2970 արցախցի ընտանիք արդեն իրացրել է բնակարանային հավաստագրերը

  • 11:57 16.06.2026

2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ բնակապահովման աջակցության պետական ծրագրի շրջանակներում հավաստագիր է ստացել 6444 արցախցի ընտանիք, որոնցում ներառված է 26 432 մարդ։ Այս թվերն այսօր ԱԺ նիստում հնչեցրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այս ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13,4 հազար մարդ արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը։ Կառավարության աջակցության շրջանակներում մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ 2025 թվականին առաջնային են համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաեւ սեփական աշխատանքով արժանապատիվ կյանք ստեղծելուն նպաստող ծրագրերի իրականացումը։

«Մասնավորապես, շարունակվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հետեւել ենք ծրագրի իրականացման ընթացքին, ընդունել ենք որոշումներ՝ ի հայտ եկած խնդիրներին արաձագանքելու եւ գործընթացի արագացմանն ուղղված փոփոխություններ իրականացնելու նապատակով։ 2025 թվականի հուլիսի 1-ից սերտիֆիկատների ստացման հնարավորությունը բացվեց ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար՝ անկախ ընտանիքի կազմից։ 2025 թվականին ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակներում զգալիորեն ընդլայնվեց նաեւ այն ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը սկզբնական սահմանված 3 մլն դրամից բարձրացավ եւ սահմանվեց 4 մլն դրամ։ Մինչ այդ, 452 բնակավայրերում էր այդ չափը նախատեսված, փոփոփոխություններից հետո այն սահմանվեց 611 բնակավայրերի համար։

Այս ուղղությամբ լավարկումները շարունակվել են նաեւ 2026 թվականի մարտին, եւ Երեւանին սահմանակից մարզեր բնակավայրերում նույնպես մեկ անձի համար նախատեսված հավաստագրի հատկացման չափը 3 մլն դրամի փոխարեն սահմանվել է 4 մլն դրամ։ Ընդ որում, բարելավումը տարածվեց նաեւ նախկինում հավաստագիրը ստացած շահառուների համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ավելի քան 31 300 տեղահանված հայրենակիցներ ունեն մշտական աշխատանք կամ ինքնազբաղվածություն։ «Ընդհանուր առմամբ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության նպատակով 2025 թվականի պետական բյուջեից փաստացի ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2023 թվականից ի վեր՝ շուրջ 146 մլրդ դրամ։ Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական եւ հանրակրթական ծառայությունների, ինչպես նաեւ կենսաթոշակների հատկացման գծով առանձին ծախսային հաշվառում չենք իրականացնում»,- հավելեց փոխվարչապետը։