Հայաստանի ղեկավարներից հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս

  • 09:47 03.04.2026

Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2026թ. ապրիլի 1-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է. «Այո՛, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Բայց մենք դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակային խոսել է այդ մասին»:

Հարկ է նշել, սակայն, որ 2026թ. մարտի 19-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էլ, Նիկոլ Փաշինյանը, ի մասնավորի, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում և Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել ա Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել ա»:

Հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ երկու՝ միմյանց հետ տրամաբանական կապի մեջ չգտնվող հայտարարություններից ո՞րն է ճիշտը: Պատասխանն ավելի քան միարժեք է. ոչ մեկը:

Անհերքելի փաստերը վկայում են, որ, անկախ Արցախի Հանրապետության նկատմամբ թե՛ Ռուսաստանի և թե՛ որևէ այլ երկրի դիրքորոշումից, Նիկոլ Փաշինյանն Արցախը միշտ համարել է ադրբեջանապատկան:

Ըստ որում, նախքան իշխանությունը ստանձնելը նա չի թաքցրել իր տեսակետը: Այդ մասին վկայում են առնվազն 1999 և 2001 թվականներին նրա՝ փաստագրված, հրապարակային հայտարարությունները:

Այսպես, 1999թ. ապրիլի 16-ին «Օրագիր» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:

Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2001թ. մայիսի 22-ին նույն թերթում հրապարակած հոդվածում Լեռնային Արցախի ազատագրված տարածքները համարել է ադրբեջանապատկան. «…ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:… Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին:… մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները…»:

Սակայն, իշխանության հասնելու նպատակով նա առերևույթ հանդես է եկել հակառակ դիրքորոշմամբ՝ այդպիսով մոլորեցնելով ու խաբելով հանրությանը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիայի և արցախահայության ցեղասպանության հարցում Ռուսաստանն ունի մեղքի իր չափաբաժինը, այս մասին բազմիցս և՛ խոսել և՛ գրել եմ հրապարակային:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը, կրկին հրապարակային, այս անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինիս աչքերի մեջ նայելով, 2026թ. ապրիլի 1-ին հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, ինչն, առանց առարկության, ընդունեց վերջինս:

Պուտին-Փաշինյան վերոնշյալ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հրապարակային ապացուցվեց, որ Հայաստանի ղեկավարներից հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախի Հանրապետությունը ճանաչել օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

https://www.youtube.com/watch?v=tSLj09dfPwc

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ