
Արցախցի ուսանողներն այսօր ոչ միայն կրթություն ստացող երիտասարդներ են, այլ նաև սերնդի ներկայացուցիչներ, որոնց ուսանողական տարիները համընկել են պատերազմի, կորուստների և մշտական անորոշության հետ։ Նրանց ճանապարհը դեպի գիտելիք երբեք հարթ չի եղել․ այն անցել է շրջափակումների, բաժանումների, ցավի ու սպասման միջով։ Սակայն այդ նույն ճանապարհին ձևավորվել է նաև նրանց ամրությունը, նպատակասլացությունն ու պատասխանատվության զգացումը։
Այդ ուսանողներից մեկն է Յանան՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհին, ում բուհ ընդունվելը եղել է պատերազմի ամենածանր տարիներին։
Յանային երբեք չեն լքում այն ապրումները, երբ նա պատրաստվում էր դառնալ բժշկական համալսարանի ուսանողուհի․ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո էր
-Այդ շրջանում իմ հոգեվիճակը լի էր լարվածությամբ, վախով ու ներքին պայքարով․ մի կողմից՝ պատերազմական իրականությունը, մյուս կողմից՝ բժշկի մասնագիտության ընտրության մեծ պատասխանատվությունը։ Բայց ոչինչ չկարողացավ կոտրել ինձ։ Ընդհակառակը, դժվարությունները դարձան շարժիչ ուժ՝ սովորելու, առաջ գնալու և ապացուցելու, որ նույնիսկ ամենածանր պայմաններում հնարավոր է մնալ նպատակին հավատարիմ։
Երրորդ կուրսում էի, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ստիպված եմ եղել ապրել Արցախի շրջափակման ծանր ամիսները՝ գտնվելով ընտանիքից հեռու։ Այդ բաժանումը, անհանգստությունը հարազատների համար, անորոշ սպասումը կարող էին շատերին կանգնեցնել, բայց ոչ ինձ։ Ես շարունակեցի սովորել՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն, պարտաճանաչություն և մասնագիտական լուրջ մոտեցում։ Ի սկզբանե գիտեի, որ հեշտ չէ սովորել բժշկականում, սակայն բժշկուհի դառնալու իմ երազանքը շատ ավելին էր, քան ցանկացած դժվարություն։ Պարտավոր եմ սովորել, լինել լավագույն ուսանողներից մեկը․ չէ՞ որ պետք է արդարացնել ծնողներիս, իմ հարազատ՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներիս հույսերը։
Թեև դեռ չեմ ընտրել նեղ մասնագիտական ուղղությունը, բայց ինձ տեսնում եմ բժշկության տարբեր ոլորտներում։ Իմ երազանքը մեկն է՝ վերադառնալ Արցախ և այնտեղ աշխատել՝ իմ գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով հայրենի հողին։ Դա երազանք է, ծնված ցավի ու կարոտի մեջ, բայց լի հույսով։ Մնում է միայն հավատալ, որ այդ երազանքն անկատար չի մնա։
Յանա Կասյանի պատմությունը միայն մեկ ուսանողի մասին չէ․ այն Արցախի բազմաթիվ երիտասարդների հավաքական դիմանկարն է, ովքեր, ցավի միջով անցնելով, չեն հրաժարվել իրենց երազանքներից։ Նրանք սովորում են ոչ միայն իրենց ապագայի, այլ նաև իրենց ժողովրդի վաղվա օրվա համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ