
RFI
Դատարանի առաջ կկանգնեն ութ տղամարդ և երկու կին, որոնց տարիքը 41-ից 60 տարեկան է։ Նրանք մեղադրվում են Բրիջիտ Մակրոնի հասցեին ուղղված բազմաթիվ չարամիտ հրապարակային արտահայտություններ անելու մեջ։ Այդ արտահայտությունները, մասնավորապես, վերաբերում էին նրա սեռին։ Մեղադրյալները նաև Բրիջիտ Մակրոնի և նրա ամուսնու միջև տարիքային տարբերությունը նույնացրել են «պեդոֆիլիայի» հետ։ Նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Առցանց ոտնձգությունների հետաքննությունը սկսվել է Բրիջիտ Մակրոնի կողմից 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված բողոքից հետո։ Այս գործի կապակցությամբ մի քանի ձերբակալություններ են իրականացվել։
Մեղադրյալների թվում է 51-ամյա «մեդիում» Դելֆին Ժ.-ն, որը հայտնի է Ամանդին Ռոյ կեղծանվամբ։ Նա զգալիորեն նպաստել է այն դավադրության տեսության տարածմանը, որ Բրիջիտ Մակրոնը, ենթադրաբար, ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով, որը Բրիջիտ Մակրոնի եղբոր անունն է։ Այս տեսությունը հաստատող որևէ ապացույց չկա։ Դրա անհեթեթությունն ընդգծվում է այն փաստով, որ Ժան-Միշել Տրոնյոն կենդանի է՝ 80 տարեկան հասակում։
Բրիջիտ Մակրոնի տրանսգենդեր լինելու տեսությունը հատկապես լայն տարածում է գտել Միացյալ Նահանգներում: Ֆրանսիայի նախագահական զույգը ԱՄՆ-ում դատի է տվել ծայրահեղ պահպանողական թրամփիստ բլոգեր Քենդիս Օուենսին, որը հրապարակել է «Դառնալով Բրիջիտ» վերնագրով տեսանյութերի շարք: Դրանցում Օուենսը պնդում է, որ Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ: Տեսասագան միլիոնավոր դիտումներ է ստացել։
Քենդիս Օուենսի դեմ հայցի շրջանակներում Բրիջիտ Մակրոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ենթարկվել ֆիզիոլոգիական թեստերի»՝ հաստատելու համար, որ ինքը կին է, ըստ զույգի փաստաբան Թոմ Քլերի: