվիստը Շուշիի մոտ՝ մեռած աղավնիյով
Ադրբեջանից Հայաստան ուղարկված այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչները» միջազգային հանցագործներ են, քանի որ մասնակցել են Արցախի շրջափակմանը, իսկ շրջափակումը միջազգային հանցագործություն է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նշենք, որ Հայաստան էին այցելել Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչները», որոնք հանդիպել էին նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ադրբեջանական կողմից ներկա է եղել նաեւ Դիլարա Էֆենդիեւան, որը հայտնի է 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսները» արգելափակել էին Հայաստանն Արցախի հետ կապող Բերձորի միջանցքը։ Էֆենդիեւան առանցքային դերակատարություն ուներ այդ գործողություններում։
«Միայն այդ կինը չէ, բոլոր, նրանք, ովքեր եկել են Հայաստան, եվրոպական երկրներում այդ մարդիկ բանտ կգնային ատելության խոսքի համար, էլ չեմ ասում՝ իրենց գործողությունների համար»,- նշեց Արա Պապյանը։
Ըստ Պապյանի՝ այդ հանդիպումը ոչ մի արդյունք էլ չի տալու, սա պարզապես շղարշ է՝ հերթական անգամ ցույց տալու, թե ամեն ինչ լավ է։ «Այդ ամբողջը պետք է դիտարկել Ադրբեջանի քարոզչության շրջանակում։ Նրանցից որեւէ մեկը չեզոք քաղհասարակություն չէ, նրանք ադրբեջանական քարոզիչներ են, այդ թվում՝ կեղծիքի քարոզիչներ են, նաեւ միջազգային հանցագործներ են, որովհետեւ շրջափակումը միջազգային հանցագործություն է։ Այդ կինը հանցագործ է, նման մարդկանց պետք է բանտեր ուղարկել։ Իսկ եթե նրանց այցը խրախուսում եք, որ իբը թե հարաբերություններ լավացնեք, դա այդպես չէ։ Եթե բարի կամք էին ուզում դրսեւորել, թող մեր գերիերին բաց թողնեին։ Նոյմբերի 9-ի փաստաթղթով խոսք էր գնում բոլոր գերիների ու պատնադների արձակման մասին, բայց առ այսօր իրենք շոու են սարքել եւ մեր գերիներին դատում են, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ Այս ամբողջը շոու է, Հայաստանի ղեկավարությունն էլ այդ խաղի մաս է կազմում»,- նշեց նա։
Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան ուղարկված այս անձինք պատահական անձինք չեն, նաեւ լավ պատրաստված են իրենց հատուկ ծառայությունների կողմից։ «Ես մի քանիսի մասին լսել եմ, ասում են՝ նրանք հայատյաց, կեղծիք տարածող մարդիկ են, նրանց մեջ որեւէ պատահական մարդ չկա։ Այս ամբողջը պետք է, որպեսզի հենք ստեղծեն, ասեն՝ խաղաղություն է, իսկ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն այս ստորացուցիչ եւ Հայաստանի անվտանգային համակարգը քայքայող իրավիճակի հետ, ներկայացնեն որպես ռեւանշիտ»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան