
Բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300 հազար դրամի փոխարեն կսահմանվի 500 հազար դրամ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նաև հիշատակել է ծնելիության խթանման ծրագիրը, որը վճարումներ է նախատեսում երրորդ և հաջորդ երեխաների համար։
«Մենք, ամենայն հավանականությամբ, շուտով Ազգային ժողով կներկայացնենք օրինագիծ, որով կառաջարկվի 6 տարեկանից փոքր երրորդ և հաջորդ երեխաներին 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը դարձնել մշտական նպաստ», – ասել է կառավարության ներկայացուցիչը։