Արթուր Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ Գալյան

  • 12:41 10.06.2026

«Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին»,- այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը, Օսիպյանին նաեւ առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով՝ առկա են եւ իր կարծիքով՝ հանցավոր են։ Եվ այդ կապը քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի։

Նրան տրամադրվում է իրեն հասանելիք զբոսանքը, տեսակցություններ կանն հարզատների հետ։ Եվ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա չի կարող լինել»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով ահազնագերին, որ Արթուր Օսիպյանը ՔԿՀ-ում պահվում է զրո հարկում՝ անմխիթար պայմաններով խցում։

Լրագրողները հարցրեցին՝ Արթուր Օսիպյանի նկատմամբ ինչո՞ւ է այս խափանման միջոցն ընտրվել, եւ նրա առողջական վիճակով պայմանավորված՝ խափանման միջոցը կարո՞ղ է փոխվել։ Ի պատասխան Սրբուհի Գալյանն ասաց․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ է կոնկրետ խափանման միջոցն ընտրվել, իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրականում խնդիր են, կստանան լուծումներ»։