
Բրիտանա-հունգարացի գրող Դեյվիդ Սեյլին 2025 թվականի «Մեն Բուքեր» գրականության մրցանակի դափնեկիր է ճանաչվել իր «Մարմին» վեպի համար, որը ժյուրին անվանել է «անսովոր» և «բացարձակապես յուրահատուկ» ստեղծագործություն, հաղորդում է BBC-ն։
Գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում երեքշաբթի երեկոյան։ Այս տարի ժյուրին նախագահել է իռլանդացի դրամատուրգ Ռոդի Դոյլը։
«Ժյուրին ավելի քան հինգ ժամ քննարկել է կարճ ցուցակում ընդգրկված վեց գրքերը։ Գիրքը, որին մենք անընդհատ վերադառնում էինք, որը առանձնանում էր մյուս հրաշալի վեպերի շարքում, «Մարմինն» էր՝ իր յուրահատկության շնորհիվ։ Մենք երբեք նման բան չենք կարդացել։ Այն մռայլ գիրք է շատ առումներով, բայց կարդալը հաճույք է», – ասել է Դոյլը։
Գրողի վեցերորդ վեպը՝ «Մարմինը», պատմում է Իշտվան անունով երիտասարդ հունգարացու մասին, որն անցնում է կյանքի տարբեր փուլերով՝ համեստ հունգարական բնակելի թաղամասից մինչև Լոնդոնի գերհարուստների փայլուն աշխարհը։
Լուսանկարում՝ Դեյվիդ Սեյլին (կենտրոնում) ժյուրիի անդամների հետ (ձախից աջ). Սառա Ջեսիկա Փարքեր, Քրիս Փաուեր, Այոբամի Ադեբայո, Քայլի Ռեյդ և ժյուրիի նախագահ Ռոդի Դոյլ՝ 2025 թվականի Բուքերյան մրցանակի մրցանակաբաշխության արարողության ժամանակ