
Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող հավասարեցվել Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջ մղվող «արևմտյան Ադրբեջան» կոչվող գաղափարախոսությանը, որը իրավական որևէ հիմք չունի։ Այս մասին step1.am-ին ասաց Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։
«Խոսքը մի դեպքում գնում է բռնի տեղահանված բնիկ ժողովրդի՝ իր պատմական տարածք վերադարձի իրավունքի մասին (իրավունք, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից), մյուս դեպքում՝ քաղաքական-քարոզչական կառուցվածքի, որը ծառայում է տարածքային հավակնությունների։ Միջազգային հանրությունը երկար տարիներ աջակցել է այն տրամաբանությանը, որ Արցախի ժողովուրդն ունի քաղաքական իրավունքներ և ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցային գործընթացի ավարտին՝ Արցախում իրականացվելիք հանրաքվեի միջոցով։ ՄԱԿ-ը երբեք չի դատապարտել Արցախի Հանրապետության ստեղծումը և երբեք կոչ չի արել այն չճանաչել՝ ի տարբերություն այլ նախադեպերի, ինչպես օրինակ Հյուսիային Կիպրոսի թուրքական պետության պարագայում (ՄԱԿ-ի ԱԽ 541 բանաձև)»,- ասաց նա։
Հովհաննես Գեւորգյանի խոսքով՝ թեև 2020-ից ռազմական պարտությունից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվել է, բայց միջազգային իրավական աջակցությունը չի վերացել․ Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել վերադարձի հնարավորությունը նրանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ։ «Սակայն վերադարձը հնարավոր է միայն միջազգային պաշտպանության և անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Զոհին չի կարելի հանձնել իր դահիճի իրավազորությանը՝ առանց պաշտպանական մեխանիզմների»։
«Վերջապես, միջազգային հարաբերությունները չեն կառուցվում էմոցիաների վրա։ Կարծել, թե արցախահայերի իրավունքների մասին չխոսելով հնարավոր է «չնյարդայնացնել» Ադրբեջանի իշխանություններին և հուսալ, որ նրանք ավելի հանգիստ կգործեն, մանկական պատկերացում է։ Ադրբեջանի, ինչպես այլ պետությունների քաղաքականությունը, չի ձևավորվում զգացմունքներից, այլ՝ հստակ ռազմավարությունից: Թեև միջազգային հանրության մոտ գոյություն ունի ընկալում արցախահայերի իրավունքների նկատմամբ, պետք է հստակ ասել՝ նա երբեք չի պաշտպանելու այդ իրավունքները մեր՝ հայերիս փոխարեն։ Այդ պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հենց հայերն են գործում միասնական՝ իրավական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում։ Իսկ որքան ավելի է պառակտվում հայկական հասարակությունը, այնքան պակաս հնարավոր է դառնում այդ պայքարը։ Հետևաբար, լուծումը ոչ թե լռելն է կամ սեփական իրավունքներից հրաժարվելը, այլ՝ ապահովել, որ ազգային օրակարգը ձևավորվի համախմբման, այլ ոչ թե պառակտման տրամաբանությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը։