
Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային արվարձաններում «Կարմիր հրամանատարություն» խմբավորման դեմ ուղղված ոստիկանական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 64 մարդ։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ Ալեմաո և Պենյա ֆավելաներում «Զսպման» գործողության ընթացքում զոհվածների թվում են չորս ոստիկաններ։ Ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Գործողությանը մասնակցում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոստիկաններ։
Երեքշաբթի առավոտյան մոտ 2500 ոստիկաններից բաղկացած ոստիկանական ուժեր մտել են ֆավելաներ, և շուտով բախումներ են սկսվել։ «Կարմիր հրամանատարությունը» (Կոմանդո Վերմելյո) պատասխանել է կրակոցներով, բարիկադների հրկիզմամբ և անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով։
Հաղորդվել է նաև տասնյակ վիրավորների մասին, այդ թվում՝ խաչաձև կրակոցների տակ հայտնված քաղաքացիական անձանց մասին։
Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելայի գոտին համարվում է Բրազիլիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի գործողությունների կենտրոնը։
BBC-ի տվյալներով՝ ֆավելաներում՝ լեռնալանջերին աղքատ և անապահով թաղամասերում, ապրում է մոտ 300,000 մարդ։ Տեղացի բնակիչները ասում են, որ այնտեղ իրավիճակը այժմ նման է «պատերազմական գոտու»։
«Կարմիր հրամանատարությունը» վերջերս ընդլայնել է իր տարածքը Ռիո նահանգում՝ ստեղծելով թմրանյութերի մաքսանենգության ուղիներ և ուժեղացնելով իր վերահսկողությունը ֆավելաների նկատմամբ։
«Զսպման» գործողության սկզբից ի վեր ոստիկանությունը հայտնել է, որ առգրավվել է ավելի քան 200 կիլոգրամ թմրանյութ և տասնյակ հրազեն։