Քննարկում․ աշխատունակ արցախցիների միայն 30%-ն է աշխատում

  • 16:11 27.04.2026

Արցախից բռնի տեղահանվածների համար զբաղվածության երկու պետական ծրագրեր են գործում։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման եւ աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը։

«Առաջինը 2023 թվականից ԼՂ-ից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրն է։ Ծրագրին կարող են դիմել կառավարության որոշման պահանջներին համապատասխանող անձինք։ Ծրագիիրը եռաբաղադրիչ է՝ առաջինը մասնագիտական ուսուցումն է, երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային փորձի ձեռքբերմանը, իսկ երրորդ բաղադրիչը համադրում է այս երկու ուղղությունները՝ նախ ուսուցում, ապա աշխատանքային  փորձ եւ աշխատանքի տեղավորում։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից եւ գործում է մինչ այսօր։ Մինչեւ 2026 թվականի ապրիլի 23-ը շահառուների թիվը կազմել է 2901»,- ասաց նա։

Նվարդ Սարգսյանի խոսքով՝ երկրորդ ծրագիրը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինքնազվաղվածության խթանման ծրագիրն է։ Այս ծրագրի մեկնարկը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, 153 անձ արդեն բավարարել են որոշման պահանջներին ու դարձել ծրագրի շահառու։ «Այս ծրագրի նպատակը ոչ միայն աջակցություն տրամադրելն է, այլեւ ձեւավորել կայուն եկամուտ, ստեղծել կարողություն՝ հնարավորություն տալով շահառուներին ստեղծել սեփական բիզնեսը եւ զարգացնել այն։ Ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է դրամաշնորհ՝ գործարար ծրագրով նախատեսված ծախսերի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Իսկ գործարար ծրագրի շարունակական լինելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմի առնվազն 3 մլն դրամ, ապա շահառուին տրամադրվում է հիմնական ծախսերի փոխհատուցում մինչեւ 1 մլն-ի չափով»,- հավելեց նա։ Այս ծրագրի շահառու դառնալու համար արցախցին պետք է բնակապահովման ծրագրի շահառու լինի եւ հավաստագրով արդեն բնակարան ձեռք բերած լինի։

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ ասաց, որ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 հազար էր, իսկ ընդհանրապես աշխատունակ բնաչության թիվը 105 հազար էր, այսինքն՝ դրա մեջ մտնում էր 16-63 տարեկան բնակչությունը։ «Սա բավականին մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ ընդամենը 25 հազար զբաղված արցախցի ունենք այսօր Հայաստանում։ Այսինքն՝ Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության մոտավորապես 30 տոկոսն է այսօր ներառված աշխատաշուկայում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք՝ Արցախում բնակչության մոտ 60 տոկոսը գյուղական բնակչությունն էր եւ ինքն ուներ իր սեփական հողը, զբաղմունքը, իր այգին ու անասունները։ Իսկ Հայաստանում տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի։ Եվ սա նույնպես պատճառ է, որ գյուղական բնակչության զգալի մասը, որն ուրիշ զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է։ Եվ հնարավոր է՝ այս գյուղական բնակչությունն այսօր դարձել է քաղաքային բնակչություն՝ քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով եւ զբաղվածության լրացուցիչ խնդիրներով»,- ասաց նա։

Հայկ Խանումյանը բարձրացրեց նաեւ պահեստազորում գտնվող սպաների հարցը, ասաց, որ նրանց հետո լրացուցիչ աշխատանք չի կատարվում, որպեսզի նրանք հարմարվեն աշխատաշուկային։