
Ադրբեջանի իշխանություններն Արցախում հայերի տներում բնակեցնում են ադրբեջանցիներին։ Վերջին շրջանում արցախցիները տեսանյութեր են տեսնում, որտեղ երեւում է, որ իրենց տներում ադրբեջանցիներ են ապրում։
Արցախում մնացած հայերի սեփականության ու մյուս իրավունքների մասին Step1.am-ը զրուցել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։
-Միջազգային իրավունքի լեզվով Ադրբեջանի նախագահի գործողություններն ըստ էության կրում են միջազգային հանցագործության բնույթ։ Սրանք սոսկ ձևական խոսքեր չեն, հիմնված են միջազգային նորմերի վրա։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը հռչակում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»։ Այն փաստը, որ արցախցիները բռնի տեղահանվել են, չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց տների ու հողերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Ադրբեջանի կողմից իրականացվող վերաբնակեցումն ապօրինի զավթում է (expropriation): Ժնևի 4-րդ կոնվենցիայի 49-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է օկուպացնող տերությանն իր քաղաքացիական բնակչության մի մասին տեղափոխել իր կողմից օկուպացված տարածք։ Սա միջազգային իրավունքով որակվում է որպես ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխություն, ինչը պատերազմական հանցագործություն է»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։
Այստեղ կարող է հարց առաջանալ այն մասին, թե Արցախը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի ինքնիշխանության տարածք։ Հետևապես, այս գործողությունները բխում են իր ինքնիշխանության իրավունքից։ Բայց նույնիսկ այդ դեպքում օկուպացիաի իրավական նշանակությունը չի կորցնում իր հատկությունը, քանի որ գործ ունենք առանձին մշակույթային և բնօրրան տարածքի հետ։ Հետևապես, տվյալ դեպքում սեփականության իրավունքը հանդես է գալիս բացարձակ իրավունքով, ինչը ոչ նման դեպքերում, օրինակ, քաղաքացիական իրավունքում սեփականության իրավունքը բացարձակ ուժով չի գործում։ Միևնույն ժամանակ այդ իրավունքը չունի ժամկետային սահմանափակումներ»,- նշեց նա։
Այս իրողությունը հակասում է նաև ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրին և ՄԱԿ-ի Փախստականների և տեղահանվածների իրավունքների վերաբերյալ սկզբունքներին։ Էթնիկ զտման կամ բռնի տեղահանության հետևանքով լքված գույքը չի դառնում լքված կամ անտեր գույք։ Այդ գույքի սեփականատերը շարունակում է մնալ այն անձը, ով օրինական կերպով այն ձեռք է բերել՝ անկախ նրանից՝ գտնվում է այնտեղ, թե ոչ։ Այդ տներում այլ անձանց վերաբնակեցումն առանց օրինական սեփականատիրոջ համաձայնության հանդիսանում է ապօրինի բռնազավթում, գույքի յուրացում և միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել որպես «վերաբնակեցում», չի փոխում իրավական էությունը։
Այստեղ պետք է մտաբերել՝ ի՞նչ է լինելու այդ գույքի հետ, որո՞նք են դրա հեռանկարները։ Ռեստիտուցիան (Restitution)- դա գույքի վերադարձն է օրինական տերերին։ Միջազգային իրավունքով Ռեստիտուցիան գերակա սկզբունք է։ Նույնիսկ, եթե այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, ապա նրանք միջազգային իրավունքով դիտվում են «անբարեխիղճ տիրապետողներ»։ Միևնույն ժամանակ, նկատի պետք է առնել կոմպենսացիաի սկզբունքը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է վճարել շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցում՝ (Compensation) գումարած բարոյական վնասը։ Իսկ ինչո՞ւ է Ալիևը շտապում, պատասխանը մեկն է՝ փորձ է արվում ստեղծել «կատարված փաստի» (fait accompli) իրողություն։ Նա փորձում է աշխարհին ցույց տալ, թե տարածքն արդեն բնակեցված է իր քաղաքացիներով, որպեսզի բարդացնի հայերի վերադարձի իրավական գործընթացը։ Սակայն իրավունքի տեսանկյունից դա ոչինչ չի փոխում. զավթված տունը մնում է զավթված։
-Պարոն Մարտիրոսյան, ձեր պատասխանից պարզ է դառնում, որ արցախցիներն ունեն իրավունքներ, միևնույն ժամանակ Ալիևի մոտ կան վախեր՝ կապված վերադարձի հետ։ Ի՞նչ պետք է անել, ունե՞նք արդյոք իրավական ճանապարհներ։
-Թույլ տվեք հիացմունք արտահայտեմ ձեր հարցի նկատմամբ․ Ալիևի վախը և արցախցիների իրավունքը նույն մեդալի երկու կողմերն են։ Ադրբեջանի շտապողականությունը՝ բնակեցնելու Արցախը օտարներով, հենց այդ վախի դրսևորումն է։ Նրանք գիտեն, որ քանի դեռ տարածքը դատարկ է, միջազգային օրակարգում «վերադարձի իրավունքը» (Right of Return) մնում է որպես պայթյունավտանգ հարց։ Իրավական տեսանկյունից մենք ունենք հստակ ճանապարհներ, որոնք պետք է հետևողականորեն օգտագործել։ Այս հարցում ժամանակը ի վնաս մեզ է աշխատում։
Մենք արդեն ունենք հզոր հիմք։ 2023թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Արցախից հեռացած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։ Սակայն Ադրբեջանը երբեք չի գնա այդ պահանջի կատարմանը։ Այս դեպքում պետք է կիրառվի ֆիզիկայի ներազդելու օրենքը․ Հայաստանը պետք է պարբերաբար զեկույցներ ներկայացնի դատարանին այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում որոշումը, այլև ապօրինի վերաբնակեցմամբ խոչընդոտում է վերադարձին։ Սա բերում է միջազգային պատժամիջոցների հնարավորության։
Մյուս կողմից, Արցախի քաղաքական իշխանությունը պարտավոր է առաջնորդվել Արցախի շահի առաջնայնությամբ։ Ալիևը ամեն օր կամ շաբաթ պետք է հայտնվի դատարանների առջև։ Ընդ որում ոչ միայն քաղաքացիական բնույթի պատասխանատվությամբ, այլև մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններով։ Էթնիկ զտումը և դրան հետևող «ժողովրդագրական ինժեներիան» (վերաբնակեցումը) միջազգային քրեական իրավունքի տիրույթում են։ Ի՞նչ անել այս դեպքում․ դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Հռոմի ստատուտի շրջանակներում։ Այն փաստը, որ Ադրբեջանը տեղավորում է իր քաղաքացիներին հայերի տներում, հանդիսանում է բնակչության բռնի տեղահանման հետևանքների ամրապնդում, ինչը պատժելի արարք է։ Նկատենք, որ այստեղ իրավական լուրջ հիմքեր ունենք միջազգային հարթակներում վերադարձի հարցը կապել «միջազգային պրոտեկտորատի» կամ «խաղաղապահ երաշխիքների» հետ։ Մենք պետք է ասենք. «Մենք վերադառնում ենք մեր տները, բայց ոչ Ադրբեջանի ենթակայության տակ, այլ միջազգային իրավական պաշտպանության ներքո»։
–Ձեր կողմից բերված փաստարկներն անվիճելի են։ Ի՞նչ կասեք, ինչո՞ւ ՀՀ-ն չի գործադրում նշված իրավունքը։
-Այն, որ իրավական գործիքները կան, բայց դրանք չեն գործադրվում ամբողջ թափով, ունի մի քանի պատճառ՝ սկսած քաղաքական զգուշավորությունից մինչև ռազմավարական սխալ հաշվարկներ։ ՀՀ ներկայիս իշխանությունները որդեգրել են մի մարտավարություն, որտեղ ցանկացած կտրուկ իրավական քայլ, օրինակ, Արցախի սեփականության հարցով զանգվածային հայցերը միջազգային ատյաններում, դիտարկվում են որպես «խոչընդոտ» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին։ Մեծ ցանկություն ունեմ մտածել, որ ՀՀ իշխանությունը, նկատի ունենալով սեփականության իրավունքի իրացման ժամկետի սահմանափակման իրավական ռեժիմի բացակայությունը, այդուհանդերձ սպասում է ներկայիս աշխարհակարգի փոփոխությանը։ Սակայն դա բնավ չի ազատում Արցախի իշխանություններին իր ժողովրդի առջև պատասխանատու լինել։ Անկեղծ ասած, ենթադրում եմ, որ Արցախի իշխանության մոտ նշված իրավական միտքը բացակայում է կամ առկա է, սակայն թափանցիկ չէ։ Արցախցիների մոտ դրանով իսկ ձևավորում են հուսալքության զգացողություն, ինչը անկասկած ոչ թե անթույլատրելի է, այլ խիստ վտանգավոր նրանով, որ կարող ենք կորցնել Արցախի էթնոմշակույթային տարրը, որն իր յուրօրինակությամբ թեև առանձին հատկանիշներ ունի, այդուհանդերձ, ամբողջացնում է ազգային նկարագիրը։