Օրերս Երևանում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ և միության կենտրոնական վարչության աջակցությամբ տեղի ունեցավ արցախյան ֆոտոբլոգեր Դավիթ Ղահրամանյանի «Արցախ. Անավարտ պատերազմ» ֆոտոգրքի շնորհանդեսը։
Գիրք-ալբոմում ներկայացված են 44-օրյա պատերազմի, պատերազմից հետո և արցախյան բլոկադայի ամիսների ընթացքում արված մինչև 120 լուսանկար։ Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով և արդեն տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։
Step1.am-ի հետ զրույցում Դավիթ Ղահրամանյանն ասաց, որ սկզբում գիրքը բաղկացած էր երկու մասից՝ պատերազմ և պատերազմից հետո։ Բայց հետո որոշվեց ներառել նաեւ շրջափակման թեման։
«Արցախի շրջափակման պատճառով չկարողացա ներկա գտնվել երևանյան շնորհանդեսին, այդպես էլ չշոշափեցի ալբոմը, չթերթեցի։ Բայց ինձ հնարավորություն տրվեց հեռակա կարգով մասնակցել էջադրմանը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հնարավորություն են տվել աշխարհին փոխանցել իրական Արցախն ու նրա բնակիչների պատմությունը։ Ես շարունակում եմ ապրել և աշխատել Արցախում և անկեղծորեն հուսով եմ, որ Արցախին սատարող մարդկանց շնորհիվ կկարողանամ աշխարհին մատուցել ավելի իրական պատմություններ մեր Հայրենիքի մասին»։
Ներկայացնում ենք մի քանի լուսանկար գրքից.