Արցախահայության պահանջն օրինական է

  • 13:56 20.02.2026

ԳՐԵԹԵ 40 ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ԱՐՑԱԽԱՀԱՅՈւԹՅՈւՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ
ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Երրորդ երկրի՝ Խորհրդային Ռուսաստանի կուսակցական մարմնի՝ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 67 տարիներ առաջ թույլ տված կոպիտ սխալն ուղղելու և մայր Հայաստանին վերամիավորվելու նպատակով շաբաթներ շարունակ 50 հազարին հասնող մարդկանց մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզկենտրոն Ստեփանակերտում տեղի ունեցող չընդհատվող հուժկու հանրահավաքների պահանջով 38 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1988թ. փետրվարի 20-ին, Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը: Միաժամանակ ներկայացնել միջնորդություն Խորհրդային Միության Գերագույն խորհրդին սույն հարցը դրական լուծելու նպատակով»:

Խորհրդային Հայաստանի հայությունը արագ արձագանքեց արցախահայության արդար և օրինական պահանջին ու միացավ հարազատ ժողովրդին: Այդ օրերին Երևանում ևս տեղի էին ունենում արցախահայության պահանջը պաշտպանող բազմահազարանոց հանրահավաքներ:

Խորհրդային Հայաստանի հայությունը հեղեղել էր Երևանի և Խորհրդային Հայաստանի մյուս քաղաքների փողոցներն ու հրապարակներն ի պաշտպանություն արցախահայության արդար պահանջի:

Արցախահայությունը ժամանակի օրենսդրության համաձայն, քաղաքակիրթ եղանակով ձևակերպել է իր պահանջը, որը, սակայն, ոչ միայն անտեսվել է ԽՍՀՄ բարձրագույն իշխանության պատկան մարմինների կողմից, այլև վերջիններիս իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը Ադրբեջանի տարբեր բնակավայրերում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրել է պետական մակարդակով ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ, նույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Գանձակ քաղաքներում, իսկ 1990թ. հունվարի 13-19-ը մայրաքաղաք Բաքվում:

Չնայած դրան, Արցախի հայությունը չի ընկճվել, ինքնակազմակերպվել է և, հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների վրա, շարունակել է հետևողականորեն առաջ մղել իր արդար պահանջը: Արցախահայությունը չի հրաժարվել այդ պահանջից նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սանձազերծել է նվաճողական պատերազմ՝ ներգրավելով միջազգային ահաբեկչական ցանցերի` Թալիբանի և Ալ-Կաիդայի ավելի քան 2000 և ահաբեկիչ Շամիլ Բասաևի հարյուրավոր չեչեն գրոհայիններին:

Արցախահայության արդար և օրինական պայքարն ավարտվեց միջազգային և ԽՍՀՄ ներպետական օրենսդրության համաձայն 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի Հանրապետության անկախության հռչակմամբ:

Ի ցավ Արցախն արժեք համարողների, 2020 թվականին մասնակի, իսկ 2023 թվականին ամբողջությամբ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետությունը:

Արցախի դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրատապ անհրաժեշտություն է, հակառակ պարագայում հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ, իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրքադրբեջանական ցեղասպանության:

Արցախը չազատագրելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, նման է լինելու մեկ ոտքն անդամահատված մարդու:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ