
Հինգ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, շատերն էին երկմտում՝ վերադառնալ, թե մնալ Հայաստանում։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո մնացած քարտեզով Արցախում ապրելը խենթություն էր թվում։
Բոլորս էլ ներքուստ հասկանում էինք՝ մեր ամեն քայլը դիտարկման տակ է։ Արցախը դարձել էր մկան թակարդի այն գայթակղիչ պանիրը, առանց որի կմեռնեինք, բայց եւ մահն անխուսափելի էր, եթե մոտենայինք։
2020 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան, իմ նորաստեղծ ընտանիքով եւ ամուսնուս ծնողների հետ վերադարձանք Մարտունի։

Ավերակներ, փլատակներ, սոված կենդանիներ, համատարած լռություն, անլույս գիշերներ։
Այդ ամենի մեջ ամենաուժեղ գույնը կարմիրն էր՝ երբեմն արյան հետքերով, երբեմն՝ նռան գույնով։
Նուռը սպասում էր իր տիրոջ ձեռքին։ Հիշում եմ՝ ինչպես ուշ կազմակերպեցի այգեհավաքը։
Կարալյոկի տերեւաթափ ծառերի վրա մնացած նարնջագույն պտուղները կտցահարված էին, իսկ նռան ծառերը խոնարհվել էին բերքի ծանրությունից։
Բերքահավաքից հետո քայլում էի փողոցներով՝ տեսնելու, թե ինչպիսին է Մարտունին պատերազմից հետո։
Այդ օրերին քաղաքում հազվադեպ կարելի էր կին տեսնել։ Նոյեմբերի երկրորդ կեսից հետո՝ գրեթե բոլորը տանն էին։
Հիմա, երբ այդ շրջագայությունն իմ փոքրիկ քաղաքով երազ է դարձել, մենք բոլորս՝ գաղտնի կամ բացահայտ, ադրբեջանական տարաբնույթ տեսանյութերում փնտրում ենք մեր տներն ու հարազատ վայրերը։
Զարմանում ենք ամեն անգամ՝ ինչու են ոչնչացնում մեր ունեցածը, եթե կարող են պարզապես օգտագործել։
Նայում եմ ադրբեջանական գրություններով ներկված պատերին, աղբանոցի վերածված բնակավայրերին, անձնական իրերին ու լուսանկարներին, որոնք թշնամական համարելով՝ նվաստացնում են։
Հարազատ վայրերը հպարտությամբ իրենցն են ներկայացնում։ Բացում են պահածոները, որոնք փակել են ուրիշ ձեռքեր։ Իսկ այգիները՝ անտեր են մնացել։
Եվ հիմա, երբ Երեւանի խանութներում նուռ կա, որն այդպես էլ չհասկացա՝ հպարտությա՞մբ, թե՞ զարմանքով էր ներկայացնում վաճառողը՝ «Արցախի նուռն է»։ Հիմա նուռը պարզապես պտուղ չէ։ Այն դարձել է հիշողություն, վկայություն, լուռ մեղադրանք։
Ամեն հատիկի մեջ մի տուն է, մի այգի, մի ձայն, որ այլեւս չի արձագանքում։ Եվ, երբ վաճառողը ասում է՝ «Արցախի նուռն է», ես չգիտեմ՝ ինչպես արձագանքել։ Որովհետեւ այդ նուռը իմն է։ Մերն է։ Բայց արդեն՝ ուրիշի ձեռքում։
Մարիամ Սարգսյան