
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի այդ երկրները (համանախագահները՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա -խմբ․) թույլ չտան, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի։ Դրա մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա դա կապել է այն բանի հետ, որ չլուծված հակամարտությունը տարբեր ժամանակահատվածներում համապատասխանել է այդ երկրների շահերին։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է արդեն լուծված ղարաբաղյան հակամարտության ճանաչումը կանխելու համար։ 1989 թվականին հակամարտությունը անթերի լուծվեց՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատման և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման վերաբերյալ որոշման, այնուհետև՝ հանրաքվեի միջոցով։
Խորհրդային Միությունը այս որոշմանը արձագանքեց Սումգայիթով և «Օղակ» գործողությամբ, սակայն 1991 թվականին ԽՍՀՄ-ն ինքն էլ փլուզվեց։ Հետագայում Արցախը պաշտպանեց իր ինքնորոշման իրավունքը դաժան պատերազմում։ Արևմտյան հանրությունը, որը 1988 թվականին աջակցեց Արցախյան շարժմանը որպես ԽՍՀՄ-ում առաջին ժողովրդավարական շարժման, ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ ուժ չգտավ ճանաչելու հիմնարար ժողովրդավարական իրավունքի՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը և Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման օրինականությունը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է այս իրավունքի իրականացումը մոռացության տալու համար, թեկուզ ճանաչումը կարող էր ամրապնդել արևմտյան աշխարհակարգը։
Հիմա՝ 2020-2023 թվականների Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո արևմտյան աշխարհակարգը փլուզման եզրին է. Ուկրաինան կորցնում է Ռուսաստանի կողմից օկուպացված իր տարածքների մի մասը, Լիբանանը և Պաղեստինը կկլանվում են Իսրայելի կողմից, իսկ եվրոպական երկրներն ինտենսիվորեն պատրաստվում են խոշոր պատերազմի, որը կփոխի Եվրոպայի ներկայիս սահմանները։