
–Իմ ամուսինը հերոս է․ մեր երեխաները գիտեն, որ հերոսի զավակներ են։ Նաիրին 2023-ի սեպտեմբերին է իջել մարտական դիրքերից, մարդկանց կյանքեր փրկել, մի քանի ընտանիքների օգնել, որ անվտանգ տեղահանվեն Մարտունի քաղաքից։ Առանց վարանելու վտանգում էր սեփական կյանքը, միայն թե փրկեր մարդկանց։ 18 տարի ծառայել է Հայրենիքին, մասնկացել է 2016-ի, 2020-ի պատերազմներին, միշտ եղել ամենաթեժ մարտերում․ մի՞թե նա հերոս չէ,- հուզմունքը մի կերպ է զսպում 2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում պայթյունի զոհ դարձած Նաիրի Հովհաննիսյանի կինը՝ Նարինեն։
Տեղահանությունից հետո երեք անչափահաս երեխաների հետ հաստատվել է Արմավիր քաղաքում։ Ուրիշ ոչ մի տեղ չի կարող գնալ․ այստեղ է հանգչում ամուսինը։
-Այդպես էլ մեզ ոչ մի կարգավիճակ չի տրվել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այդքան անարդար վերաբերմունք է դրսևորվել պայթյունից տուժած ընտանիքների հանդեպ։ Ի՞նչ է նշանակում՝ արցախցին մասնակցի պատերազմներին, 2023-ի սեպտեմբերի արհավիրքում հրաշքով ողջ մնա, հասնի տուն և ընտանիքը ցեղասպանվելուց փրկելու համար շտապի վառելիք հայթայթելու, զոհ դառնա կրակներին ու նրան որևէ կարգավիճակ չտրվի։ Պայթյունի զոհերի մեծ մասն այդ տղաներն էին՝ հերոսներ, որոնց անցած մարտական ճանապարհը երբևէ ոչ ոք չի կարող անտեսել։
Սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո, երբ Մարտունին արդեն տարհանվում էր, մենք ևս սկսեցինք պատրաստվել։ Ամուսինս դիրքերից եկավ տուն, քիչ հետո նորից դուրս եկավ։ Տանը որոշակի քանակով վառելիք ուներ պահած։ Մի քանի ժամ հետո եկավ տուն՝ ասելով, որ վառելիք է տվել քաղաքապետարանին, որ տրամադրեն մի քանի ընտանիքների։ Ասաց նաև, որ ընկերոջ հիվանդ մայրը Ստեփանակերտում է, վառելիք է տվել, որ շուտ հասնի մորը։ Շատ գոհ էր, որ կարողացել էր մարդկանց օգտակար լինել։
Քիչ հետո մենք ևս դուրս եկանք Մարտունուց ու հասանք Ստեփանակերտ։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ամուսինս ինչու է գնացել վառելիքի պահեստը, քանի որ մեր ունեցած բենզինով կարող էինք հասնել Գորիս։
Քեռու զինծառայող տղայի հետ գնացին այնտեղ՝ այդ ահավոր վայրը։ Շատ էի խնդրում չգնալ, ասես զգում էի ինչ որ բան, երեխաներն էլ էին անհանգիստ։ Առանձնապես մեր փոքրիկը, որ հոր կողքից չէր ուզում հեռանալ։ Սակայն նա չլսեց մեզ, գնաց, ու մի քանի ժամ հետո կատարվեց սարսափելին։ Սկզբից մարմինները չէինք գտնում։ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքների գրեթե բոլոր հիվանդանոցներում փնտրում էինք, սակայն անարդյունք։
2023-ի նոյեմբերի 9-ին եկան նրա եղբոր, իսկ 12-ին ամուսնուս ԴՆԹ դրական պատասխանները։ Շատ էինք սպասում հրաշքի, քանի որ տարբեր խոսակցություններ էին գնում, որ մի քանի վիրավորների թշնամու շտապ օգնության մեքենաներն են դուրս հանել։ Իհարկե, դրանք կեղծ տեղեկություններ էին։ Հոգուս խորքում չեմ ուզում հավատում, որ Նաիրին չկա։ Երեխաներիս մոտ աշխատում եմ չլացել, փորձում եմ տիրապետել տագնապալից մտքերիս։ Դուստրերս արդեն մեծ են, ամեն ինչ հասկանում են, իսկ 8-ամյա որդիս դեռ սպասում է հայրիկին։
Նարինե Մկրտումյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքում է ծնվել, մեծացել, ուսում ստացել։ Երաժշտագետ է․ սիրում է արվեստը։ Նախքան ընտանիք կազմելն ու Մարտունի քաղաք տեղափոխվելը, աշխատում էր Ստեփանակերտի Կոմիտասի անվան դպրոցում, ինչպես նաև նվագակցում կամերային նվագախմբում։ Տեղափոխվելով Մարտունի՝ շարունակել է աշխատանքն արվեստի բնագավառում, պահպանելով կապը Ստեփանակերտի կամերային նվագախմբի հետ։ Արցախից տեղահանվելուց հետո Նարինեն դեռևս աշխատանք չի գտել։ Նրա փխրուն ուսերին են երեք զավակների խնամքն ու դաստիարակությունը։
-Երեխաներիս հետ ապրում ենք վարձակալած բնակարանում։ Այս տունը լրիվությամբ դատարկ էր։ Վարձակալելուց հետո ստիպված էինք փոքր սպառողական վարկով որոշակի գույք ձեռք բերել։ Ճիշտ է, բնակարանը նորմալ պայմաններ չունի, անգամ խոնավություն կա, սակայն իմ ունեցած հնարավորությունը թույլ չտվեց ուրիշ՝ ավելի բարեկարգ տուն վարձակալել։ Արդեն բնակապահովման ծրագրի շահառու ենք և այս պահին տուն ենք փնտրում։ Իհարկե, մեր 4 հոգուն նախատեսված գումարով չեմ կարծում, որ կկարողանանք պատշաճ տուն գտնել։ Հիփոթեքային վարկից օգտվել չեմ կարող, քանի որ աշխատանք չունեմ։ Մնում է բավարարվել եղածով ու համարժեք տուն գտնել։ Աշխատանք գտնելու համար դիմել եմ տարբեր տեղեր։ Ամեն տեղ մերժել են՝ ասելով, որ տեղ չկա։ Վերջերս արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում աշխատանքի ընդունվելու համար դիմել եմ Արմավիրի <<Երջանկության տնակ>> մանկապարտեզի տնօրենությանը։ Հուսով սպասում եմ պատասխանի։
Որպես կերակրողը կորցրած՝ երեխաներիս հետ մեկտեղ նույնպես նպաստ էի ստանում ՝ 38000 դրամ գումար։ Սակայն երբ դիմում ներկայացրի սոցապ ծրագրով աշխատանքի անցնելու համար համար, իմ նպաստն անմիջապես դադարեցվեց, թեև դեռևս աշխատանքի չեմ ընդունվել։ Հրատապ աջակցության ծրագիրը ևս մերժել է իմ դիմումը։ Ստանում եմ երեխաների նպաստներն ու նրանց բնակվարձերի աջակցությունը։ Այդ գումարով հեշտ չէ տան վարձ, կոմունալ ծախսեր վճարել, հետն էլ 3 երեխաների կարիքները հոգալ։ Իմ բալիկները չեն հաճախում ոչ մի պարապմունք, խմբակ, քանի որ հնարավորություն չունեմ վճարել։ Գիտեմ, որ պատերազմներում զոհվածների, պայթյունում տուժածների երեխաների համար տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, հիմնականում՝ Երևան քաղաքում։ Այս տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ կարողացանք մասնակցել, քանի որ ինձ համար մեծ խնդիր է տրանսպորտային ծախսը։ Նեղվում եմ, որ երեխաներս չեն մասնակցում այդ միջոցառումներին, անմասն են մնում արցախցի հասակակիցների հետ շփվելուց։
Նարինեն, պատմելով ներկայի մասին, կրկին խոսում է ամուսնուց, որին ճանաչել է 15 տարեկանից։ Պատանեկան սերը հասունացել ու ընտանիք է դարձել։ Նարինեն զգում էր, թե ինչքան ամուր ու ապահով է իր ու երեխաների թիկոինքը։ Ցավոք, կորցրել են այդ թիկունքը։
-Գիտե՞ք ինչքան ցավ եմ ապրում, երբ ամեն օր լսում եմ արցախցիների մահացության դեպքերի մասին, որոնցից շատերը հանկարծամահություն են։ Մարդիկ պարզապես չեն դիմանում կորստի ցավերին։ Ծանր եմ տանում, որ արցախցիները չեն կարողանում համապատասխան ու պատշաճ աշխատանք գտնել։ Օրերս մտա խանութ ու մի կին հանկարծ հարցեց՝ արցախցի ե՞ս, ես քո լեզվի՜ն մատաղ․․․ Մի քիչ խոսեցինք, ու ես ծանրացած սրտով դուրս եկա խանութից։ Կնոջը ճանաչեցի․ երբեմնի լավագույն մանկավարժը մաքրուհի է աշխատում։ Նրան չասացի, որ ճանաչել եմ, մտածեցի՝ կարող է նեղվել։
Սեպտեմբերի 25-ի պայթյունը մտքիցս ընդհանրապես դուրս չի գալիս։ Անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞նց են դիմացել մարդիկ կրակի դժոխքում, այդ անտանելի ցավերին։ Մարդու մատը մի փոքր այրվում է, ցավին չի դիմանում, իսկ նրանք․․․ Սարսռում եմ այդ մտքերից։ Իմ շրջապատում տեսնում եմ հրաշքով ողջ մնացած մարդկանց, ովքեր դեռևս պայքարում են ապրելու համար։ Ի՞նչ կլիներ՝ Նաիրին էլ ողջ լիներ, թեկուզ կես մարդ դարձած, բայց մեր կողքին։
Մեր ցավը շատ ծանր է, այն չի անցնի։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ ամուսինս Եռաբլուրում չի հանգչում։ Ինչո՞ւ արգելեցին, ինչո՞ւ տարանջատեցին մինչև վերջին պահը դիրքերում մնացած ու հայրենիքին նվիրված տղաներին։ Բոլոր զոհվածներն էլ հերոսներ են մեզ համար։ Ցավալին այն է, որ երբեմն մենք՝ պայթյունից տուժածների հարազատները, անտեսված ենք զգում մեզ։ Փորձում ենք մեր ցավը, վիրավորանքը, անարդարությունը խեղդել մեր մեջ ու շարունակել առաջ նայել։ Թե ինչքանով կհաջողվի, դժվարանում եմ ասել։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ