Ես լռել չեմ պատրաստվում․ արցախցի փոքրակազմ ընտանիքները ծայրահեղ ծանր վիճակում են

  • 17:00 31.12.2025

ՀՀ կառավարության վերջին նիստում որոշումներ են կայացվել արցախցիների սոցիալական աջակցության վերաբերյալ։ Մասնավորապես, երկարաձգվել են 30,000 դրամ աջակցության և արցախցի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին 40,000 չափով աջակցելու ծրագիրը։ Այս ծրագրերն իրագործելու նպատակով Հայաստանը միջազգային տարբեր կառույցներից ընդհանուր առմամբ ստացել է 500 միլիոն դոլար վարկ: Մինչդեռ բազմաթիվ արցախցիներ համարում են, որ տվյալ գումարը անհրաժեշտ է ուղղել ոչ թե ժամանակավոր աջակցության ծրագրերին, այլ Արցախից փախստականների համար բնակարանների կառուցման գործընթացին:

Step1.am զրուցակիցը՝ արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանն է, ով կիսում է վերոնշյալ կարծիքը:

ՙՙԱրցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն բնակարաններ տրամադրելու եղանակով՝ գյուղաբնակներին գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում: Համամիտ եմ մեր հայրենակիներից շատերի կողմից բարձրաձայնվող մտքի հետ՝ նոր թաղամաս կառուցելու և բոլոր արցախցիներիս կոմպակտ բնակության հնարավորություն տրամադրելու վերաբերյալ: Շատ լավ կլիներ, եթե կառուցվեր թաղամաս ու, ինչու չէ՝ կոչվեր Արցախ:

Իմ պարագայում կոնկրետ ավելի լավ կլիներ, եթե թաղամասը կառուցվեր Երևանում կամ Երևանին մոտ, քանի որ ես, ինչպես արցախցիներից շատերը, աշխատում եմ Երևանում, իսկ հեռու մարզերից ամեն օր հասնել մայրաքաղաք անիրատեսական է ու կապված է մեծ ծախսերի հետ:

Թաղամասի մտահղացումն իմ մոտ առաջացել է դեռևս բռնագաղթի առաջին օրերին: Ես կարծում էի, որ դա այնքան ակնհայտ է, որ շուտով կյանքի կկոչվի, քանի որ այդ ժամանակ ՀՀ կառավարությունը խոստանում էր,  որ Ղարաբաղից տեղահանված քույրերին և եղբայրներին կապահովի ապրելու համար անհրաժեշտ բոլոր լիարժեք պայմաններով, ամենամսյա վարձավճարի փոխհատուցմամբ և այլն:

Հենց այս գործիքները օգտագործելով ՀՀ կառավարությունը լռեցրեց մեր հայրենակիցներին: Այդ պատճառով է, որ նրանցից շատերը հանրահավաքներին չեն մասնակցում և լուրջ գործողությունների չեն դիմում կառավարության դեմ:

Արցախցի բազմազավակ ընտանիքները, որոնք մեր հասարակության զգալի մասն են կազմում, շարունակում են ստանալ երեխաների համար նախատեսված ամենամսյա 30 հազար աջակցությոնը, այդ պատճառով էլ նրանք երևի թե նախընտրում են չպայքարել, բայց ես լռել չեմ պատրաստվում, որովհետև արցախցի բազմաթիվ փոքրակազմ ընտանիքներ տեղահանումից մինչ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում:

Ի սկզբանե ՀՀ կառավարությունը տրամադրում էր 50 000 դրամի չափով բնակվարձի փոխհատուցում։ Հաշվի առնելով հատկապես երևանյան ու մարզկենտրոնների գները, փոքրակազմ ընտանիքների պարագայում տվյալ գումարով բացառապես անհնար էր լուծել բնակարանի վարձի խնդիրը: Իսկ ներկայումս այդ ընտանիքների  ճնշող մեծամասնությունը բացառապես զրկված է որևէ աջակցությնից ու հազիվ ծայրը ծայրին հասցնելով փորձում է գոյատևել: (Հիշեցնեմ որ այժմ 30,000 դրամ աջակցություն ստանում են միայն Արցախից տեղահանված հատուկ խմբերի ներկայացուցիչները. 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամները, թոշակառուները և փոքր տարիքի երեխաները):

Նոր թաղամաս կառուցելուն միանշանակ կողմ եմ, բայց չէմ կարծում, որ ներկայիս կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Այս ծրագիրը կարող է իրագործվել միայն նոր ուժերի իշխանության գալու դեպքում, իհարկե, եթե նրանք ցանկություն ունենան լուծել արցախցիների խնդիրները:

Այս թաղամասի կառուցումը կտա բազմաթիվ դրական արդյունքներ: Արցախցիների համայնքային բնակեցման դեպքում կպահպանվի մեր ինքնութունը, բարբառը, մշակույթն ու ավանդույթները: Այսպիսով մենք համախմբված բնակվելու դեպքում կդառնանք մի ուժ, որը թույլ չի տա Արցախի հարցը փակվի, ինչն այսօվա կառավարության կողմից անթույլատրելի է:

Ներկայիս ՀՀ իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի արցախցիները ցրվեն Հայաստանով մեկ կամ ընդհանրապես արտագաղթեն երկրից, քանի որ նրանք շատ լավ գիտակցում են, որ արցախցին ընտրություններում նրանց երբեք ձայն չի տա, հետևաբար նրանք ձգտում են, որ մենք կամ ինտեգրվենք Հայաստանի հասարակությանը, կամ լքենք երկիրը, ինչից հետո Ղարաբաղ և ղարաբաղցի հասկացութունները վեջնականապես կանհետանան և չեն խոչընդոտի ներկայումս պետության կողմից իրականացվող տարբեր գործընթացներին:

Մի խոսքով՝ թե ինչ կլինի ապագայում, ցույց կտան ժամանակները, բայց այն, որ մեզ պետք է նոր կառավարություն, որն ունակ կլինի լուծել պետությունում առկա բազմաթիվ խնդիրները, դա հստակ է՚՚։

Արսեն Աղաջանյան