
Վարչապետը օրերս հայտարարեց, որ սահմանազատման արդյունքում հետ ենք բերելու Արծվաշենը և մեր մյուս հողերը, որ այսօր գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ. Եթե դա այլ կերպ ձեւակերպենք, դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին ենք տալու Տիգրանաշենը, նոյեմբերի 13–ին ԱԺ–ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը չի գնում խաղաղության այն մոդելով, որով մենք ենք ձգտում. «Իրենց մոդելը Հայաստանի վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենն իրենց ինչի՞ն է պետք։ Իրենց դա պետք չի, բացի ռազմավարական նպատակներից», ասել է Աղազարյանը։
Նա առաջարկում է հասնել նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցվաշենը մնա Ադրբեջանին։
Ի՞նչ մտադրություններ ունի Հայաստանի կառավարությունը Տիգրանաշենի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, առանց Տիգրանաշենի մասին հիշատակելու, օրերս ասաց, որ Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և մյուս գրավյալ տարածքները։ Սա հնչեց որպես բարտեր-առաջարկ Բաքվին. Արծվաշենը թող մնա ձեզ, իսկ Տիգրանաշենը՝ մեզ։ Սակայն, Բաքուն, ըստ երևույթին, չի ընդունում այս առաջարկը։
Սա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ պատրաստ է բացել Մարգարա-Երասխ-Վայք-Սիսիան-Գորիս ճանապարհը, որի վրա գտնվում է Տիգրանաշենը, Թուրքիա-Ադրբեջան տարանցման համար։ Բաքուն և Անկարան որևէ կերպ չեն արձագանքել այս առաջարկին։ Նույն օրերին Բաքվի արտաքին գործերի նախարարությունը կրկին պահանջեց վերադարձնել անկլավները, առաջին հերթին՝ «Քյարքի»-Տիգրանաշենը։ Այլ կերպ ասած, Բաքուն և Անկարան ակնկալում են ստանալ Փաշինյանի առաջարկած ճանապարհը առանց նրա կողմից որևէ «բարեհաճության»։
Աղազարյանի հուսահատ առաջարկը և Փաշինյանի կողմից արձագանքի բացակայությունը ցույց են տալիս, որ Փաշինյանը չի կարողանում «հետաձգել» Տիգրանաշենի հարցը մինչև «ընտրություններից հետո», ավելին, այդ հարցը կարող է դառնալ նրա վերընտրության «պայման»։ Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ «Թրամփի ճանապարհի» շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին, ընտրություններից հետո։
Սակայն Տիգրանաշենի հարցը կարող է լուծվել շատ ավելի շուտ։ Նույնիսկ եթե Հայաստանը “հրաժարվի” Արծվաշենից։