
Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
–Պարոն Պապյան, վերջին օրերին դարձյալ ակտիվացել է այդպես կոչված «անկլավների» հարցը, ինչո՞ւ է այս հարցն այդ շրջանում դրվել շրջանառությա մեջ։
-Որովհետեւ Ալիեւն իր առջեւ դրված խնդիրները հերթով լուծելով գնում է։ Արդեն միջանցքի հարցը՝ հենց միջանցք կարգավիճակով, ինքը համարում է լուծված, բնականաբար, գնում է հաջորդ հարցին, որի մասին նախապես հայտարարվել էր, բոլորս գիտեինք։ Մյուսն էլ այն է, որ ինքն ամեն ինչով օգնում է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ցորենի հետ կապված ներկայացումն աջակցկություն էր Փաշինյանին՝ իբր ապաշրջափակում ցույց տալու։ Բայց Ալիեւի սիրտը կասկած է ընկել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրություններում չհաղթի, դրա համար ուզում է քանի կա, ինչ-որ մի բան պոկի, ամրագրի, որ հետո խնդիրների առջեւ չկանգնի։
-Ի՞նչ հետեւանքներ կլինեն, եթե ՀՀ իշխանությունները Բաքվին հանձնեն Տիգրանաշենը։
-Դա կնշանակի, որ դեպի Սյունիք ու Վայոց ձոր տանող ճանապարհը կգտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն՝ պիտի կառուցվի շրջանցիկ ճանապարհ։ Երկրորդը, դա հնարավորություն կտա ադրբեջանցիներին այդտեղ տեղակայելու եւ մարդկանց, եւ զինված խմբավորում։ Անգամ, եթե շրջանցիկ ճանապարհ էլ կառուցվի, հենց այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա, եւ պատերազմի դեպքում իրենք դա կարող են փակել։ Եվ երրորդը, դրանով իրենք մոտենում են դեպի Արարատյան դաշտի սրտին, Երեւանին։ Դա այն է, ինչը մշտապես ասել ենք՝ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի խաղաղության, որովհետեւ այդ «անկլավները» որեւէ հիմնավորում չունեն, բացառությամբ ինչ-որ նկարների, որոնք անվանում են քարտեզներ։ Ինչո՞ւ եմ ասում նկարներ, որովհետեւ քարտեզը, որը կից չէ միջազգային փաստաթղթի, որի մեջ չկա դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանի նկարագրությունը, նշանակում է՝ դա նկար է։
-Այսինքն՝ այդ այսպես կոչված «անկլավների» մասին իրավական հիմքեր չկա՞ն։
-Ոչ մի իրավական հիմք չկա։ Եթե անգամ սովետական շրջանում ադրբեջանական ԽՍՀ-ի եւ հայկական ԽՍՀ միջեւ այդ բաժանարար գծի համար (չեմ ասում՝ սահման) գոնե վարչական հիմնարովում կա, որը միջազգային իրավուքի տեսանկյունից կեղծ ու սուտ է, «անկլավների» վերաբերյալ դա էլ չկա։ Եվ փորձ անել ցույց տալ, թե իբր Արծվաշենը համարժեք է Տիգրանաշենին, բնավ այդպես չէ։ Էլ չեմ խոսում Վրաստանի ճանապարհի վրա գտնվող այդ մի քանի այսպես կոչված «անկլավների» մասին։ Ուշադրություն դարձրեք, որ այդ այսպես կոչված «անկլավները» ծլել են ոչ պատահական տարածքների վրա, հենց ամենակարեւոր ճանապարհների վրա են։ Մեկը Իրան տանող ճանապարհի վրա է, մյուսը՝ Վարաստան տանող ճանապարհի։ Եվ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը հետեւողականորեն իրենց ծրագիրն առաջ են մղել եւ հիմա բոլորին կանգնեցնում են փաստի առաջ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
–Այսինքն՝ այդ տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխության դեպքում Հայաստանը անվտանգային, ենթակառուցվածքային լուրջ խնդիրնե՞ր է ունենալու։
-Այո, Հայաստանն անվտանգության խնդիրներ է ունենալու, որովհետեւ ճանապարհներն առաջին հերթին անվտանգության հարց են լուծում։ Դրանով պարենային անվտանգությունն է դրվում հարվածի տակ, Իրանի հետ կապն է եւս մեկ կողպեքով փակվում։ Հիշում եք՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածը տվեցին, դա դարձյալ հայկական տարածք էր, եւ կային փաստաթղթեր, որ այդ ճանապարհը կառուցվել է 1960-ական թվականներին՝ Հայաստանի բյուջետային միջոցներով։ Ժողովրդական խոսքը ճիշտ է՝ եթե գողը տանից լինի, եզը երթիկից կհանեն։ Եթե երկրի վարչապետը գործում է հօգուտ թշնամու, ինչ էլ ուզում ես արա, վերջում պարտվելու ես, որովհետեւ բողոքները կամ բռնություններով են դիմավորվում, կամ ձերբակալություններով։ Կամ էլ մեր հարկատուների միջոցները ծախսելով՝ կեղծ քարոզչություն են իրականացնում եւ ժողովրդին այդ քարոզի մեջ պահում։
–Իշխանությունները մանիպուլացնում են այդ հարցը, ասում են՝ թե Արծվաշենը Հայաստանի տարածքային ամբողջականություն է, առանց ժողովրդի կամքը հարցնելու իրավունք չունեն այդ տարածքը թողնելու Ադրբեջանին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
-Հա, բայց այստեղ Արծվաշենի մասին չէ խոսքը, իրավական հիմքի մասին է։ Իսկ ո՞վ է ասել, որ Արծվաշենն անկլավ է։ Եթե դուք նայում եք Արծվաշենին, այն անկլավ կամ էքսկլավ չէ, այն թերակղզու նման միացված է Հայաստանին։ Այսինքն՝ այդ ո՞վ որոշեց, որ անկլավ է։ 1920-ականների քարտեզներով Արծվաշենը միացված է Հայաստանին, եւ Հայաստանի խորհրդայի սոցիալիստական հանրապետության ներսում չկա որեւէ ադրեջանական անկլավ։ Բա մենք ինչո՞ւ ենք ասում, որ նախ պետք է հստակեցվի իրավական հիմքը, թե ինչի հիման վրա է որոշվում սահմանը։ Հիմա արդեն որոշել են, որ Արծվաշենը մերն է, Տիգրանաշենը՝ իրենցը, եւ խոսում են ժողովրդի կամքի մասին, հա՞։ Այդ որ օրվանից են ժողովրդի կամքը սկսել հաշվի առնել։
–Այո, հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս տարածքները Ադրբեջանին հանձնելուց ինչո՞ւ հաշվի չառան ժողովրդի կամքը։
-Երբ նույն միջանցքը տվեցին, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն, երբ Արցախի հարցը «լուծեցին» այդ ձեւով, թեկուզ ժամանակավոր, ժողովրդի կամքը հաշվի առա՞ն։ Երբ հրաման տվեցին հանձնել այդ տարածքները, այն դեպքում, երբ ադրբեջանցու ոտքը Քարվաճառ ու մյուս տարածքներ չէր մտել, ժողովրդի կամքը ո՞վ հաշվի առավ։ Թող հեքիաթներ չպատմեն։ Կրկնում եմ՝ սա թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլյան օրակարգ է՝ հանուն նրա, որ առավելագույն աջակցություն ստանա ընտրությունների ժամանակ։ Եվ ՔՊ-ականներն էլ դամքաշներն են։
Ռոզա Հովհաննիսյան