
Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցը հերթական նշանակալի հաջողությունն է գրանցել։
Դպրոցի զինղեկ, արցախցի Արման Ավանեսյանի անմնացորդ նվիրումն ու պատասխանատու աշխատանքը կարևոր դեր ունեն այս հաջողությունների արձանագրման գործում։ Նա ոչ միայն պատրաստում է մրցունակ թիմ, այլև աշակերտներին փոխանցում է հայրենասիրության, կամքի ուժի, կարգապահության և հաղթանակի ձգտման արժեքները։
Նրա հետևողական աշխատանքի շնորհիվ Շահումյանի միջնակարգ դպրոցի թիմը մեկը մյուսի հետևից արձանագրում է հաջողություններ։ Էջմիածին խոշորացված համայնքի դպրոցների միջև անցկացված մրցույթում թիմը գրավել է առաջին տեղը, իսկ երեկ փայլուն արդյունք է գրանցել նաև Արմավիրի մարզային մրցույթում՝ կրկին արժանանալով առաջին մրցանակային տեղին։
Առջևում նոր ու ավելի պատասխանատու փորձություն է․ Շահումյանի միջնակարգ դպրոցի թիմը պատրաստվում է հրաձգության հանրապետական մրցույթին՝ Արմավիրի մարզը պատվով ներկայացնելու նպատակով, որը կկայանա նոյեմբերի 13-ին։ Ուրախությամբ նշենք, որ թիմի կազմում է նաև արցախցի Վալենտինա Բարսեղյանը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ