
ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Նշված քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին և կառավարության կողմից վերջերս ընդունած ծրագրի որոշակի փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերում են հետևյալ հարցերին՝
-Ընտանիքի պարտադիր կազմում չեն դիտարկելու այն երեխաները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է 18 տարին և ցանկանում են որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր։
-Ընտանիքը, որն ունի դատարանի վճռի հիման վրա անհայտ բացակայող ճանաչված անդամ, կկարողանա առանց խոչընդոտի դիմել Ծրագրին։
-Միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանվել է՝ 1, եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
Սակայն ոչ մի քննարկում ու անդրադարձ չի կատարվում արցախցիների փոքրաթիվ ընտանիքների վերաբերյալ, չնայած այդ հարցը անընդհատ բարձրաձայնվում է արցախցիների կողմից։ Ի դեպ, այդ ընտանիքների թիվը զգալի քանակ է կազմում։ Սոցիալական բոլոր հարթակներում մարդիկ իրենց դժգոհություններն ու մտահոգություններն են արտահայտում, անընդհատ շեշտում, որ բնակապահովման ծրագիրը հասանելի չէ փոքրակազմ ընտանիքներին, սակայն չգիտես ինչու խնդիրն անտարբերության է մատնվում, ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվում։ Մարդիկ արդեն կորցնում եմ բնակարան ունենալու հույսը։
Իհարկե, ողջունելի են ՀՀ կառավարության վերջին փոփոխությունները, որոնց շնորհիվ արցախցիների շատ ընտանիքներ կարող են օգտվել ծրագրից ու հավաստագիր ստանալ՝ առանց նախկինում առկա խոչընդոտների։
Որպես փոքրակազմ ընտանիքի անդամ, ցանկանում եմ կրկին բարձրաձայնել մեր հարցը, հույս ունենալով, որ ի վերջո ՀՀ կառավարությունը կանդրադառնա նաև այդ՝ բազմիցս բարձրացվող խնդրին և կտա համապատասխան լուծում։ Քանի որ մեկ շնչին հատկացվող գումարով փոքր ընտանիքները ներկայիս շուկայական գների պայմաններում չեն կարող բնակարան ձեռք բերել, գտնում եմ, որ նման կարգավիճակ ունեցող ընտանիքներին առավել նպատակահարմար է հատկացնել բնակարաններ, կամ էլ տրամադրել կորցրած գույքի դիմաց փոխհատուցում։ Չպետք է մոռանալ, որ այդ ընտանիքների զգալի մասը զրկված է արցախահայությանը տրամադրվող բնակվարձի աջակցությունից և բնակվում է վարձակալած բնակարաններում, որոնց գները շարունակում են բարձր մնալ։ Ինչպես նաև մեծ խնդիր է զբաղվածության հարցը, քանի որ մարդիկ այն տարիքում են, որ աշխատանքի ընդունվելը մեծ դժվարություն է՝ մասնավորապես 45-ից բարձր տարիքային խմբերի համար։
Արցախցին ընդամենը ցանկանում է իր գլխավերևում տանիք ունենալ ու ապրել արժանապատվորեն:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ