Պապիկյանը Արցախի ԱԺ-ի մասին․ Ես նման ինստիտուտ չեմ ճանաչում, նրանք վիրտուալ մարդիկ են

  • 17:51 13.01.2026

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանի հրամանագրին՝ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից զրկելու մասին։

«Ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրիանական կառավարությունից զատ որեւէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ-որ մտածածին, առոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ, իրենց վիրտուալ որոշումներով համացանցը լցնում են, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Բոլորին պարզ է, որ դրանք առոչինչ ակտեր են կամ ինչ-որ շրջանակի սփոփելու, իրենց գոյությունն ու ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում։ Սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի, որ սրան արձագանքեն իրավապահ մարմինները, համապատասխան մարմինները կարձագանքեն»։

Պապիկյանն ասաց, որ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած զինծառայողները վստահաբար կարող են ասել, որ նա մշտակես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ կոչումների է արժանացել հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաներին զինվորականների մասնակցությանը, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերն ինչ-որ բանի մասնակցեն։ Այդ ժամանակ դուք կարձանագրեք 1, 2, 3 հոգու, թե՞ կհազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց»։