Հետք․ Հովհաննավանքը Էջմիածնի սեփականությունն է․ իսկ Արցախի եկեղեցիները՞

  • 16:13 26.10.2025

«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում հայտարարեց.

«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն»:

Հետք-ը պարզել է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:

ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:

Ընդհանուր առմամբ 2005-ին Կառավարությունն անհատույց ՀԱԵ-ին է օտարել Երեւանում ու 10 մարզերում գտնվող 172 վանքերի ու եկեղեցիների հողամասերը:

ՀԱԵ-ն, լինելով Հովհաննավանքի եւ մյուս վանքերի ու եկեղեցիների հողի եւ շենք-շինությունների օրինական սեփականատերը, դրանց հանդեպ ունի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ, գրում է Հետք-ը:

Պետք է նաև նկատել, որ Էջմիածնին են պատկանում նաև Արցախում գտնվող եկեղեցիները, և հենց այդ եկեղեցիների սեփականության հարցն է, ըստ երևույթին, դարձել Փաշինյանի և Կաթողիկոսի մեջ կոնֆլիկտի պատճառ։ Փաշինյանը, որը “ճանաչել է” Արցախն Ադրբեջանի մաս, չի կարող Ալիևին փոխանցել Հայ եկեղեցիների և հին հուշարձանների իրավունքը։ Նույնը վերաբերվում է Հայաստանից դուրս այլ եկեղեցիների հանդեպ իրավունքների, այդ թվում՝ Երուսաղեմում։

Այդ մասին էր Կաթողիկոսը խոսել մայիսի Շվեյցարիյում, ինչը հարուցել է Փաշինյանի զայրույթը։ Այդ մասին է Կաթողիկոսը խոսել նաև Հռոմի պապի հետ, սակայն հետո նրա մոտ է գնացել Նիկոլ Փաշինյանը և վերադարձնելով ավելի է սաստկացրել Եկեղեցու հանդեպ պայքարը։ 

Ո՞ւմ է ուզում Փաշինյանը փոխանցել եկեղեցիների հանդեպ սեփականության իրավունքը, եթե կարողանա հասնել Գարեգին Բ-ի հրաժարականին և իր սրտի տեղապահ նշանակել։