Թե ինչպես մենք կապրենք հիվանդ եղբորս հետ, ոչ մեկին չի հետաքրքրում

Վերջերս մենք գրել էինք փոքր ընտանիքների մասին, որոնք հայտնվել էին ծանր վիճակում՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Այս տարվա ապրիլից նրանք չեն ստանում սոցիալական աջակցություն պետությունից և չեն կարողանում վճարել չափազանց բարձր բնակվարձերը։

Վերա Բաբայանը Հադրութից փախստական ​​է։ 44-օրյա պատերազմի արդյունքում նա՝ իր տարեց, հիվանդ մոր և եղբոր հետ միասին, բռնի տեղահանվել է։ 2024 թվականին մայրը մահացել է, և նա այժմ ապրում է եղբոր հետ։

«1993 թվականին՝ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ես ավարտեցի Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը և անմիջապես սկսեցի աշխատել պատերազմական պայմաններում։ Սկզբում աշխատել եմ որպես վիրահատարանի և վիրակապ բուժքույր ռազմական հոսպիտալում, ապա տեղափոխվել եմ Հադրութի զորամաս, որտեղ աշխատել եմ մինչև 2020 թվականը։

44-օրյա պատերազմի ժամանակ ստիպված էի լքել հայրենիքս և տեղափոխվել Հայաստան, քանի որ 95-ամյա մայրս հանգիտի և պատշաճ խնամքի կարիք ուներ, ինչը անհնար էր ապահովել պատերազմական պայմաններում։

44-օրյա պատերազմի ավարտից հետո եղբայրս եկավ մեզ մոտ։ Մեկ տարի ապրեցինք Ծաղկաձորում, ապա տեղափոխվեցինք Երևան։

2024 թվականին մայրս մահացավ՝ թողնելով ինձ և եղբորս մենակ։ Այժմ ես աշխատում եմ որպես լաբորանտ Քանաքեռի թիվ 8 հիվանդանոցում։ Մոտաքայքում էլ բնակարան ենք վարձակալում՝ ամսական վճարելով 130,000 դրամ վարձ, որը համապատասխանում է իմ ներկայիս աշխատավարձին։

Մենք ապրում ենք երրորդ կարգի հաշմանդամ եղբորս կենսաթոշակով, որը կազմում է ընդամենը 36,000 դրամ։ Նա չի կարողանում աշխատել, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, և նրան արգելվում է նույնիսկ չափավոր ֆիզիկական ակտիվությունը։

Այս տարվա ապրիլից ի վեր մենք պետությունից ֆինանսական աջակցություն չենք ստացել։ Աջակցության ծրագրի համաձայն՝ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք խոցելի չեն համարվում։ Մենք նաև չենք կարողանում օգտվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագրից։ Սոցիալական ապահովության նախարարությունը սա բացատրում է նրանով, որ մեր ընտանեկան բյուջեն իբր գերազանցում է ծրագրում սահմանված չափանիշները, իսկ այն փաստը, որ իմ ամբողջ աշխատավարձը գնում է վարձի վճարմանը, և մենք ստիպված ենք գոյատևել միայն եղբորս չնչին կենսաթոշակով՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով, ոչ մեկին չի անհանգստացնում։

Վերջերս դիմել ենք նոր անձնագիր ստանալու համար և հույս ունենք, որ մոտ ապագայում փոփոխություններ կկատարվեն արցախցիների բնակարանային ծրագրում: Ներկայիս ծրագիրը առաջարկում է ծիծաղելի գումարներ, նույնիսկ մեծ ընտանիքների համար է դժվար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքր ընտանիքների: Որտե՞ղ կարող ենք ես և եղբայրս բնակարան գտնել այդքան չնչին գումարով: Միայն սահմանամերձ շրջաններում, որտեղ մենք ապրելու մտադրություն չունենք։

Ես և եղբայրս արդեն ինտեգրվել ենք Երևանում: Այստեղ է մեր շրջապատը, ես ունեմ աշխատանք և սիրելի թիմ, որը շատ ջերմորեն է ընդունել ինձ: Յուրաքանչյուր տեղափոխություն կապված է զգալի սթրեսի հետ, և սթրեսի հետևանքները հաճախ անդառնալի են, ինչպես եղավ եղբորս դեպքում, որի սրտի վիճակը վատթարացավ սթրեսի պատճառով։

Ինչո՞ւ մեզ բոլորիս նորից տանջել: Մի՞թե չի կարելի մեզ բնակարանով ապահովել այն ​​վայրում, որտեղ արդեն սովոր ենք և ուզում ենք ապրել: Ես արցախցի փոքր ընտանիքների բնակարանային խնդրի միակ լուծումը տեսնում եմ նրանց բնակարանով ապահովելու մեջ: Հակառակ դեպքում մենք չենք կարողանա տուն գնել, և մի օր պարզապես կհայտնվենք փողոցում», – Step1.am-ի հետ զրույցում կիսվեց Վերան։

Արսեն Աղաջանյան