Վտանգված ժառանգություն․ Անահիտի աղբյուրը Հացի գյուղում

Մեծ Հայքի Արցախ նահանգի, Մուխանք գավառի, հետագայում Վարանդա, Հացի գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, Բովուրխան լեռան արևելյան Պտկեսբերք լեռնաճյուղի արևելահայաց լանջին։

Ձորերն այստեղ պահպանում են նախաքրիստոնեական խորհրդավոր ծիսակարգերի արձագանքը։ Որտեղ մարդիկ խոնարհվում էին Հացի սրբազան ծառին՝ տեսնելով նրա ճյուղերի մեջ տիեզերքի կենսական կառուցվածքը։

Այս բնակավայրի հետ է կապված Վաչագան Բարեպաշտ թագավորի ու նույն գյուղի աղջիկ՝ Անահիտի հանդիպման պատմությունը։ Գեղեցիկ ավանդույթն ասում է, որ հենց այս կենսատու աղբյուրի մոտ է ծնվել թագավորի և հասարակ, բայց իմաստուն շինականի դստեր՝ Անահիտի լուսավոր սերը։

Ամռան արևոտ մի օր, ճանապարհից հոգնած երիտասարդ Վաչագանը մոտենում է աղբյուրին և ջուր խնդրում աղջկանից։

Անահիտը, նկատելով երիտասարդի շոգատանջ վիճակը, ցուցաբերում է բացառիկ հոգատարություն ու ժողովրդական խոր իմաստնություն․ նա գիտեր, որ սառնորակ ջուրն անմիջապես խմելը կարող է վնասել հոգնած ճամփորդին։ Ուստի, նրբանկատորեն անընդհատ լցնում ու դատարկում է սափորը՝ թույլ տալով, որ Վաչագանը փոքր-ինչ հանգստանա և վայելի ջրի զովությունը։

Այս սրտացավ ու հոգատար արարքն այնքան է հմայում Վաչագանին, որ նա առաջին հայացքից սիրահարվում է բարի ու գեղեցիկ Անահիտին և որոշում կնության առնել նրան։

Առավել հետաքրքրական է այն, որ Անահիտը թագավորին մերժում է ամուսնության հարցում, քանի դեռ նա որևէ արհեստ չի սովորել։ Սա խորհրդանշում է, որ ոչ թե իշխանությունն ու հարստությունն են մարդուն արժևորում, այլ աշխատանքն ու արհեստը։ Արդյունքում Վաչագանը սովորում է գորգագործություն։

Այսպես, ժողովուրդը սիրով վերափոխել է հեթանոսական Անահիտ աստվածուհու պաշտամունքը՝ նվիրելով այս սրբավայրը վաղ քրիստոնեական գեղեցիկ ավանդազրույցի հերոսուհուն։

Հատկանշական է, որ Արցախյան տեղանվանաբանության մեջ «Անահիտի աղբյուր» անվանումը հանդիպում է նաև այլ բնակավայրերում և սրբատեղիներում, ինչպես օրինակ՝ Կիչանի անապատի և Եղիշե Առաքյալի վանական համալիրների տարածքում։

Ավանդազրույցը վառ գույներով անմահացրել է Ղազարոս Աղայանն իր սիրված «Անահիտ» հեքիաթում։

1909 թվականին Խոսրով Ավթանդիլյանի կողմից միջնադարյան աղբյուրը վերակառուցվել է, որի մասին պահպանվել է հիշատակագրական արձանագրություն․ «Այս աղբիւրս կառուցեց Հացի գիւղացի | ուստա Խոսրով Գր. Աւթանդիլեանց | իւր եւ իւր կին Գիզի Գր. Աւթանդիլե(ա)նի | յիշատակին, 1909»:

Միակտոր արձանագիր քարն ագուցված է աղբյուրի ձախ կողմում՝ տարբեր ջրամանների համար նախատեսված հարթակի առջևի պատին։

Հնավայրի մասին պատմաբան Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում նշում է․ «․․․․ Անահիտի աղբյուրի մոտ կան մի հրաշալի խաչքար և հին տաճարի ավերակներ։ Խաչքարի վիմագրության համաձայն այն XIII դարում կերտել է վարպետ Սահակը»։

Շինությունը կազմված է երկայնական ետնապատից և առջևում քարե մեծ նովից, որոնք ավարտվում են կիսաշրջանաձև ետնապատով ու շրջանաձև փոքր նովով, որտեղից էլ իրականացվում է ջրահեռացումը։ Ետնապատը շարված է սրբատաշ, կոպտատաշ և այդ տարածքին յուրահատուկ շերտաքարերով, սվաղված է։ Նովը կազմված է խոշոր ուղղանկյուն քարերից։ Ջրի ափաձև ակը գտնվում է ձախ կողմում։ Վերջինիս աջ մասում՝ աղբյուրի ետնապատի ուղղանկյունաձև խորշի մեջ, ագուցված է 13-րդ դարի խաչքար։ Այն պահպանում է հուշարձանի սրբազան գործառույթը։

Երբ մոտենում ես Անահիտի աղբյուրին, թվում է՝ ջրի կարկաչի մեջ կարելի է լսել հին հեքիաթի շարունակությունը։

Արմինե Հայրապետյան