
Արցախից բռնի տեղահանությունից հետո հազարավոր մարդիկ հայտնվել են սոցիալական և հոգեբանական ծանր իրավիճակում։ Առավել խոցելի խմբերից են հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես միայնակ ապրող տարեցները, ծանր առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները և այն մարդիկ, ովքեր շրջափակման, պատերազմի և հարկադիր տեղահանության հետևանքով կորցրել են իրենց նախկին կենսապայմանները, սոցիալական կապերն ու աջակցության ցանցերը։
Այսօր նրանցից շատերը բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ հաճախ բախվելով առողջապահական, սոցիալական և վարչական բազմաթիվ խնդիրների։ Դրանցից մեկը ֆունկցիոնալության գնահատման գործընթացն է, որը կարևոր նշանակություն ունի պետական աջակցության ծրագրերից օգտվելու, սոցիալական երաշխիքներ ստանալու և անհատական կարիքներին համապատասխան ծառայություններ ստանալու համար։
Հենց այս ուղղությամբ է իր աջակցությունն իրականացնում «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը երկար տարիներ աշխատում է տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ։
«Քանի որ մեր կազմակերպության հիմնական թիրախը տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք են, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նրանց բազմաբնույթ խնդիրներին, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման գործընթացին։ Մենք համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և անհրաժեշտության դեպքում կարող ենք միջնորդել, որպեսզի շահառուներն այդ գործընթացն անցնեն տնային պայմաններում։ Մենք նաև աջակցում ենք փաստաթղթային հարցերում։
Բացի այդ, պատրաստել ենք համապատասխան մասնագիտական խմբեր, որոնք Հայաստանի մարզերում իրականացնում են իրազեկման աշխատանքներ ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հստակ պատկերացնեն իրենց անելիքները և ավելի հեշտությամբ անցնեն այդ գործընթացը։ Եթե աջակցության կարիք կա, մեր հայրենակիցները կարող են զանգահարել կազմակերպության հեռախոսահամարներով, որոնք հասանելի են մեր բոլոր թվային հարթակներում
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը կոչ է անում աջակցության կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին չմնալ միայնակ իրենց խնդիրների հետ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել կազմակերպության հետ՝ ստանալու մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն։ Հատկապես Արցախի մեր հայրենակիցների համար, որոնք անցել են պատերազմի, շրջափակման և բռնի տեղահանության դժվար ճանապարհով, նման աջակցությունը հաճախ դառնում է սոցիալական վերականգնման կարևոր հենարան», —Step1.am-ի հետ զրույցում նշել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը:
Արցախից տեղահանված բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են հաղթահարել շրջափակման և տեղահանության թողած ծանր հետևանքները։ Շատերը ամիսներ շարունակ զրկված են եղել անհրաժեշտ բուժօգնությունից, դեղորայքից, վերականգնողական ծառայություններից և սոցիալական աջակցությունից։ Այս իրավիճակն առավել ծանր է միայնակ ապրող տարեցների, անկողնային հիվանդների և ծանր ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնց համար նույնիսկ պետական կառույցներ այցելելը կարող է լուրջ դժվարություն ներկայացնել։
Այդ պատճառով տնային պայմաններում ֆունկցիոնալության գնահատման հնարավորությունը կարևոր աջակցություն է բազմաթիվ ընտանիքների համար։ Այն թույլ է տալիս խուսափել լրացուցիչ ֆինանսական և ֆիզիկական բարդություններից՝ ապահովելով մարդկանց իրավունքը ստանալու անհրաժեշտ գնահատում և հետագայում օգտվելու համապատասխան սոցիալական ծառայություններից ու պետական ծրագրերից։
«Առաքելություն Հայաստան»-ի կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները ևս կարևոր նշանակություն ունեն, քանի որ շատ տեղահանված քաղաքացիներ բավարար տեղեկացված չեն գործող ընթացակարգերի, իրենց իրավունքների և հասանելի ծառայությունների մասին։Այս նախաձեռնությունները հատկապես կարևոր են այն պայմաններում, երբ Արցախից տեղահանված բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են ապրել սոցիալական խոցելիության պայմաններում և ունեն համակողմանի աջակցության կարիք:
Արսեն Աղաջանյան