Թաղավարդից Ստեփանավան․ բոլորիս երազանքները հոդս ցնդեցին 2023 թ. սեպտեմբերի 19-ին

  • 14:39 21.01.2026

Ալվինա Գևորգյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Step1.am-ի հետ զրույցում նա պատմել է հետպատերազմյան Արցախում իր ապրած կյանքի ու տեղահանության մասին:

“2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը անցավ ադրբեջանական օկուպացիայի տակ: Պատերազմի ավարտից հետո, չնայած վտանգավոր պայմաններին, մենք շարունակեցինք ապրել Թաղավարդի մեր վերահսկողության տակ մնացած մասում, հույս ունենալով, որ շուտով ազերիներին կպարտադրեն լքել մեր հայրենիքը, ու մենք առաջվա պես կապրենք ազատ ու անկախ Արցախում:

Մեր բոլորիս երազանքները հոդս ցնդեցին 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հերթական կործանարար պատերազմը: Այդ ժամանակ ես ու ամուսինս՝ Արկադին, 83-ամյա մորս Նինա Թամրազյանի հետ ապրում էինք Թաղավարդում, իսկ հարսս երեխաների հետ բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում: Որդիս 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է Ջրականի մարտերին և 30 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո մի կերպ դուրս էր եկել: 2023 թվականի սեպտեմբերին նա ակտիվորեն մասնակցել է մարտական գործուղություններին և մինչև վերջին վարկյանը պաշտպանել հայրենի Թաղավարդ գյուղը:

Երբ սկսվեց մեկօրյա պատերազմը, ես աշխատում էի գյուղում գտնվող ձեթի գործարնում: Սեպտեմբերի 19-ին թշնամու հրետակոծության ներքո մի կերպ աշխատավայրից հասա մորս տուն: Մայրս նստած էր դռան մոտ և վախից դողում էր: Ես նրան արագ դուրս բերեցի տնից և հարևանների հետ ուղարկեցի Կարմիր շուկա՝  թաքստոց, իսկ ինքս գնացի տուն, որպեսզի ուտելիք պատրաստեմ և ուղարկեմ դիրքեր:

Առավոտյան, երբ մարտերն ավելի թեժացան, մեզ տեղափոխեցին մի ուրիշ գյուղ: Այնտեղ մնացինք 4 օր, այնուհետև ասեցին, որ պետք է ամեն ինչ թողնենք ու լքենք Արցախը, քանի որ հանրապետության նախագահը այլևս պատասխանատու չէ մեր անվտանգության համար:

Մի կերպ զանգեցի տղայիս, որպեսզի նա գա և միասին դուրս գանք: Ոնեինք 2 մեքենա, սակայն վառելիքի պակասի պատճառով կարողացանք դուրս բերել միայն մեկը: Մի կերպ դուրս եկանք գյուղից և դաժան խոչընդոտներ հաղթահարելով հասանք Ստեփանակերտ:

2 օր տարեց մորս հետ միասին մնացինք մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում անտանելի պայմաններում: Այնուհետև հաջողվեց հայթայթել փոքր ծավալով վառելիք ու դուրս գալ Արցախից:

Սեպտեմբերի 28-ին, հաղթահարելով դժողքի ճանապարհը, հասանք Գորիս: Մեկ օր հետո Գորիսից տեղափոխվեցինք Ստեփանավան, որտեղ բնակվում ենք առ այսօր:

Ապրում ենք վերադարձի մեծ հույսով  և հենց դա էլ օգնում է հաղթահարել առօրյա մեր բոլոր դժվարություները”:

Արսեն Աղաջանյան