Հետաքրքիր է, որ շատերի մոտ հենց բլոկադային Ստեփանակերտն է մնացել հիշողությունների մեջ, ասես դրանից առաջ կյանք չի եղել այնտեղ:
Հետաքրքիր է նաեւ այն, որ Ալիեւը ոչ բոլոր տեղանունները, բնակավայրերի անուններն է փոխում` հաճախ բավարարվելով միայն մեկ տառի փոփոխությամբ. Վանքը` Վանգի, Քոլատակը` Քոլատագ, Արմենավանը թողել է չգիտես ինչու: Այս ամենը մի տեսակ «անգլերեն սովորած» այն երեխայի մասին անեկդոտն է հիշեցնում, ով բառերին նրբերանգներ ավելացնելով, «անգլերեն» է դարձնում դրանք:
2020թ. հետո արցախցիների կրակարանները (մաղալ) սկսեցին մարել. «մեր հյուրին ասա, որ միսն էլ կա, փայտն էլ, բայց էսքանից հետո ես հո՞ւնց շամփուր շոռ տամ», ասում էր մի Կրասնի բազարեցի, երբ նրա տուն հյուր էր եկել բրիտանացի մի լրագրող: Այդպես խորովածի փոխարեն տապակեց միսը տանտերը:
Ճիշտ են ասում, որ քաղաքը մարդիկ են, ոչ թե շենքերը: Գովասանություն չհնչի, բայց Ստեփանակերտն այդպիսի քաղաք էր:
Երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին կանայք ու երեխաները հեռացել են Ստեփանակերտից, հիշում եմ, թե ինչպես էր կերպարանափոխվել քաղաքը, ասես շենքերը փոխել էին իրենց գույնը: Ես միայն մի շաբաթ հետո զգացի, թե ինչ է պակասում քաղաքին:
Շատերը կփաստեն ու կհիշեն, թե ինպիսին էր կյանքը 2020թ. հետո մայրաքաղաքում: Չնայած տեղի ունեցած ողբերգությանը, մի նոր շրջափուլ էր սկսվել. կհիշեք ամառային զբոսանքները հրապարակում, նոր սրաճարաններ ու նոր երիտսարդներ Հադրութից, ովքեր ոչ թե իրենց ցավն, այլ ավյունն ու գեղեցկություն էին բերել (զվարճալի էր, երբ մի հադրութեցի տաքսիստ հարցնում էր Արմենիա հյուրանոցի տեղը): Մի խոսքով, նորը սկսելու հույս, թարմության մի զգացում կար:
Դուք էլ, երեւի, աչքի տակով հետեւում եք, թե ինչպես է հիմա փոխվում Ստեփանակերտի դիմագիծը, տեսել եք, երեւի, որ Ալիեւը շենքերը սպիտակ է ներկել, որոշներն էլ քանդել ու «հաղթանակի պուրակ» է կառուցել: Ես երկար չէի հասկանում, թե ինչ տեսք է ստանում քաղաքը, մինչեւ որ Սփյուռքից իմ ծանոթներից մեկը դիպուկ գնահատակ տվեց. «Ալիեւը ձեր քաղաքն «Աշխաբադ» է դարձնում»:
Այս նոր տարուն էլի նույն ավտոբուսի ժողովրդին բերել են հրապարակ, կիսամութ քաղաքում սալյուտներ են խփել, էկրանից Ալիեւը շնորհավորել է հավաքվածներին, թեկուզ ինքը որոշել է իսկական Նոր տարի անել` Բաքվում (տարին մեկ անգամ է, հո չի փչացնելու իր տոնը):
Եթե անկեղծ լինեն` կխոստովանեն, որ տոնական մթնոլորտ չի եղել, չեն զգացել այն ուրախությունը, ինչ սովորաբար զգում են մարդիկ Նոր տարվա գիշերը հայրենիքում: Ավելի շուտ հավաքվել են «հաղթանակ», բայց ոչ Նոր տարի նշելու համար:
Ալիեւի պես թացը չորից տարբերող շատ ադրբեջանցիներ կան, եւ գերակշռող մասն է այդպիսին: Ո՞վ է միամիտ, որ Բաքվի իր տունը թողնի եւ հայի «հարամ» տանը դիմավորի Նոր տարին: Ինչ գույն էլ ներկես, դրանից մի բան քոնը չի դառնում, եթե այն ուրիշինն է:
Պատկերացնել կարելի է, թե ինչպես է անցել Նոր տարին Ստեփանակերտում. գիշերն իրար հյուր գնացողներ չեն եղել, կենաց-մաղթանքներ չեն եղել, ծուխ ու խորովածի հոտ չի եղել, ոչ էլ հունվարի 1-ին գերեզմաններ գնացողներ:
Մարութ Վանյան