
Սուրեն Թովմասյանն Արցախից է տեղահանվել։ Նրա 3 հոգանոց ընտանիքն ապրում է Երևան քաղաքում։ Ինչպես արցախցի փոքրաթիվ ընտանիքների զգալի մասը՝ Թովմասյանները ևս կանգնած են բնակարան ձեռք բերելու խնդրի առաջ։
Նրանք գտնում են, որ դա պարզապես անհնար է
-36 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Վերջին 23 տարիներին Արցախի ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնն էի զբաղեցնում, միաժամանակ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով։ Տեղահանությունից հետո չկարողացա իմ մասնագիտությամբ որևէ տեղ աշխատանք գտնել։ Սկզբից ես ևս չէի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել, սակայն հետո հասկացա, որ դա բոլորովին չի խանգարելու Արցախ վերադառնալու համար, որի հույսը երբեք չեմ կորցնում։
Քաղաքացիություն ընդունելուց հետո էլի չստացվեց պետական հիմնարկներում աշխատանք գտնել։ Ընտանիքիս հոգսերը հոգալու համար ստիպված էի աշխատանք գտնել միայն մասնավոր ոլորտում և, որպես անվտանգության աշխատակից, մտա աշխատանքի։ Ավելի քան 2 տարի է, ինչ այդ ոլորտում եմ։
Հուլիս ամսից աշխատում եմ 2 տեղ։ 60 տարեկան հասակում մասնակցել եմ ՀՀ <<Պահապան արծիվ>> ուսումնական կենտրոնում կազմակերպված <<Պահնորդի գործ>> դասընթացներին, հանձնել քննություն ու ստացել պահնորդի որակավորում։ Կարողացել եմ ստեղծել աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Երբեմն առաջարկություններ եմ անում մեր աշխատանքի բարելավման ուղղությամբ, ասում եմ իմ տեսակետները, որոնք ընդունվում են վերադասի կողմից։
Մշակում եմ նաև մեր վարձակալած տան տնամերձ հողամասը, որտեղ կան պտղատու ծառեր (ծիրանի, սալորենի, թզենի)։ Որպեսզի բերքը չփչանա, նաև օղի եմ արտադրում՝ անձնական կարիքների համար։ Փորձում եմ պահպանել արցախյան բարի ավանդույթները և հնարավորության սահմաններում հանդիպումներ եմ կազմակերպում մեր տանը, որը շատ կարևոր է յուրաքանչյուր տեղահանվածի համար։
Վատն այն է, որ երկու տեղ աշխատում եմ ու ստանում ընդամենը 150 հազար դրամ, որն էլ ուղղվում է տան վարձավճարին՝ առանց կոմունալ վճարումների։ Կինս նույնպես աշխատում է, իհարկե, ոչ իր մասնագիտությամբ, աղջիկս ուսանող է։ Բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերի շահառու չենք։
Բնակապահովման ծրագրից դեռևս չենք օգտվել, որովհետև նախատեսվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել, անգամ մարզերում։ Մեր ընտանիքի եկամուտները բավարար չեն, որպեսզի կարողանանք օգտվել հիփոթեքային վարկերից։
Չգիտեմ՝ երբևէ կունենա՞նք սեփական տանիք․․․

Սուրենը զրույցի ընթացքում հիշողություններով անընդհատ Արցախ է գնում, որտեղ մի ամբողջ կյանք է ապրել, ստեղծել ու արարել։ Մինչև տեղահանության պահը նա զբաղվում էր տնտեսությամբ՝ ցանկանալով որևէ բարիք ստեղծել, որպեսզի շարունակեն հաղթահարել շրջափակումը, որովհետև չէր սպասում, որ կլքեն Արցախը։ Երբ հասկացավ, որ տեղահանությունն անխուսափելի է, վերջին անգամ շրջեց իր տնտեսությամբ, որտեղ հավեր ու խոզեր էր պահում։ Կերակրեց ու բաց թողեց։
-Տանից դուրս եկանք՝ մեզ հետ վերցնելով միայն անհրաժեշտ իրերը։ Սիրտս ճմլվում էր ցավից։ Ո՞ւմ էի թողնում ծնողներիս շիրիմները, հայրենի հողս։ Շատ նպատակներ ունեի, բոլորը կիսատ մնացին։
36 ժամ հետո մեր ընտանիքը հատեց Հակարին։ Հոկտեմբերի 1-ին Երևանում էինք։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ տուն ենք փոխել։ Փորձում ենք հնարավորինս հարմարվել իրականությանը․ դեռևս չի ստացվում։
Հայրական տունս Քյաթուկում էր։ Թեև մեր գյուղն արդեն դատարկված էր, սակայն ես, ինչպես բոլոր քյաթուկցիները, շատ էի կապված հայրենի բնօրրանիս հետ։ Մեծ հույսեր ունեի, որ թոշակի անցնելուց հետո կտեղափոխվեմ Քյաթուկ և այնտեղ կշարունակեմ գյուղատնեսություն ծավալել։ Որոշել էի հայրական տունս վերանորոգել։
Ամեն ինչ զրոյացավ 2023-ի սեպտեմբերին։ Վերջին պատերազմն ու նրան հաջորդող սարսափելի պայթյունը մինչև այսօր հանգիստ չեն տալիս։ Անմեղ զոհեր և բազմաթիվ անպատասխան հարցեր․․․ Միայն մի բան գիտեմ՝ արցախցին ուժեղ է, վճռական ու պատրաստ է ամեն մի փորձություն հաղթահարել։
Չեմ ուզում կորցնել հավատս, որ օրերից մի օր կվերադառնանք ու կշենացնենք մեր հողը։ Մենք սովոր ենք․ կրկին կվերածնվենք մայր հողում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ