
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ ապրանքներ արտահանող մի քանի երկրների համար մաքսատուրքերի նոր փուլի մասին, որը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից։
Թրամփը հայտարարել է, որ այս մաքսատուրքերը ուժի մեջ կմնան մինչև «Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական ձեռքբերման համաձայնագրի կնքումը»։
Իր TruthSocial սոցիալական ցանցի էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ փետրվարի 1-ից սկսած Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նման երկրներից կգանձվի 10% մաքսատուրք «ԱՄՆ առաքվող բոլոր ապրանքների» համար։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25%։
«Չինաստանը և Ռուսաստանը ցանկանում են տիրանակ Գրենլանդիային, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։ Նրանք ներկայումս ունեն երկու շան սահնակ՝ իրենց պաշտպանելու համար, որոնցից մեկը նոր է։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կարող է խաղալ այս դերը հաջողությամբ։ Ոչ ոք չի դիպչի այս սրբազան հողակտորին, հատկապես, երբ վտանգված է Միացյալ Նահանգների և աշխարհի ազգային անվտանգությունը», – շարունակել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները և Ֆինլանդիան «անհայտ նպատակներով են եկել Գրենլանդիա» և խաղում են «շատ վտանգավոր խաղ»։
«Պետք է ձեռնարկվեն խիստ միջոցներ՝ այս պոտենցիալ վտանգավոր իրավիճակը արագ և անվիճելիորեն լուծելու համար», – հավելել է Թրամփը։
Գրենլանդիայում դանիական բանակը կենտրոնացած է Ռուսաստանի հնարավոր ակտիվությանը հակազդելու, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքներից պաշտպանվելու վրա, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Գրենլանդիայում Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Սյորեն Անդերսենը։