
2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից և արցախահայերի բռնագաղթից հետո Արցախի պատմամշակությային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ: Ադրբեջանը հետևողականորէն ոչնչացնում է Արցախի եկեղեցիները, վանքրը և այլ պատմամշակութային հուշարձաններ: Միաժամանակ, սպառնալիքի տակ է նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը ի դէմս նրա կրողների եւ տարածողների:
Չնայած բոլոր դժվարություններին ու խոչնդոտներին, Արցախից տեղահանված մի շարք մշակութային գործիչներ շարունակում են իրենց առաքելությունը Հայաստանում:
Արցախցի երիտասարդ գրող, երգահան և դերասանուհի Աննա Մեկունցը Step1.am-ին պատմեց Արցախյան հիշողությունների ու ներկայիս գործունեության մասին, կիսվեց արցախցիների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ իր կարծիքով:
Պատմեք ձեր մասին։ Որտեղ եք ծնվել, մեծացել։ Փորձեք նկարագրել ձեր ծննդավայրում ապրած առօրյա կյանքը։ Ի՞նչ յուրահատուկ հիշողություններ ունեք Արցախից՝ մանկության, պատանեկության հետ կապված և այլն։
Ծնվել եմ Ստեփանակերտում, բայց մանկությանս ամենաջերմ հիշողությունները կապված են գյուղի հետ, մասնավերապես Առաջաձորի։ Համարում եմ, որ մեծացել եմ էդ գյուղում։ Արվեստի տարբեր ճյուղեր մանկուց եղել են ինձ հետ. ես սովորել եմ Վահրամ Փափազյանի անվան ստեղծագործական կենտրոնում պարի, թատերական խմբակի, երգեցողության բաժիններում. բեմարվեստի առաջին քայլերս ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի մոտ եմ կատարել, հետո եղել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի, ցավոք, վերջին շրջանավարտներից, իմ կուրսը վերջինն ավարտեց այն։
Իմ մանկության ամենագեղեցիկ հիշողությունները թերևս բակային համերգներն են… մեր ձեռքերով զարդարած ու պատրաստած հրավիրատոմսեր, որոնք, հերթով թակելով հարևանների դռները, բաժանում էինք, պատերը նկարազարդում, բակում աթոռներ շարում, փուչիկներ փչում ու բարձր ծափերով երգում… այդպես էինք դիմավորում արտերկրից եկող մեր ընկերներին, գիշերային անակնկալներ պատրաստում, հարսանիքներին փողոց էինք փակում, գոռում էինք “տարան-տարան, վրաններ էինք սարքում ու մինչև գիշերվա հազարը մնում, որ դիմավորենք աստղազարդը, տանիքներից ցատկում էինք տերևների մեջ ու քջքջում, ճոճանակները ուժեղ քշում էինք ու բարձր հայրենասիրական երգեր երգում… էնքան ուրիշ էր մանկությունս, էնքան իսկական…
Արցախում վերջին շրջանում թատրոնում էի աշխատում, պատրաստվում էինք ներկայացման՝ “Գիշատիչների խնջույքը” շատ համահունչ էր Արցախյան բլոկադային. դրա հետ մեկտեղ սցենարներ էի գրում, “ԲիդաՏօնի” առաջնախաղ էր տեղի ունեցել։
Պատմեք ձեր գործունեության ու հաջողությունների մասին։
2018-ից Արցախի գրողների միության անդամ եմ, 2019-ին տպագրվեց առաջին գիրքս “Արևը ծագում է մեջտեղից”, ու էդպես սկսվեց իմ պոետիկ կյանքը։ Կամաց֊կամաց մարդիկ սիրեցին գիրս, հատկապես “Մի աղջկա պատմությունն” ու “Բլոկադնիկը”, որոնք գրվել էին բլոկադային օրերին, մեծ նշանակություն, ճանաչում և հետք թողեցին իմ գրականության մեջ, քանի որ մարդիկ իմ էջով հետևում էին իրադարձություններին։
Պատմեք հետպատերազմյան Արցախի, շրջափակման ու բռնի տեղահանության հետ կապված ձեր անձնական հիշողությունների մասին։ Ի”նչ ապրումներ եք ունեցել դուք ու ձեր ընտանիքն այդ շրջանում։
Հետպատերազմյան Արցախում ապրում էինք սեղմված կոկորդով։ Շրջափակումը անօդ դատարկություն էր։ Բռնի տեղահանությունը՝ արմատախիլ լինել առանց հրաժեշտի։ Ընտանիքով ապրեցինք վախ, անորոշություն, բայց նաև համառ կանգունություն։
2020-ի պատերազմից հետո տուն վերադառնալը նման էր նորածնի երջանկության, երբ մայրն առաջին անգամ գրկում է իր նորածնին ու նա զգում է մոր հոտը, շունչը։ Արցախը կարիք ուներ սիրո, կիսաշունչ վիճակում էր, ու հենց իրեն սիրողների օգնությամբ նա շունչ առավ։ Ցուրտ էր, մութ, մոխրահոտով, բայց կյանքն ու սերը միաձուլող էր հետպատերազմյան Արցախը։
Բլոկադան ավելի ծանր էր, բայց ես շնչում էի հուսադրող պատմություններով, մինչ իմ ընտանիքը ծառայության էր գնում, ես խոսում էի հայրենիքի արժեքից իմ գրիչով, և վախենում, որ հայը կլքի Արցախը։ Մենք շատ ծանր ենք դուրս եկել, ամենավերջիններից էինք, իմ բոլոր ապրումները, ըտանիքիս ծանր հոգեվիճակը կարող եք կարդալ իմ գրված “ԱրցախաՇնչում”, որը փաստավավերագրական օրագիր է, հենց գաղթի մասին։
Ինչպե՞ս եք տեղավորվել Հայաստանում բռնի տեղահանումից հետո, ինչո՞վ եք զբաղվում այստեղ։ Ի՞նչ խնդիրների ու խոչնդոտների հետ եք առնչվում։
Հայաստանում տեղավորվելը հեշտ չէր։ Սկզբում՝ ֆիզիկական գոյատևում, հետո՝ ինքնության վերականգնում։
Խոչընդոտները շատ են՝ սոցիալական, հոգեբանական, արժևորման։ Դու կարող ես ֆիզիկապես այստեղ լինել, բայց ներսդ դեռ Արցախում է։ Երբեք չեմ կարողանա ասել, թե հարմարվել եմ։ 2024-ին արդեն Երևանում վերաբացեցի “ԲիդաՏօն”֊ը, իմ արցախյան ընկերների հետ միասին, ում շատ շնորհակալ եմ, անսահման։ 2024-ին նաև ճանաչվեցի ԱՄՆ հայ գրողների միության անդամ, ու ծնվեց “Արցախաշունչը”։ Մինչ այդ գրվածս բոլոր գրքերը, տեղահանման պատճառով վառել էինք Արցախում ու դուրս եկել, ցավոտ էր, բայց թշնամուն թողնել չէի կարող։
Երևանում ապրում ենք վարձով, աշխատում եմ որպես լրագրող, զբաղվում իմ պոեզիայով։ Չենք հարմարվում. ոչ այս իրականությանը, ոչ քաղաքի մարդկանց, ծայրահեղ տարբեր ենք, չնայած, որ նույն հայն ենք։
Ի”նչ եք մտածում արցախցիների սոցիալական խնդիրների լուծման մասին, ինչպե՞ս եք տեսնում լուծումը։
Այս խնդիրների լուծման մասով կառավարության աշխատանքը գնահատում եմ զրո, չնայած պարտավոր են հոգալ 120.000 բնակչության կարիքներն, քանի որ ծախեցին հայրենիքս ու մեզ անտուն դարձնելով տեղահանեցին։
Կարծում եմ, գոնե անվճար բնակարանները պարտադիր էր տրամադրելը, մինչ սերտիֆիկատային ծրագիրը կլիներ։ Այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ, պետք է գա ազգանվեր մեկը, հակառակ դեպքում արցախցիները ստիպված կլքեն երկիրը, մենք այս իշխանությունների օրոք անտեսված ու խորթ ենք զգում մեզ, հայրենիքը մերն է, բայց իշխանությունը թշնամի է մեզ համարում։
Որտեղ եք պատկերացնում ձեր ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտագաղթելու մտադրություններ ունեք։
Եթե ոչինչ չփոխվի, ցավոք, կլքեմ երկիրը, չնայած իմ ներսի հայրենասիրությունը խեղդում է ինձ, բայց ի՞նչ տարբերություն, ես հայրենիքո՞ւմ եմ անտուն ու անտեսված, թե՞ այլ երկրում։ Այլ երկրում սիրտս էնքան չի ցավալու, ինչքան իմ տանն է ցավում, հիմա։
Կվերադառնայի՞ք Արցախ ու ի՞նչ պայմանների դեպքում?
Եթե հնարավորություն լիներ Արցախ գնալ, առաջինը կգնայի, ոտքով, վազելով. բայց թշնամու դրոշի ներքո ապրելը նվաստացում է, ես նախընտրում եմ մահը, քան այդ տեսակ նվաստացումը։ Աստված մեծ է, ժամանակները փոփոխական են, մենք մի օր տուն ենք գնալու, Արցախ…
Արսեն Աղաջանյան