Լիաննա Պետրոսյան․ արցախցիները չկարողացան մասնակցել ընտրություններին

  • 13:21 14.06.2026
Ընտրական գործընթացներում` հատկապես դրանց վերջին օրերին, բազմաթիվ հարցեր առաջացան, և ավելի շատ հարցեր ծագեցին մեր՝ ՀՀ քաղաքացի լինելու կամ չլինելու հետ կապված:
Ո՞վ կարող է բացատրել այս պարադոքսը՝
Որոշ անձինք, 2020-2023 թվականներին (կամ դրանից առաջ) ունենալով 070 կոդով անձնագիր, հաշվառվել են Հայաստանում, համակարգն իրենց ավտոմատ ներառել է ՀՀ քաղաքացիների ռեգիստրում՝ ճանաչելով որպես ՀՀ քաղաքացի, որի հիմքով էլ որոշ մարդիկ ձեռք են բերել ընտրելու և ընտրվելու իրավունք:
Եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ Կառավարության ընդունած «անհասկանալի» որոշումով, որն, ի դեպ, ստորադաս է ՀՀ Սահմանադրությանը և ԱԺ կողմից ընդունված օրենքներին, ճանաչվել են «ոչ քաղաքացի», ապա ինչո՞ւ նույն կարգավիճակը չեն ստացել բոլորը, այդ թվում՝ նախորդող տարիներին հաշվառման հիմքով «քաղաքացի ճանաչվածները», քանի որ ՀՀ քաղաքացիություն շնորհում կամ քաղաքացիությունից զրկում է միայն ՀՀ Նախագահը` անձի դիմումի համաձայն:
Եթե գրանցման (հաշվառման) հիմքով ստացվում է «ավտոմատ դառնալ» ՀՀ քաղաքացի, ապա ինչո՞ւ մեր այն հայրենակիցները, ովքեր բռնի տեղահանվեցին 2023թ. և հաշվառվեցին ՀՀ-ում, իրենք էլ չդարձան քաղաքացի, այլ՝ ստիպված են ընկնել ահռելի քաշքշուկների և մեծ ֆինանսական ծախսերի մեջ (ծննդականների և այլ վկայականների վերականգնում):
Ինչո՞ւ ոչ «070» կոդով՝ ժամկետի մեջ (մինչև նույն «չարաբաստիկ» որոշումն ստացած) անձնագիր ունեցող արցախցիները քաղաքացի չեն այնպես, ինչպես մինչ այդ հաշվառվածները և պարտադրված պիտի փոխանակեն դրանք «070»-ով, «ճանաչվեն փախստական, հետո դիմեն քաղաքացիության համար»։
Եվ վերջապես, արդյոք կա՞ որևիցե դատարանի հստակ վճիռ, որն ասում է, որ մենք՝ արցախցիներս, քաղաքացի չենք, ինչ – որ նման վճիռ այս ընթացքում կայացվե՞լ է:
Մեկ վճիռը մյուսով բեկանել, հայցադիմումներ հետ վերադարձնել, չընդունել, մեկնաբանել ամենատարբեր հոդվածներով, այո’, կան, բայց, որ հստակ արձանագրվի, որ մենք ՀՀ քաղաքացի չենք, կա՞ն նման վճիռներ:
Վճիռներ, որոնց միջոցով մեր կարգավիճակ ունեցող անձինք ընդգրկվել կամ պետք է ընդգրկվեին ԱԺ ընտրողների ցուցակներում, եղել են, որոնց մի մասը, ճիշտ է, հետո բեկանվել է այլ ատյանի դատարանների միջոցով՝ այլ հիմքերով:
Բայց, արդյոք, դրանցում նշվե՞լ է, որ մենք ՀՀ քաղաքացի չենք՝ այս կամ այն օրենքների համաձայն:
Հ. Գ.
Բոլորը հաշվում և վերահաշվում են, գցում, բռնում և ըմբռնում են, բայց մեր հարցերն այդպես էլ բաց ու անպատասխան են մնում։
Ի վերջո, մենք է՞լ էինք ՀՀ քաղաքացի, և մենք է՞լ կարող էինք մասնակցել ընտրություններին:
Թե՞ միգուցե, բոլորին էլ այս դասավորվածությունը ձեռնտու է՝ լինի իշխանություն, թե՝ ընդդիմություն:
Ծայրաստիճան հակադարձ, բևեռացված քաղաքական դաշտ և դրանից ենթադրվող ակտիվ հանրային-հասարակական միջավայր, բայց այդ բևեռացման դեմ, հավատացեք, հանրային, հասարակական և, ինչու չէ, քաղաքական պայքար լինելու է: