«Սահմանները չեն կարող փոխվել ուժով», բայց կարելի է կամավոր հրաժարվել սեփական իրավունքներից

  • 11:07 23.11.2025

Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ամերիկյան ծրագրի վերաբերյալ խորհրդակցությունները տեղի կունենան նոյեմբերի 23-ին Ժնևում։

ԱՄՆ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագիրը լուրջ հարցեր է առաջացնում Եվրոպայում։ Եվրոպական առաջնորդները փորձում են փոփոխություններ կատարել փաստաթղթի նախագծում։ Bild-ի տվյալներով՝ Եվրոպան մտադիր է քննարկել և վերանայել ծրագրի առնվազն չորս կետ։

Եվրոպական կառավարությունները առաջին հերթին շեշտում են, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով, և ռազմական զավթումները օրինականացնող ցանկացած համաձայնագիր հակասում է ԵՄ քաղաքականության մեջ ամրագրված միջազգային հիմնարար սկզբունքներին։ Հետևաբար, Եվրոպան ցանկանում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի անեքսիայի ճանաչման վերաբերյալ կետում (հիշեցնենք, որ ԱՄՆ ծրագիրը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախատեսում է ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին, նույնիսկ այն մասը, որը ներկայումս վերահսկվում է Ուկրաինայի կողմից)։

Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը (ՔՍՄ) նույնպես պահանջում է էական փոփոխություններ կատարել Թրամփի ծրագրում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է ինքը որոշի՝ կարո՞ղ է տարածքներ զիջել, թե՞ ոչ. անընդունելի է նման որոշում պարտադրելը։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ Թրամփի խաղաղ նախաձեռնությունների վերաբերյալ նշվում է, որ սահմանները չեն կարող ուժով փոխվել։

Սրանք շատ լավ հնչող հայտարարություններ են, բայց դրանք թաքցնում են վտանգավոր գիծ. սահմանները չեն կարող ուժով փոխվել, բայց երկրները կարող են որոշել հրաժարվել իրենց տարածքներից։

Այս մեթոդը լավագույնս ամրագրում է հզորների իրավունքը՝ պարտադրելու իրենց սահմանները, ինչը անխուսափելիորեն կազդի Եվրոպայի ներսում սահմանների վրա։

2020-2025 թվականներին Արցախում և Սյունիքում Հայաստանի նկատմամբ կիրառվեց սեփական իրավունքներից և տարածքներից «կամավոր հրաժարման» սկզբունքը։ 2022 թվականին Պրահայում ստորագրված փաստաթուղթը, որով Արցախը “ճանաչվեց” որպես Ադրբեջանի մաս՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, դարձավ ներկայիս աշխարհակարգի և եվրոպական քաղաքականության երեսպաշտության նշանը։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու և դրանով իսկ հակամարտության ռազմական լուծում ընդունելու որոշումը դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի լուծման ներկայիս ծրագրի խթանը։

Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին, որը բացահայտ շնորհավորեց Ալիևին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ՝ ճանաչելով ուժի կիրառման նրա իրավունքը, այժմ խոսում է «արժանապատվության և խաղաղության միջև դժվար ընտրության» մասին։ Մինչդեռ, Հարավային Կովկասի կարգավորման գործընթացից դուրս մնացած եվրոպացի առաջնորդները սկսել են հասկանալ, որ Արցախում հակամարտության ուժով լուծումը թույլ տալը արդեն քայքայում է ամբողջ համաշխարհային անվտանգության համակարգը։