
Սյուզաննան Անկախության սերնդից է, ով երազում էր ապրել հաղթանակած Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում է ծնվել Սյուզաննա Բադալյանը․ 1991 թվականին, երբ Արցախում պատերազմ էր, ու արցախցին իր հողն ու իրավունքներն էր պաշտպանում արժանապատվորեն։ Նա Անկախության սերնդից է, ով երազում էր ապրել հաղթանակած Արցախում ու շարունակել հերոսների կիսատ թողած գործը։ Հայրը՝ Հայասեր Հայրապետյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։
Սյուզաննան թախիծով է հիշում մանկությունը
-Մայրս պատմում է, որ կատաղի մարտեր էին ընթանում Ճարտարի հարակից բնակավայրերում։ Գյուղում մնալն անվտանգ չէր։ Հայրս ստիպված էր ինձ ու մայրիկիս տեղափոխել Հայաստանի Վարդենիս քաղաքը, որտեղ ապրում էր հորաքույրս։ Մայրս այդ ժամանակ երեխայի էր սպասում։ 1992 թվականին Մաճկալաշեն գյուղի տարածքում հայրս զոհվում է՝ այդպես էլ չիմանալով՝ իր երկրորդ բալիկը տղա էր, թե աղջիկ։ Հորաքույրերս չէին համարձակվում մայրիկիս հայտնել ծանր լուրը, քանի որ մոտ էր նրա ծննդաբերելու ժամանակը։ Ծնվում է եղբայրս, ում մեր հայրիկի անունով կոչում են Հայասեր՝ մայրիկիս համոզելով, որ այդպես ավելի լավ կլինի։ Եղբորս ծննդից մոտ երկու ամիս անց վերադառնում ենք Արցախ, ու մայրս միայն այդ ժամանակ է իմանում, որ ամուսինը զոհվել է պատերազմում։ Նա միայնակ պահել, մեծացրել, կրթության է տվել ինձ ու եղբորս՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ։
Ավարտել եմ Արցախի պետհամալսարանի Իրավագիտություն բաժինը, ապա ուսումս շարունակել մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Ամուսնացել եմ, ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել Ասկերան քաղաքը, ունեցել 3 որդիներ։ Ութ տարի աշխատել եմ դատարանում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել եմ Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, աշխատանքի անցել՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր իրավաբան։ Պատերազմից հետո ծնվել է երրորդ որդիս։
Արամ և Սյուզաննա Բադալյանները շրջափակումը հաղթահարել են արժանապատվորեն՝ ի մի բերելով բոլոր ուժերը
-Ֆիզիոլոգիական արձակուրդում էի, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Սկզբից այնքան էլ չէինք զգում շրջափակման ծանրությունը, քանի որ մարդիկ դեռևս պահեստավորված սնունդ և կենցաղային ապրանքներ ունեին։ Շրջափակման դառը հետևանքները մարդիկ ճաշակել են 2023-ի գարնան վերջին ու ամռանը։ Արդեն վերջացել էր հացահատիկը, կաթնամթերք գրեթե չէր արտադրվում, մի շարք մթերքի, բանջարեղենի ներկրում չէր իրականացվում, քաղցրավենիք բոլորովին չկար։ Ինձ համար առանձնապես դժվար էր նրա համար, որ կրտսեր որդիս արդեն հավելյալ սննդի կարիք ուներ, իսկ վիտամիններով հարուստ մրգերն ու բանջարեղենը իսպառ բացակայում էին։
Հասկացանք, որ պետք է ինչ որ բան ձեռնարկել։ Քանի որ ամուսինս մասնագիտությամբ գյուղատնտես է, և մենք ունեինք սեփական հողատարածք, ջերմոցներ ու այգիներ, որոշեցինք բարեկամ-հարազատներով միավորել բոլոր ուժերն ու մշակել մեր հողերը։ Ցանեցինք բանջարաբոստանային մի շարք կուլտուրաներ, ինչպես նաև մշակում էինք խաղողի այգին ու բերքատու ծառերը։ Փառք Աստծո, բարեհաջող գործունեություն էինք ծավալում, բերքն առատ էր։ Հույս ունեինք, որ շուտով կավարտվի շրջափակումը և կկարողանանք մեր աշխատանքի պտուղները քաղել։
Կարելի է ասել՝ ամուսնուս աշխատասիրության շնորհիվ մենք պատվով ենք հաղթահարել բլոկադան։ Բերք ու բարիքից բաժին ենք հանել մեր բոլոր հարազատներին, հարևաններին, ընկերներին։ Չեմ ուզում շրջափակումը միայն որպես մութ կետ հիշել։ Շրջափակումը նաև իր լուսավոր կետն ունեցավ ու թողեց երանելի հիշողություններ։ 10 տարվա հարս էի Ասկերանում և հենց այդ մի քանի ամիսների ընթացքում զգացի այն մեծ ջերմությունն ու սրտացավությունը, որ տածում էին մարդիկ իրար հանդեպ։ Ասես թե սպասում էինք էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին, որ անմիջապես հավաքվենք մեր թաղամասում։ Ում տանն ինչ համով, թաքուն պահած լավ բան կար, բերում էին, որպեսզի հյուրասիրեն մեկմեկու։
Շրջափակման ժամանակ մարդիկ մի տեսակ սկսել էին ավելի շատ շփվել իրար հետ, անկաշկանդ հաղորդակցվել, ու այդ երջանիկ պահերն այսօր երանությամբ եմ հիշում։ Մեր երեխաների Արցախում անցկացրած ամառային վերջին արձակուրդները շատ լավ անցան, քանի որ նրանց համար կազմակերպվում էր հետաքրքիր առօրյա, որպեսզի չզգան, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ Երբեք չեմ կարող մոռանալ մեր սիրելի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանին, ով իր շուրջն էր համախմբում բոլորին, հյուրասիրում խոտաբույսերից պատաստված իր անմահական թեյով, խորհուրդներ տալիս, հույս ներշնչում։ Նրա որդիների շնորհիվ այդ ծանր օրերին մեր երեխաների համար կազմակերպվեց նաև կինոդիտում (Ղլիժբաղի ֆիննական թաղամասում)։ Իմ որդին՝ Ակսելը, ամենակրտսեր հանդիսատեսն էր…
Սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին խոսելը Սյուզաննայի համար շատ ծանր է
-Եղբայրս զինվորական էր, ծառայում էր որպես հետախույզ։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան նա հրազենային ծանր վիրավորում է ստանում գլխից։ Մարտունուց մի կերպ տեղափոխում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ վիրահատվում է՝ հայտնվելով կոմայի մեջ։ Բժիշկները հույս չէին տալիս։ Սակայն ես հոգուս խորքում հավատում էի, որ եղբայրս ուշքի կգա ու կապաքինվի։ Աստված չէր կարող այդքան անարդար գտնվել մեր հանդեպ։
Սեպտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով կարողանում են բոլոր վիրավորներին տեղափոխել Երևան․ եղբայրս ևս նրանց մեջ էր։ Իսկ Արցախն արդեն տեղահանվում էր։ Մենք ևս պատրաստվում էինք։ Ինչպես շատերը, ամուսինս նույնպես վառելիք չուներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, նա բենզին ձեռք բերելու համար գնում է Հայկազովի վառելիքի պահեստը։ Չարաբաստիկ պայթյունի պահին այնտեղ էր։ Ստանում է բազմաթիվ այրվածքներ, բայց փառք Աստծո ողջ ու առողջ է մնում, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխում են Երևան։
Երեք երեխաներիս հետ մնում եմ Արցախում՝ անտեղյակ հարազատներիս վիճակից, քանի որ հնարավոր չէր կապ հաստատել ոչ ոքի հետ։ Պատերազմի ու պայթյունի ժամանակ, ցավոք, շատ հարազատ մարդիկ ենք կորցրել։ Վերջին ամենածանր հարվածն ինձ համար Արցախի կորուստն ու գաղթի ճանապարհը բռնելն էր։ Երկու օր ճանապարհ անցնելուց հետո հասանք Գորիս։ Ես չէի գիտակցում, թե ինչպես եմ անցել դժոխային այդ ճանապարհը։ Ոչինչ չէի հասկանում, բոլորովին ունակ չէի մտածելու։ Չէի գիտակցում ուրախանա՞մ, թե՞ տխրվեմ, որ արդեն հասել ենք Գորիս, փրկվել թշնամուց։ Ուրախանում էի, որ հասնելու եմ եղբորս, ամուսնուս ու մորս, ով անասելի ծանր ապրումների մեջ էր, միաժամանակ տխրվում, որ հայրենիքս մնացել է հետևում։
Սկսվեց ծանր, փորձություններով լի շրջան
-Տեղահանությունից հետո շուրջ երկու ամիս հիվանդանոցներում էինք։ Եղբորս ու ամուսնուս վիճակը մի փոքր թեթևանալուց հետո միայն կարողացանք ուշքի գալ և կրկին գիտակցել մեր կորստի չափը։ Առանց Արցախ՝ կիսատ էի․․․ Միաժամանակ հասկանում էինք, որ պետք է շարունակենք ապրել։ Սկզբում ընտանիքով հաստատվել ենք Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Երեխաները սկսել են հաճախել դպրոց։ Ամուսինս իր մասնագիտությամբ աշխատանք է գտել Արմավիր քաղաքում։ Որպես գլխավոր գյուղատնտես հիմա ևս այնտեղ է աշխատում։ Մինչև ուսումնական տարվա ավարտը, մոտ 10 ամիս մնացել ենք Նոր Հաճնում, այնուհետև տեղափոխվել Երևան ու հաստատվել Դավթաշենում։ Գրեթե մեկուկես տարի է, ինչ ապրում ենք այստեղ։ Երեխաները հաճախում են դպրոց ու մանկապարտեզ։ Ժամանակի սղության պատճառով դեռևս չեմ ուզում աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ առաջին հերթին ցանկանում եմ կազմակերպել երեխաներիս առօրյան։ Ներկայումս դասապատրաստում եմ իրականացնում Ուրտեխե կրթարանում։
Սյուզաննան խոսում է ապագայից՝ երազելով տունդարձի մասին
-Այսօրվա դրությամբ մեր հիմնական նպատակը բնակարան ձեռք բերելն է, ինչը մեծ խնդիր է ինչպես բոլոր արցախցիների, այնպես էլ մեզ համար։ Այս պահին կարևորը մեր գլխին տանիք ունենալն է, իսկ հետո կմտածենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որ ժամանակավոր մեր ապագան կառուցենք։ Ժամանակավոր եմ ասում, որովհետև ես մեծ հույս ունեմ, որ կվերադառնանք Արցախ։ Ինչքան էլ փորձում ենք, չենք կարողանում հարմարվել։ Եթե մարդու ուշքը դեպի հետ է, դեպի իր տունն ու նախնիները, ապա նա չի կարող լիարժեք հարմարվել նոր իրականությանը։ Ուղղակի մեր գոյությունն ենք ցանկանում պահել։ Փորձում ես ծիծաղել, որ երեխաներդ քեզ ուրախ տեսնեն ու վարակվեն քո ուրախությամբ։ Պարզապես հանուն երեխաների ես ապրում ու արարում։ Մեր բոլոր երազանքներն ու նպատակները մնացել են Արցախում, որոնք կապված էին մեր հող ու ջրի, տան ու հայրենիքի հետ։ Գիտեմ՝ ինձ նման մտածում են գրեթե բոլոր արցախցիները։ Բայց և այնպես ես ցանկանում եմ, որ իմ հայրենակիցները երբեք չկորցնեն վերադարձի հույսն ու հավատը։ Եթե հանկարծ հնարավորություն ստեղծվի վերադառնալու, ապա բոլորս միահամուռ պետք է վերադառնանք ու շենացնենք մեր դրախտավայրը։ Իսկ մինչև այդ բաղձալի օրը գա, մենք պարտավոր ենք արժանապատվորեն ապրել ու հոգալ մեր երեխաների կարիքները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
